Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է հրապարակումների շարքը՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալների գործունեությանը Խորհրդային Միության տարիներին: Առանց մեկնաբանությունների՝ կներկայացնենք հրապարակումներ, որոնք տեղ են գտել Մայր Աթոռի ԷՋՄԻԱԾԻՆ պաշտոնական ամսագրում՝ 1944-ից ի վեր:
ԱՆԻ կենտրոն
Ամենայն Հայոց Հայրապետության ազգընտիր տեղակալ Տ. Գեւորգ արքեպիսկոպոսը հայրենական պատերազմի օրերին հայ ժողովրդին ուղղել է հետևյալ կոչերը, որոնցով հայ ժողովրդին հորդորում է համախմբվել Սովետական Հայրենիքի շուրջը և ամուր կրծքով պաշտպանել իր անկախությունը:
Կոչ Հայ Ժողովրդին
«Վասն Սիոնի ոչ լռեցից և վասն Երուսաղեմի ոչ ներեցից»:
«Ինչ էլ գա գլխիս,-ասում է մարգարեն,- ես Սիոնն ու Երուսաղեմը, իմ հայրենի քաղաքն ու տաճարը մոռանալ չեմ կարող»:
Մեր հայրենիքը Մայր Հայաստանն է: Հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Ս. Էջմիածինը, հայ եկեղեցու ծագման ու հաստատության օրրանը և նրա կենտրոնը:
Հանուն հայրենիքի, հանուն մեր հավատի և խղճի ազատության բողոքելով անարդարությունների և օտար բռնակալության դեմ՝ մեր նախնիքը դարեր շարունակ կյանքի և մահվան պայքար են մղել բռնակալության դեմ, որ մարմնի գերության հետ հոգու գերության էր ձգտում:
Հայ ժողովրդի այս դյուցազնական պայքարի և դիմակայության ոգին ցայտուն արտահայտված է Վարդանանց պատերազմի մեջ: Հայ պատմության այդ շրջանում հայ մարդու համբերության բաժակը լցված էր օտար բռնակալների անարդարության երեսից:
Բողոքող ուժգին ձայն էր պետք, հերոսական հոգի էր պետք, պայքարող ուժ էր պետք, արդարության ձայնը հնչեցնող և նրա դրոշակը բարձր պահող էր պետք: Եվ ահա Հայրենիքի սիրով վառված, քրիստոնեական հոգով դաստիրակված, հայ ժողովրդի ազատության համար զոհվելու պատրաստ կանգնած է մեր առաջ քաջ Վարդանը:
Նա կանգնած է որպես հաղթական հերոս, հավատարիմ, անկաշառ և անդավաճան սպասավորը հայ ժողովրդի: Նա մարմնացումն է հինգերորդ դարի ոգու և արտահայտիչ հայ ժողովրդի բնութագրի՝ արդարամտության, անձնվիրության և ազատասիրության:
Այս առթիվ հիշենք և լսենք հայ մեծ պատմագիր ոսկեծղի Եղիշեին.
«Թող մեր արյունը թափվի մարտիրոսների արյան նման, միայն թե մեր հայրենիքն ու եկեղեցին չընկնեն հեթանոսների ձեռքը»:
Մի՞թե կարելի է չոգևորվել, տեսնելով երիտասարդների կարճությունը, որոնք ի սեր արդարության և ճշմարտության գերադասում են հաղթական մահը, քան անարգ կյանքը: Մի՞թե հնարավոր է չհուզվել, տեսնելով կանանց և օրիորդների անձնվիրությունը հանուն հայրենիքի և խղճի ազատության:
Այսպես էին մեր նախնիքը, որոնց պարտական ենք մեր ազգային և կրոնական կյանքը՝ մեր գոյությունը:
Վարդանանց հաղթական ոգին ապրել ու ապրում է տակավին մեր մեջ և այսօր:
Մենք չպիտի մոռանանք հայ ժողովրդի անցյալում կրած տառապանքներն ու զրկանքները, կոտորածներն ու գերեվարությունը: Մենք միշտ պիտի հիշենք, որ անցյալում բազմիցս մեր երկիրը եղել է օտար բռնակալների և վայրագ ու անխիղճ ազգերի մրցության ասպարեզ, որի հետևանքով ավերակների կույտ էր դարձել:
Հայ եկեղեցին օրհնել է հայ ժողովրդի հերոսական դիմակայության ոգին, ներշնչել է ազգային անկախության գաղափարը, մշակել է ազգային ինքնագիտակցության զգացումը և, խաչն ու ավետարանը ձեռքին քաջալերելով հայ զորքը, դեպի հաղթություն է առաջնորդել նրան:
Իմ սիրելի՛ հայ զավակունք:
Մենք այսօր հիշում ենք մեր նախնյաց հերոս և անձնազոհ ոգին, մեր բազմաչարչար ժողովրդի բազմիցս կրած տառապանքներն ու զրկանքները այն պատճառով, որ այսօր դամոկլյան սրի պես վերստին կախված է մեր հայրենիքի, ժողովրդի և եկեղեցու գլխին ստրկացման վտանգը:
Հանդես է եկել մի նոր բիրտ ույժ՝ Ֆաշիզմը, որ հակառակ է ազատության և կուլտուրայի, թշնամի է քրիստոնեական եկեղեցուն, կեղեքիչ՝ ամբողջ մարդկության:
Ֆաշիզմը կրողն է բռնապետության և պատերազմի, ավերողը ժողովրդի ստեղծած նյութական և կուլտուրական արժեքների: Ֆաշիզմը կողոպուտի և մահվան դրույթ է:
Հենց այդ ֆաշիստական բիրտ ուժն է, որ նենգաբար ներխուժել է մեր երկիրը, ավեր ու մահ բերելով իր հետ:
Ֆաշիզմը ծրագրել է վերահաստատել մեր երկրում ցարիզմը: Նա սպառնում է ինչպես Սովետական Միության բոլոր ռեսպուբլիկաներին, նույնպես նաև Հայկական ռեսպուբլիկային՝ առաջ բերել ռեակցիա և ստրկացնել:
Քսան և ավելի տարի է, որ Սովետական Միությունը վարում է խաղաղասեր քաղաքականություն արտաքին աշխարհի նկատմամբ և իր ամբողջ մտավոր, բարոյական և նյութական ուժը տրամադրել է Սովետական Միության երկրների շինարարության, նրա բազմերանգ ժողովուրդների հզորացման և նրանց մտավոր ու ազգային կուլտուրայի զարգացման:
Ինչպես արևի կենսատու ճառագայթների ազդեցության շնորհիվ զվարթանում ու կենդանանում է թառամած ծաղիկը, այնպես էլ մեր Մայր Հայաստանը ռուս մեծ ժողովրդի աջակցության շնորհիվ աղքատության ճիրաններից և ավերակների ծոցից ելնելով, վերակենդանացավ և դարձավ զորավոր ու հարուստ երկիր: Հայ քրտնաջան ժողովուրդը այդ տարիների ընթացքում ստեղծեց նյութական ու կուլտուրական շատ արժեքներ:
Մեր ժողովրդի և եկեղեցու թշնամիները հայությունը ջլատելու նպատակով տարածեցին մոլորեցուցիչ լուրեր, որ իբր թե Սովետական իշխանությունը կործանում է հայ եկեղեցու կենտրոնը՝ Ս. Էջմիածինը: Որ Սովետական իշխանությունը չի միջամտում եկեղեցական գործերին և որ Սովետական Միության մեջ պահպանված է խղճի ազատությունը, այդ հաստատում է նորերս Ս. Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովը արտասահմանյան թեմերի պատգամավորների մասնակցությամբ: Նույնը հաստատում են Սովետական երկրի բազմաթիվ քաղաքներում գոյություն ունեցող հայ եկեղեցիները:
Հայը՝ բացի Սովետական Հայաստանից՝ չունի այլ հայրենիք: Հայը Հայաստանից դուրս չունի այլ հաստատուն կռվան, բայց եթե հայ եկեղեցին և նրան գլխավորող Ամենայն Հայոց Հայրապետությունը Ս. Էջմիածնի Հայրապետական Աթոռով:
Աշխարհի բոլոր ազգերի կատարյալ համակրանքը և Սովետական Միության 200 միլիոն ժողովրդի միակամ և միախորհուրդ գործելակերպը, որով նա հայրենի սրբազան պատերազմ է մղում իր հայրենիքի, նրա քաղաքական ազատության և տնտեսական ու կուլտուրական նվաճումների պաշտպանության համար, գրավական է Սովետական Միության վերջնական հաղթության:
Աջակցել Սովետական Միության նշանակում է աջակցել հայրենիքին: Սովետական Միության հաղթանակը հաղթանակն է նաև հայ ժողովուրդի:
Ամեն հայ մարդ, որ նախանձախնդիր է իր հայրենիքի, Սովետական Հայաստանի բարգավաճման, կաջակցի անշուշտ և կպաշտպանի Սովետական Միությունը:
Թող ընդմիշտ կենդանի մնա մեր մեջ Վարդանանց պայքարի ու դիմակալության ոգին, որը միայն կարող է հաղթել անօրեն թշնամուն և ապրեցնել մեր ազգը:
Թող Տերը անսասան պահե Սովետական երկիրը՝ յուրախություն Սովետական Միության ժողովուրդների և ամբողջ քաղաքակիրթ մարդկության:
ՆԱԽԱԳԱՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԸՆՏԻՐ ՏԵՂԱԿԱԼ ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
30 հուլիս 1941 թ. Ս. Էջմիածին
ԷՋՄԻԱԾԻՆ ամսագիր, թիվ 1, 1944












