Հայաստան-Թուրքիա սահմանին հսկա եռագույն է տեղադրվել․ Հայկական ժամանակ

1918

Հայ-թուրքական սահմանում, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկովում վաղ լուսաբացից հայոց եռագույնն է ծածանվում: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Լուսանկարը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքի էջիցԼուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքի էջից

«Մարզպետը դրոշը տեսել էր, մի քիչ դրոշը լավ վիճակի մեջ չէր, ու էսօր առավոտ շուտ որ եկավ, դրոշը բերեց, անակնկալ էր շատ, ահավոր ուրախացա: Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ՀԺ-ին պատմեց Անիավանի վարչական ղեկավարը:

3×9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանում, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց այն: Դրոշը տեղադրվել է եկեղեցու մոտ: Տարածքը հատուկ է ընտրված»,- ասում է Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:Լուսանկարը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքի էջից

«Եկեղեցու մոտ է դրված եւ ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երեւում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ էդ դրոշը կանգնեցրեցինք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արեւմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց: Ես էսօր ընդգծեցի, ցուցադրեցի մոտավոր սահմանը Հայաստանի: Բայց դա գնալու է դեպի առաջ ժամանակի ընթացքում: Ես ուղղակի սա դրեցի, որ իմանաք, որն է սահմանը, դուք պիտի պահեք-պահպանեք: Բայց, երբ փոխվեց իրավիճակը ու հանկարծ գյուղապետարանի դրոշը դառավ սահման, այ դուք պրոբլեմ կունենաք բոլորդ, ես էլ Ձեր հետ միասին: Դա շատ կարեւոր սիմվոլ էր հայկական սահմանի վրա: Իմ ծրագիրն ավելի մեծ էր, ավելի բարձր տեղ կար, ավելի տպավորիչ տեղ էր եւ ավելի մեծ մասշտաբների դրոշ է անհրաժեշտ: Էդ էլ արդեն հնարավորություններից կախված բան է: 5×10-ի վրա դրոշի մասին է խոսքը: Դա արդեն մի քիչ պետական մոտեցում է պետք, որ կարողանամ էդքան բարդ գործողություններ անեմ: Մի բան է ունենալը, մի բան՝ պահել-պահպանելը: էդ դրոշը տարին 3 անգամ պետք է փոխել պարտադիր, որովհետեւ մաշվում է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:

 

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքի էջից

Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում: