Վայոց Ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերը մաս են կազմում խոշորացված Ջերմուկ համայնքի:
Հերհեր գյուղը գտնվում է Արփա գետի համանուն վտակի միջին հոսանքում, գետակի
աջ ափին, Վայոց սար լեռան հարավային լանջին: Հեռավորությունը Երևան-Գորիս
ավտոմայրուղուց 12 կմ է: Ծովի մակերևույթից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան հրապարակում՝ 1650մ:
Հերհերի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 213 հոգի, բոլորը՝ իսլամ
1873 թվական – 978 հոգի, որից 331-ը՝ հայ, 647-ը՝ թաթար
1886 թվական – 1148 հոգի, որից 492-ը՝ հայ, 656-ը՝ թաթար
1897 թվական – 1562 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 511-ը՝ հայ, 1047-ը՝ իսլամ, 4-ը՝ այլ
1904 թվական – 1579 հոգի
1914 թվական – 1579 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1737 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1749 հոգի
1919 թվական – 600 հոգի
1922 թվական – 678 հոգի, որից 522-ը՝ հայ, 156-ը՝ թաթար
1926 թվական – 928 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 699-ը՝ հայ, 220-ը՝ թուրք, 9-ը՝ քյուրդ
1931 թվական – 1082 հոգի, որից 804-ը՝ հայ, 278-ը՝ թուրքական խումբ:
Ըստ Վայոց Ձորի մարզպետարանի կայքի՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևելք գտնվող Սուրբ Սիոն մենաստանը (վանական համալիր՝ կառուցված 11-13-րդ դարերում) հռչակված է եղել իր կրթական գործունեությամբ: Այդ մենաստանի տարածքում կան միջնադարյան ճարտարապետության ու խաչքարագործության եզակի նմուշներ: Գյուղի արևելյան մասում են գտնվում Կապույտ բերդ կոչվող ամրոցը և Սբ. Գևորգ մատուռը: Գյուղի տարածքում բազմաթիվ են մատուռները, խաչքարերը, միջնադարյան կառույցների մնացորդները: Ավելի ուշ շրջանում՝ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ գյուղը ենթարկվել է տեղահանության, սակայն գյուղացիների մի մասը փրկվել է բռնագաղթից՝ ապաստանելով գյուղից 3 կմ հյուսիս գտնվող քարանձավում, որը մինչև հիմա կոչվում է Սյուրգուն (թյուրք լեզուներում՝ աքսոր, գաղթ): Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո գյուղ են ներգաղթել հայեր Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի գավառներից: Այդ պատճառով գյուղի բնակչության մեջ տարածված է եղել երեք բարբառ: Խոսվածքում առավելություն ունի Կըլա ճյուղը, որը Արարատյան բարբառի ենթաճյուղ է: Նախախորհրդային տարիներին գյուղում բնակվել են նաև թուրք-ազերիներ, և ազգամիջյան բազում բախումներ են հայտնի: 1940-ական թվականներին նրանց մեծ մասը արտագաղթել է: 1990-ական թվականների սկզբին ընդամենը մեկ ընտանիք է մնացել, որի հեռանալուց հետո Հերհերի բնակչությունը միատարր է:
Կարմրաշեն (նախկինում` Քյոթանլի, Քյոթանլու) գյուղը գտնվում է Վայոց ձորի
մարզի Վայքի տարածաշրջանի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող Վայոց լեռան
ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի
մակարդակից բարձր է 2060 մ։ Սահմանակից է` հյուսիս-արևելքից` Ջերմուկ, հարավարևելքից` Հերհեր, հարավ-արևմուտքից` Մալիշկա, հյուսիս-արևմուտքից` Գողթանիկ համայնքներին։
Կարմրաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – տվյալներ չկան
1873 թվական – 256 հոգի, բոլորը՝ թաթար
1886 թվական – 392 հոգի, բոլորը՝ թաթար
1897 թվական – 456 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ
1904 թվական – 611 հոգի
1914 թվական – 611 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 672 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 532 հոգի
1919 թվական – տվյալներ չկան
1922 թվական – 172 հոգի, որից 111-ը՝ հայ, 61-ը՝ թրքո-թաթար
1926 թվական – 415 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 221-ը՝ հայ, 194-ը՝ թուրք
1931 թվական – 758 հոգի, բոլոր՝ հայ:
Ըստ Վայոց Ձորի մարզպետարանի կայքի՝ 1963 թ այստեղ հիմնվել էր բանավան` Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար: Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թ-ից 1925 թ-ն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։ 1988 թ-ին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Կարդալ և դիտել նաև՝












