Մրենը. «Անիում»

1030

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Նիկոլայ Միխայլովիչ Տոկարսկին աշխատեց Անիի 15-րդ գիտարշավում ճարտարապետի պարտականությամբ (1916 թ.):

Նա 1915 թ. ամառը աշխատում էր Անդրկովկասի ռազմաճակատի կարմիր խաչի առաջապահ ջոկատում: Ջոկատը կանգնած էր Ճորոխի ավազանում, Իշխան գյուղի մոտ: Այդ գյուղը ծննդավայրն է հռչակավոր կաթողիկոս Ներսես Շինողի, որը Վաղարշապատի մոտ վեր խոյացրեց հայ պատմական արվեստի խոշորագույն կոթողներից մեկը՝ Զվարթնոցը:

Եվ ահա երիտասարդ ուսանողը, Ճորոխի ավազանում, առաջին անգամ լինելով, տեսավ հայ ճարտարապետական արվեստի գեղեցիկ գործերից մեկը՝ Իշխանի տաճարը՝ կառուցված Ներսես Շինողի կողմից 7-րդ դարում (հիմնովին վերանորոգված է 10-րդ դարում):

Տոկարսկին կանգնած էր ծանրանիստ կոթողի հաղթ կամարների տակ, որոնք իրենց կառուցվածքների մեջ կրում էին տաղանդավոր հայ ճարտարապետի ստեղծագործ կնիքը:

Տոկարսկին, օգտվելով ռազմաճակատի ժամանակավոր դադարից, առանց ժամանակ կորցնելու, սկսում է ուսումնասիրել, գծագրել ու չափագրել այն:

Իշխանի տաճարը եղավ այն կուռ շաղկապը, որը անխախտելի կերպով պրկեց երիտասարդ ճարտարապետացուին պատմական հայ ճարտարապետության հետ:

1915 թ. վերջերին Տոկարսկին վերադառնալով Ս. Պետերբուրգ, ծանոթների խորհուրդներով ներկայացավ պրոֆ. Ն. Յա. Մառի և նրա սեղանին դրեց Իշխանի չափագրությունները:

Պրոֆեսորը մեծ գոհունակությամբ ծանոթացավ խանդավառ ուսանողի խնամքով կատարած չափագրություններին: Նա անդրանիկ դուռը բացեց Տոկարսկու առջև, հրավիրելով նրան Անիի 15-րդ գիտարշավին աշխատելու որպես ճարտարապետ: Եվ ահա 1916 թվականին տեսնում ենք նրան Ավերակների քաղաքում, արվեստագետին վայել անկեղծ ու շիտակ բնավորությամբ և ջերմ ավյունով:

Որոշվեց հեռավոր շրջագայություն կատարել դեպի Երերուք, Մրեն, Բագարան: Երթուղին բավական երկար էր:

– Պետք է ձիեր վարձել,- ասաց Տոկարսկին:

Չուբինովը մերժեց՝ առարկելով, որ ինքը ձի նստել չի կարող:

– Այդ դեպքում սայլ վարձենք:

– Ես սայլ նստել էլ անկարող եմ,- դարձյալ առարկեց մեր տարօրինակ ղեկավարը: Նրա առարկությւնները կարծում եմ ժլատ բնավորության հետևանք էին:

Չնայած փոխադրական միջոցների վրա ծախսվելիք գումարը արշավախմբի հաշվին էր լինելու, բայց Չուբինովի տարօրինակ բնավորությունը այդպես էր թելադրում, որի մասին հետագայում էլ առիթ պիտի ունենանք խոսելու:

Եվ մենք Անիի սուրհանդակի ուղեկցութեամբ ճամփա ելանք Անի կայարանի վրայով Երերուք, ուր մնացինք մոտ մի ժամ և այնտեղից վերադառնալով կայարան՝ գնացքով մեկնեցինք Ալագյազ:

Արդեն երեկոյի մոտ էր:

Ստիպված էինք գիշերել կայարանի սենյակներից մեկում, որը մեզ տրամադրեց Ալագյազի կայարանապետը:

– Արտաշես, ասացեք Եսաիյին, որ իրեն համար գիշերելու տեց գտնի:

Գ. Չուբինովը չէր ցանկանում միևնույն սենյակում գիշերել մի ինչ-որ սուրհանդակի հետ՝ պատճառաբանելով նրա քրտնած ոտքերի «բուրմունքը», առանց նկատի ունենալու, որ մենք բոլորս էլ նույն դրության մեջ էինք:

Ալագյազ կայարանում գիշերել՝ նշանակում է աթոռների վրա նստած լուսացնել:

Գ. Չուբինովի կարգադրությունը տգեղ էր, ես անհարմար էի զգում ասել այդ սուրհանդակին: Մի կերպ հայտնեցի: Եսային մնաց անելանելի դրության մեջ. կայարանում մնալու ուրիշ ոչ մի տեղ չկար: Սուրհանդակը մի փոքր մտածելուց հետո, ելքը գտավ:

– Այստեղից մոտ երեք կիլոմետրի վրա, Ախուրյան գետի ափին, գտնվում է Բոշի գյուղը: Մեր գնալիք ճանապարհը դեպի Մրեն այդ գյուղի վրայով է: Ես կերթամ Բոշի գյուղ և այնտեղ կգիշերեմ: Առավոտյան կանուխ դուք կգաք և կշարունակեք մեր ճամփան,- ասաց սուրհանդակը, վերցրեց իր հրացանը և անհետացավ կիսախավարի մեջ:

Արեգակն արդեն մայր էր մտել: Ես ուրախությամբ կմիանայի սուրհանդակին և կերթայի Բոշի գյուղ գիշերելու, եթե հետևյալ առավոտ Չուբինովին և Տոկարսկուն ուղեկցելու հոգսը ինձ վրա չլիներ:

Չարչաչանքի գիշեր…

Կայարանի աթոռների փայտոջիլները հանգիստ չէին տալիս մեզ… Սակայն հավատացած եմ, որ Անիի սուրհանդակը հայ բոշանների գյուղում փափուկ անկողնում հանգիստ քուն էր վայելում:

Լուսադեմին հոգնած ու ջարդված հրաժեշտ տվինք կայարանի անհրապույր սենյակին և բռնելով սուրհանդակի ցույց տված ուղին՝ ճամփա ընկանք:

Մեր եռյակը շուտով հասավ Բոշի գյուղ, ուր գտանք Անիի սուրհանդակին կազմ ու պատրաստ մեզ առաջնորդելու դեպի Մրեն ու Բագարան:

Ժամանակը սուղ էր. քայլել մինչև Մրեն ու Բագարան և ապա վերադառնալ նույն օրը Անի, այդ նշանակում է պետք է ևս քայլել 30-35 կիլոմետր:

Մի կողմ թողնելով սննդի հոգսը, շարունակեցինք մեր ճանապարհը: Բոշի գյուղի մոտ անցանք Ախուրյան գետի աջ ափը և տաղտկալի ու խոպան դաշտերի միջով շարժվեցինք առաջ: Դաշտերը պատած էին գույնզգույն անթառամ ծաղիկներով:

Վերջապես հասանք Մրեն և մեր առաջ կանգնեց Մրենի 7-րդ դարի հսկա գմբեթակիր, երեք նավանի բազիլիկ եկեղեցին: Այնտեղ կային նաև ուրիշ հուշարձանների մնացորդներ, որոնց մեջ այցելուից իր ուշադրությունն էր խլում Սահմադինի ապարանքի գեղեցիկ մուտքը, որի ճակատին դրոշմված է կառուցման արձանագրությունը (հայատառ):

Մեր այս շրջագայությունը անփույթ ու անկազմակերպ էր:

Մրենի բոլոր հուշարձանները մեկ ժամ դիտելուց հետո, մենք դարձյալ անոթի, առանց հանդիպելու Բագարան, շտապեցինք վերադառնալ և շուտով հասնել գնացքին: Այդպես էլ արինք: Ժամանակին հասանք Ալագյազ կայարան և գնացքով մեկնեցինք մինչև Անի կայարան, ուր մեզ վիճակվեց չորս հոգով մի մեծ ձմերուկ ուտել միայն, և այնտեղից դարձյալ գնացինք Կարմիր վանք՝ Սմբատի կառուցած եկեղեցին տեսնելու:  Այստեղ էլ գիշերեցինք և հետևյալ առավոտ ճամփա ընկանք դեպի Անի: Սրանով ավարտվեց մեր շրջագայությունը:

Ամեն տարի, երբ պրոֆ. Մառը իր աշխատանքները ավարտելով մեկնում էր Անիից, հնադարանի և քարեդարանի բանալիները հանձնում էր հայր Միքայելին, իսկ երբ հայր Միքայելն էլ որևէ գործով ստիպված էր լինում բացակայելու, բանալիները թողնում էր Անիի սուրհանդակի մոտ: Մի խոսքով թանգարանների բանալիները միշտ գտնվում էին Անիում, որպեսզի Անի այցելողները հնարավորություն ունենան թանգարանները տեսնելու: Սակայն այս մեր շրջագայության ժամանակ, որ տևեց երեք օր, Գ. Չուբինովը թանգարանի բանալիները վերցրել էր իր հետ, որով տեղի տվեց դժգոհությունների:

Մեր բացակայության ժամանակ Թիֆլիսից Անի էին եկել մի խումբ մարդիկ: Նրանք գտան թանգարանների դռները փակ և վրդովված ու դժգոհ վերադառնալով, պարբերական մամուլի միջոցով աղմկեցին այդ առթիվ:

Մրենից վերադառնալիս Անիի կայարանապետը հանձնեց ինձ մի երկտող. գրում է հայրս.

«Արտաշես, ես շունչս առա Թիֆլիս – հասիր: Հայրդ»:

Ինձ համար անակնկալ էր այդ երկտողը ու մասամբ անհասկանալի: Նշանակում է հայրս Վանից վերադարձել է և առանց Անի մտնելու, անցել, գնացել է Թիֆլիս: Իսկ ինչո՞ւ… Ի՞նչն էր պատճառը այդպես հապճեպ մեկնելուն:

Ահա հարցրեր, որոնք շարվեցին իմ առջև…

Հետագայում ամեն ինչ պարզվեց:

Դեռ 1915 թվականին Վանի, Շատախի ու մի շարք շրջակա գյուղերի հայ ազգաբնակչությունը ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի կողմից վերը հիշած վայրերի շուտափույթ գրավման հետևանքով ազատվել էր թուրքական վայրագ կառավարության կողմից անխուսափելի բնաջնջումից: Սակայն երկու ամիս չանցած սկսվել էր նահանջը:

Ռուսական զորքերի այդ հապճեպ նահանջը տևեց շատ կարճ: Շուտով նրանք վերագրավեցին իրենց թողած տերիտորիան:

Եվ ահա հայկական լեռնաշխարհը, որն ամբողջապես բռնկված էր զարհուրելի հրդեհով, ուր խոշտանգվում, տարագրվում ու հոշոտվում էր տարաբախտ հայը թուրքական յաթաղանի անողոք հարվածների տակ, և ահա այդ մղձավանջային անապատում Մեծ Եղեռնի ժամանակ-մի ափ հող՝ Վան, Ալաշկերտ, Շատախ և այլ վայրեր, որոնք ազատագրված էին անագորույն թշնամու արյունոտ ձեռքերից, և հանկարծ 1916 թվականի օգոստոս ամսին արևմտյան Հայաստանի ազատագրված այդ վայրերի գլխին, սկսած սեգ Սիփանա գագաթից, Շատախի լեռներից և մթին անտառներից,Վանից մինչև Ալաշկերտի արգավանդ հովիտները,ահեղադղորդ բամբյուններով պայթեց մի նոր աղետ դեռ նոր ազատագրված հայ ժողովրդի գլխին, այս անգամ ավելի սոսկալի, ավելի աղետաբեր: Դարձյալ անակնկալ նահանջ ցարական բանակի կողմից: 

Ահա, 1916 թվականի այս անպատմելի խուճապային հոսանքն իր մեջ առավ նմանապես Արամ Վրույրի և Հ. Օրբելուն, որոնք մազապուրծ փախուստով կառքով սլացան դեպի Ռուսաստանի սահմանները:

Այդ հապճեպ գնացքի ժամանակ ճանապարհին մի տեղ կառքը շուռ եկավ և քաղաքացիական փոխ-գնդապետը իր ամբողջ մարմնով ընկավ հեգ «սպասյակի»- (դենշչիկ) վրա: Օրբելու դրությունը ավելի մխիթարական էր. նա ընկած էր իր տակն առնելով Արամ Վրույրին, որը կիսաուշաթափ վայր էր ընկած ճանապարհի եզրին:

Փոխ-գնդապետը առանց վարանելու սկսեց կոնյակ լցնել հեգ «սպասյակի» կոկորդն ի վար: Չնայած այդ անմահական հեղուկը դուրեկան ու կազդուրիչ էր, բայց Վրույրի կողերի ցավերը չէր մեղմացնում:

Մի փոքր սթափվելուց ու կառքը կարգի բերելուց հետո շարունակում են իրենց արագ փախուստը: Բայց նախապաշարմունքը թելադրում է, որ դեռ երկրորդ ու երրորդ փորձանքներն էլ անխուսափելի են: Եվ, իսկապես, հանդիպում են երկրորդ փորձանքին: Ճանապարհին ռուս պահակազորը կասկածում է, որ Վրույրը գերմանացի լրտես է: Օրբելին կարողանում է կանխել և փարատել պահակազորի կասկածները:

Այդ անպատմելի խուճապը, թշվառությունն ու ոչնչացումը տարագիր հայ ժողովրդի, ուժեղ ցնցել էր Արամ Վրույրի զգայուն սիրտը:

Խեղճ հայ ժողովուրդ, տնավեր ու բնավեր, քայլիր, քանի ոտներիդ մեջ ուժ կա դեպի օտար ու անհայտ հորիզոններ: Ահա այս էր հորիցս ստացած այդ հակիրճ երկտողի ամբողջ բովանդակությունը:

Մի քանի օր անց պրոֆ. Մառը Վանից մենակ վերադարձավ Անի: Ստուգելով այդ տարի Անիում կատարված աշխատանքերը՝ եկավ իմ արվեստանոցը:

– Արտաշես, ի՞նչ աշխատանք եք կատարել մինչև այժմ:

Ես սեղանի վրա դրի 27 հատ 13/ 18 չափի նեգատիվ, որոնց բովանդակությունը զանազան կարասների բեկորների վրա եզերված այծանկարներ և այլ զարդանկարներ էին և 7-8 նեգատիվ էլ 1911 թվականին պեղված 8-րդ դարի եկեղեցուց նկարահանումներ:

Պրոֆեսորը լուսապակիները աչքի անցկացնելուց հետո վրդովված ասաց.

– Ա՞յս է ամբողջ լուսանկարչական աշխատանքը:

– Պարոն պրոֆեսոր, պր. Չուբինովի առաջադրանքը սահմանափակվել է այս կարասի բեկորների և փլված մինարեի մոտ գտնվող եկեղեցիով:

– Չեմ հասկանում, ինչ տեսակ մարդ է դա: Մի՞թե դուք չէիք կարող ինքնուրույն որևէ բան ձեռնարկել: Մի՞թե լուսանկարելու բան չկար: Կարող էիք այրերը լուսանկարել:

Ես լռեցի, անհամար դրության մեջ էի:

Պրոֆեսորը ցուցումներ տվեց իմ հետագա աշխատանքների մասին: Հետո զրուցելով միասին մտանք ճաշասենյակ: Նա բաց արավ պահարանը և այնտեղ տեսավ մի շիշ կոնյակ, որը Վան մեկնելուց առաջ թողել էր պահարանում:

– Մինչև անգամ մի շիշ կոնյակ խմելու շնորհք չեք ունեցել: Նա արտահայտում էր զարմանք ու վրդովմունք:

Այդտեղ ես հազիվ կարողացա ծիծաղս զսպել:

– Ինչ արած, պր. Պրոֆեսոր, պր. Չուբինովը կոնյակի շշի բերանը չբացեց: – Քաշվելով ասացի ես:

– Տարօրինակ մարդ է պր. Չուբինովը, ես ուղղակի զարմանում եմ:

Հետևյալ օրը լծվեցի աշխատանքի: Ծաղկոցաձորի փեշերը քերելով, ընտրում էի կետեր ու լուսավորություններ և լուսանկարում ժայռափորեր: Ինձ ուրախություն էր պատճառում, որ նախ՝ աշխատում էի, իսկ երկրորդ, որ ես աշխատում էի Անիի կատարելագործված գործիքով, որը Վանից ետ էր բերվել Անի:

Այդ տարի Միջնաբերդի մոտակայքում պեղվեց Շուշան Պահլավունու եկեղեցին:

Պեղումների աշխատանքներն արդեն ավարտվել էին: Մի օր, առավոտյան, նախաճաշից հետո, Ն. Մ. Տոկարսկին, վերցնելով իր սևագիր գծվածքները՝ պատրաստվում էր ճաշասենյակից դուրս գալու, պրոֆեսորը հարցրեց.

– Այդ ո՞ւր:

–  Դեպի Ծաղկոցաձոր. հարկավոր է շարունակել չափագրումները: Բացի այդ, փլված մինարեի մոտ 8-րդ դարի եկեղեցու սևագրություններն են միայն արված:

Վան մեկնելուց առաջ պրոֆեսորը հանձնարարել էր Տոկարսկուն չափագրել և չափագրությունները մաքրագրել որոշ այրերի և նմանապես 1911 թվականի պեղված եկեղեցու գծագիրները: Սակայն պրոֆ. Մառի մեկնելուց հետո, նրա տեղակալը սրբագրում է գիտնականի հանձնարարությունները և կարգադրում Տոկարսկուն միայն չափագրել (սևագիր), իսկ մաքրագրել Պետերբուրգում. երևի ժամանակ շահելու համար:

Սակայն պրոֆ. Մառի հանձնարարությունը Տոկարսկուն այնքան փոքր էր, որ նա առանց նեղության կարող էր այդ բոլորը դյուրությամբ ավարտել Անիում:

– Գիտարշավի աշխատանքներն ավարտված են: Այժմ անհրաժեշտ է մեկնել տուն և հանգստանալ, իսկ թերի մնացած գործերը-հաջորդ տարի… Այս խոսքերը ասաց պրոֆեսորը զսպված զայրույթը խեղդելով իր մեջ:

Արդյոք Գ. Չուբինովը զգա՞ց այդ նուրբ կշտամբանքը իր հասցեին-չգիտեմ:

Ես նմանապես մանրամասնորեն լուսանկարեցի Միջնաբերդի ութանկյունանի եկեղեցին կիսականգուն գմբեթով:

Այսպիսով ավարտվեց 1916 թվականի Անիի 15-րդ գիտարշավի աշխատանքները:

Պրոֆեսորը առաջարկեց ինձ հետևյալ տարի ևս (1917 թ.) աշխատել Անիում: Ես տվի իմ համաձայնությունը և, հրաժեշտ տալով գիտարշավի աշխատակիցներին՝ մեկնեցի Թիֆլիս: