Հայ բոլշևիկյան մամուլը 1918-1920 թթ՝ «Խօսք», «Ալիքը», «Բանբեր», «Լոռու գյուղացու ձայն», «Սպարտակ»

980

1918-1920 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության շրջանում, հրատարակվել է հայ բոլշևիկների 5 անուն պարբերական, որոնք կարճ կյանք են ունեցել:

1918թ. սեպտեմբերից հրատարակվել է «Խօսք» թերթը, որի խմբագիրը Արշավիր Մելիքյանն էր: Լույս է տեսել 22 համար և փակվել է 1919թ. մարտին՝ նյութական միջոցների բացակայության պատճառով:

Հայ բոլշևիկները Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի, 1920թ. հունվարին հրատարակեցին «Ալիքը» շաբաթաթերթը, որը ունեցավ միայն մեկ համար և փակվեց որպես «հակակառավարական, հակադաշնակցական ուղղության թերթ»:

Նույն ճակատագրին արժանացան բոլշևիկյան «Բանբեր», խմբագիր՝ Ս. Խանոյան, և «Լոռու գյուղացու ձայն» երկշաբաթաթերթը՝ 1920թ. հունվար-ապրիլ, ընդամենը 5 համար: Թերթի խմբագիրը Ս. Երզնկյանն էր:

1919թ. ապրիլին ստեղծվեց երիտասարդ ընկերվար-միջազգայնականների «Սպարտակ» միությունը, որն իրականում բոլշևիկյան կազմակերպություն էր: Այն հրատարակում էր «Սպարտակ» թերթը, որի խմբագրակազմի անդամներ էին Ղ. Ղուկասյանը, Ա. Խանջյանը և Վ. Խերանյանը (Ծովյան): Հրատարակվում է միայն մեկ համար՝ նվիրված Մայիսմեկյան տոնակատարությանը, որից հետո այն փակվում է իր հակապետական քարոզչության համար:

Աղբյուրը՝ Գուրգէն Վարդանեան, «Մշակոյթը Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում» (1918-1920), Անթիլիաս, 1919, էջ 193-204