Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը կոչ է անում պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ, հաղորդում է Ազատությունը:
Ինսանովն այս մասին հայտարարեց անցած շաբաթավերջին «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Սա նրա առաջին շփումն էր լրագրողների հետ բանտից դուրս գալուց հետո, որտեղ նախկին նախարարը Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով 14 տարի էր անցկացրել:
«Մենք պետք է վերջ տանք ռազմատենչ հռետորաբանությանը: Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունը նման սուր բնույթ է ստացել: Հարկավոր է հաշտության գնալ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր, սակայն, միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին չի վստահում»,- նշում էր Ինսանովը:
1993-ից մինչև 2005 թվականները Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Նոյեմբերյանի շրջանի նախկին Քյորփլու, այսօր՝ Զորական գյուղից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ինսանովը նույնիսկ չէր թաքցնում, որ մինչ օրս հայերենը չի մոռացել:
Ադրբեջանցի գործիչը հերքում է իրեն առավել հաճախ հասցեագրվող այն մեղադրանքը, թե պաշտոնավարման ընթացքում հովանավորել է բացառապես Հայաստանում ծնված ադրբեջանցիներին` ձևավորելով այսպես կոչված «Հայաստանյան կլանը»:
«Ես երբեք չեմ թաքցրել, որ ծնունդով հայաստանցի եմ: Որևէ մեկը չպետք է թաքցնի իր ծագումը: Բայց իմ շուրջ միայն հայաստանցիներ չէ, որ հավաքվել էին: Կային բաքվեցիներ, Լենքորանում ծնվածներ: Ես նպաստել եմ շուրջ 50 գիտնականների մասնագիտական աճին, որոնցից միայն հինգը կամ վեցն էին Հայաստանից: Ինչ վերաբերում է ռեգիոնալիզմին, ապա դա, իմ կարծիքով, ուղղակի հիվանդություն է», – նշում էր Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը ազատության մեջ տրված առաջին հարցազրույցում:












