Հայաստանի վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի հետ հանդիպմանը։
Ի պատասխան Սփյուռքի նախարարությանը վերաբերող հարցադրման` Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, որը կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Մեր պատկերացումը հետևյալն է` Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա, բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, որը կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ»․- ասել է Փաշինյանը։
Խոսելով որոշ նախարարությունների լուծարման մասին, Հայաստանի վարչապետն ասել է․
«Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից: Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչների վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը»:
Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք












