Ադրբեջանի կառավարության հետ Ղարաբաղի 7-րդ Հայոց համագումարի ժամանակավոր համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի մասին
22 օգոստոս, 1919թ.
Ուշադրության առնելով, որ Ղարաբաղի լեռնային հատվածի ճակատագրի հարցը լուծվելու է Խաղաղության համաժողովում, բոլոր տեսակի բախումներն էլ կործանարար են Ղարաբաղը բնակեցնող ազգությունների համար և ղարաբաղյան հարցի որևէ լուծման դեպքում էլ հայերն ու մահմեդականները պետք է համատեղ ապրեն`
Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը որոշեց կանգ առնել Ադրբեջանի հանրապետության կառավարության հետ ժամանակավոր համաձայնագրի հետևյալ պայմանների վրա:
- Սույն ժամանակավոր համաձայնագիրը կողմերն ընդունում են մինչև Խաղաղության կոնֆերանսում այս հարցի լուծումը, որի որոշումը միատեսակ պարտադիր է երկու կողմերի համար:
- Ղարաբաղի լեռնային՝ Շուշիի, Ջեւանշիրի և Ջեբրայիլի գավառների (Դիզակ, Վարանդա, Խաչեն և Ջրաբերդ) հատվածը, որը բնակեցված է հայերով, իրեն ժամանակավոր համարում է Ադրբեջանի հանրապետության սահմաններում:
- Շուշիի, Ջևանշիրի և Ջեբրայիլի գավառները մնում են հատուկ վարչական միավոր՝ Ղարաբաղի գեներալ-նահանգապետության մեջ, որի ներքին կառուցվածքն այնպիսին է, որ լեռնային հայկական գոտում նշանակվում է հայերից կազմված վարչակազմ` պահպանելով փոքրամասնության իրավունքները:
- Ղարաբաղի լեռնային մասում (Դիզակ, Խաչեն, Վարանդա և Ջրաբերդ) վարչական պաշտոնյա անձինք նշանակվում են Հայոց խորհրդի անդամների ներկայացմամբ:
- Ղարաբաղի գեներալ-նահանգապետությանը կից հիմնվում է վեց հոգուց բաղկացած խորհուրդ. երեք հայ և երեք մահմեդական:
- Խորհրդի հայ անդամներին ընտրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համագումարը: Համագումարն ունի վերընտրելու իրավունք:
- Ազգամիջյան բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կենսագործվել առանց Խորհրդի նախնական քննարկման:
- Խորհուրդը նախաձեռնության իրավունք ունի գեներալ-նահանգապետության կառուցվածքի և կառավարման հարցերում:
- Խորհուրդն ունի գեներալ-նահանգապետության վարչակազմին վերահսկելու և հետեւելու, բայց ոչ վարչակազմի գործերին միջամտելու իրավունք:
- Հիմնվում է գեներալ-նահանգապետի` քաղաքացիական մասով օգնականի պաշտոն, որը կզբաղեցնի հայ:
- Հայոց համագումարի կողմից ադրբեջանական կառավարությանը ներկայացվում է քաղաքացիական մասով օգնականի պաշտոնի երկու թեկնածու, որոնցից մեկը հաստատվում է նրա կողմից:
- Ղարաբաղի հայերն օգտվում են մշակութային ինքնորոշման իրավունքից:
- Մշակութային ինքնորոշման իրավունքն իրագործվում է Ղարաբաղի հայոց Ազգային խորհրդի կողմից կառավարության լիազորած այն հայերի միջոցով, որոնք ընտրվում են Ղարաբաղի հայերի պարբերաբար հրավիրվող համագումարներում: Համագումարը հրավիրում է Ազգային խորհուրդը:
- Ադրբեջանի հանրապետության կառավարությունը հայոց Ազգային խորհրդի գործունեությունը վերահսկում է լիազորված հայերի միջոցով:
- Զորամասերը տեղակայվում են Խանքենդիում և Շուշիում` խաղաղ ժամանակների կազմով:
- Ղարաբաղի լեռնային հատվածի՝ Շուշիի, Ջևանշիրի և Ջեբրայիլի գավառների շրջանում, որը բնակեցված է հայերով, զորամասերի ամեն մի տեղաշարժ կարող է կատարվել Խորհրդի անդամների երկու երրորդի համաձայնությամբ:
- Քաղաքական համոզմունքների համար ոչ ոք չի կարող հետապնդման ենթարկվել ո՛չ դատական, ո՛չ էլ վարչական կարգով:
- Քաղաքական շարժառիթներով բոլոր հարկադիր մեկնած հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց վայրերը:
- Ղարաբաղում կասեցվում է հայ և մահմեդական բնակչության զինաթափումը մինչև Խաղաղության համաժողովում Ղարաբաղի հարցի լուծումը:
Ծանոթություն: Նկատի առնելով այն, որ զինաթափ է հայտարարված ամբողջ Ադրբեջանում` խոսք կարող է լինել միայն կասեցման մասին:
- Ադրբեջանի կառավարությունը նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղի բնակչությանը մահմեդականների և հայերի քայքայված գյուղերի շուտափույթ վերականգնման գործում:
- Ազգամիջյան հարաբերությունների լավագույն կարգավորման համար Խորհրդի կողմից պարբերաբար հրավիրվում են հայ-մահմեդական ընդհանուր և տեղական համագումարներ:
- Միությունների, խոսքի և մամուլի լրիվ ազատություն. նկատի առնելով ռազմական վիճակը, ժողովների հրավիրումն ամբողջ Ադրբեջանում որոշվում է վարչակազմի կողմից:
- Անհատ և պաշտոնատար անձանց ամեն մի զանցանք հետապնդվում է դատական կարգով, բացառությամբ այն զանցանքների եւ հանցավոր արարքների, որոնք ընդհանուր ընդդատությունից հանվում են Ադրբեջանի պետական պաշտպանության կոմիտեի 1919թ. հունիսի 11-ի պարտադիր որոշմամբ:
- Առ այսօր տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումներին մասնակցելու համար ոչ ոք հետապնդման չի ենթարկվում:
- Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Ղարաբաղի հայոց 7-րդ համագումարի կողմից` ընդունման պահից ի վեր:
- Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մնում ամեն դրության ժամանակ` պաշարման, ռազմական և այլն:











