Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի ընդունել Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Մարիոթ հյուրանոցում, լրագրողների ներկայությամբ բանակցություններին մասնակցելու հրավերը, ինչի մասին Փաշինյանը հայտարարել էր նախօրեին հանրահավաքի ժամանակ։
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների: Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Արխիվային լուսանկար












