Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի 6 առաջարկները՝ ի լրումն Ադրբեջանի 5 առաջարկների

2858
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մայիսի 13-ի երեկոյան Հ1-ի եթերում, ի պատասխան Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 5 կետերի, ներկայացրել է Երևանի 6 կետերը: Մարուքյանը այդ կետերը ներկայացրել է ռուսերենից թարգմանաբար, ասելով՝

1-ին. մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք,

2-րդ. Հայասատանը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների` 1991 թ դեկտեմբերի 8-ի՝ ԱՊՀ-ին միանալու փաստաթղթի մասին է։

3-րդ. հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

4-րդ. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները`ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, ինչպես նաև՝ հաղորդակցությունների վերաբացումը։

5-րդ. հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։  Ամրագրված են ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։

6-րդ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր 5 կետեր՝

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։