Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ընթացող ցույցերը հույս են ներշնչում երկրի ժողովրդավարացման համար: Մենք, Արաքսի արևմտյան ափին, որպես «Նոր Զարթոնք» նախաձեռնություն, մեզ զգում ենք այդ պայքարի մի մասը և մեր աջակցությունն ենք հայտնում փողոցներում մեծ վճռականությամբ հավասարություն, ժողովրդավարություն, արդարություն փնտրող երիտասարդներին, կանանց, ԼԳԲՏ անձանց, աղքատներին և մեր ողջ ժողովրդին: Ողջունում ենք նրանց պայքարը, որը վճռելու է Հայաստանի ճակատագիրը»,- ասված է նախաձեռնության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցեր սկսած ընդդիմադիր ուժերին «Նոր Զարթոնք»-ը կոչ է արել վճռական քայլեր անել հանուն Հայաստանի ժողովրդավարության, ինչպես նաև պայքարել ոչ միայն աղքատության ու կոռուպացված համակարգի, այլև օլիգարխիկ նեոլիբերալ կարգերի դեմ, հաղորդում է Ազատությունը:
«Եթե մի երկրում չկա արդարություն, ապա խաղաղություն ու բարեկեցություն էլ չի լինի: Բարգավաճ երկիր դառնալու համար Հայաստանը պետք է կառչի ժողովրդավարությունից, հավասարությունից, արդարությունից ու թափանցիկությունից: Հավատում ենք, որ ընդդիմությունն ու ժողովուրդը այդ հիմնարար պահանջները չեն անտեսի»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Նոր Զարթոնք» նախաձեռնության խոսնակ Նորայր Օլգարը «Ազատության»-ը փոխանցեց նաև, որ «Արաքսի արևմտյան ափը ձեր կողքին է» գրությամբ և #քայլարա #մերժիրսերժին հաշթագով պիտակներ են պատրաստել ու փակցրել Ստամբուլի հայաշատ Սամաթիա, Քուրթուլուշ, Բաքըրքյոյ, Քադըքյոյ և Քումքափը թաղամասերում՝ ի աջակցություն Հայաստանում և սփյուռքի մի շարք համայնքներում փողոց դուրս եկած հայրենակիցների:
«Նոր Զարթոնք» նախաձեռնությունը 2015 թվականի մայիսին համառ պայքար էր սկսել Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Քամփ Արմեն» ճամբարը ապամոնտաժումից փրկելու համար: Արդյունքում շարժման ակտիվիստներին հաջողվեց կասեցնել ճամբարի քանդման աշխատանքները, և 2015-ի հոկտեմբերին տարածքը վերադարձվեց համայնքին:











