Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ապրիլի 13-ի ցույցի արդյունքում փակվել է Երևանի կենտրոնական Ֆրանսիայի հրապարակը՝ Մաշտոցի պողոտան Բաղրամյան պողոտային միացնող հատվածը։ Քաղաքի երկու ամենակենտրոնական փողոցների հատույթում ավտոմեքենաների երթևեկությունը կանգ է առել։
Ապրիլի 13-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա քայլարշավից հետո, որ սկսել էր մարտի 31-ին Գյումրիում, հասան Ազատության հրապարակ՝ «Իմ քայլը» կարգախոսով։
Շարժմանը մասնակցում են նաև «ՄերժիրՍերժին» և «Հանուն Հայաստան պետության ճակատ» նախաձեռնությունները։
Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» շարժումների կազմակերպիչներին «չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթևեկությունը: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:
Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:
Ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք»:











