Հայ-ադրբեջանական հարաբերությունները
Հայ-ադրբեջանյան հարաբերությունները շարունակում են մնալ լարված. ղեկավար շրջանների վարած գիծը արդեն թափանցել է ժողովրդական մասսաների մեջ և տալիս է իր բացասական հետևանքները: Հեռագիրը հաղորդում է, որ Գանձակի հայության դրությունն անելանելի է դառնում: Մի քանի օր առաջ Ղազախում թուրքերը սպանել են 22 հայերի, էլ չենք ասում այն, որ Նուխիի և Արեշի հայությունը վաղուց արդեն գերության վիճակում է գտնվում: Մյուս կողմից, տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի կառավարության պատրաստությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմաններում: Ուղարկվում են մեծաքանակ զորքեր ամեն տեսակ պատրաստությամբ Զանգեզուր, դեպի Դարալագյազ, որոնք առանձին տեղերում պահանջներ են դնում հայ գյուղերին՝ ենթարկվել Ադրբեջանի իշխանությանը:
Նման քաղաքականությունը վտանգի է ենթարկում Հայաստանի շահերը և կարող է ունենալ անցանկալի բարդ հետևանքներ:
Իհարկե, երկու հարևան երկրների մեջ ստեղծված փոխհարաբերությունների մեջ իր մեծ մեղքը ունի և Դաշնակցությունը, այս մասին մեր թերթը բազմիցս արտահայտվել է և կրկնությունների պետք չկա:
Բայց ներկա դեպքում Ադրբեջանի ղեկավար շրջաններն են, որ բռնել են հարձակողական դիրք, ցանկանալով բռնի ուժով գրավել Զանգեզուրը: Այն ժամանակ, երբ հաշտության վեհաժողովը մոտենում է թուրքական և անդրկովկասյան պրոբլեմի լուծմանը, խոշոր սխալ կլիներ Ադրբեջանի կողմից բարդություններ առաջ բերել Անդրկովկասում հենց իր՝ Ադրբեջանի շահերի տեսակետից:
Մեծ հաղթող ազգերին փաստի առաջ դնել անկարող է ոչ մի պետություն և մանավանդ Ադրբեջանը. հաշտության վեհաժողովը մինչև այժմ կարողացել է ստիպել բոլորին ենթարկվել իր որոշումներին:
Այս տեսակետից, եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի գրավել Զանգեզուրը, դա չի կանխորոշի այդ գավառի բախտը, ինչպէս և այն հանգամանքը, որ այս րոպեիս Թուրքա-Հայաստանը գտնվում է թուրքերի ձեռքում, առանձին նշանակություն չունի հայկական հարցի դրական լուծման համար:
Զանգեզուրը պետք է մնա այն դրության մեջ, որը ստեղծել էր անգլիական զինվորական հրամանատարությունը Անդրկովկասում, որը ընդունել է և վեհաժողովի գերագույն կոմիսար գնդապետ Հասկելը:
Այս պատճառով՝ գնալ դաշնակիցների լիազոր ներկայացուցիչների կամքին հակառակ, դա Ադրբեջանի նման մի պետության համար նշանակում է մեծապես վտանգել իր դատը:
Մինչդեռ Անդրկովկասյան բոլոր ժողովուրդների համերաշխությունը և անկախությունը կենսական նշանակություն ունի նրանցից ամեն մեկի համար:
Ուստի, մենք հավատում ենք, որ բարի դրացիական հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև չեն խախտվի: Մենք միանգամայն ողջունում ենք Հայ-ադրբեջանական կոնֆերանսի գաղափարը: Այդ կոնֆերանսը կնպաստի լարված հարաբերությունների մեղմանալուն և, շատ հավանական է, եթե երկու կողմերը անկեղծ ցանկություն ունենան, որ նա տա կոմպրոմիսային լուծումը Հայ-ադրբեջանական սահմանային վեճերի:
Մենք անհրաժեշտ ենք գտնում, որ երկու կառավարություններն էլ, որոնք իրենց համաձայնությունն են տվել մասնակցելու այդ կոնֆերանսում, ամեն միջոց ձեռք առնեն որքան կարելի է շուտ գումարելու այն:
Հապաղելը անթույլատրելի է, երկու կառավարությունների վրա էլ խոշոր պատասխանատվություն է ընկնում:
Ժամանակ, թիվ 122, շաբաթ, 8 նոյեմբեր, 1919 թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/122.pdf
—–
Կոտորած Ղարաբաղում
[1920 թ] փետրվարի 21-ի Խանքենդիի [Ստեփանակերտ] հայկական կոտորածից հետո թուրքերը մյուս օրը Աղդամում կազմակերպեցին հայկական ջարդ: Սպանված է մինչև 300 մարդ: Շուշի-Եվլախ ճանապարհը փակված է հայերի համար:
Ժողովուրդ, թիվ 31, շաբաթ, 6 մարտի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/31.pdf
—–
Հայերի դրությունը Ադրբեջանում
Թիֆլիս
[1920 թ] մարտի 4-ին, Աշխատավորի ստացած տեղեկությունների համաձայն, վերջին երկու շաբաթվա ընթացքում հայերի դրությունը ամբողջ Ադրբեջանում զգալիորեն վատացել է սիստեմատիկ թալանների հետևանքով: Հայկական ազգաբնակչության տնտեսական դրությունը քայքայվել է: Փետրվարի 20-ից Շուշի քաղաքի շրջանում սկսվել են մասսայական ջարդեր: Աղդամի [հայկական] ջարդը կրում է ավելի քան սոսկալի բնոյթ:
Ժողովուրդ, թիվ 31, շաբաթ, 6 մարտի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/31.pdf
—–
Ադրբեջանի դավադրությունները Ղարաբաղում և Զանգեզուրում
Հայաստանի կառավարությունը [1920 թ] փետրվարի 20-ին Գորիսից ստացել է պաշտոնական հաղորդագրություն գրված փետրվարի 8-ից, որից պարզվում է, որ Ադրբեջանը զենքի ուժով ուզում է գրավել Զանգեզուրը: Հաղորդագրության մեջ ասված է, որ Շուշի քաղաք է եկել Նուրի փաշան թուրքական սպաների և գեներալ Նովրուզովի հետ, որոնք իրենց հետ բերել են մեծ քանակությամբ զորք: Ադրբեջանը մտադրություն ունի դիմել լայն հարձակման և բոլոր ուղղություններով: Հարձակման նպատակն է վերջնականապես զինաթափ անել և հպատակեցնել Ղարաբաղը և գրավել Զանգեզուրը: Ինչպես երևում է, Ադրբեջանը որոշել է իրագործել այն ծրագիրը, որը անցյալում անհաջողություն ունեցավ: Այդ լուրը ժողովրդի մեջ մեծ հուզում է առաջացրել:
Հայաստանի արտաքին գործերի մինիստրը այդ տեղեկությունը ստանալուն պես Ադրբեջանի արտաքին գործերի մինիստրի անունով ուղարկել է հետևյալ հեռագիրը.
«Համաձայն Հայաստանի կառավարության ստացած պաշտոնական տեղեկությունների, Շուշիում և Ղարաբաղում կենտրոնացվում են ադրբեջանական բազմաթիվ զորքեր, որոնց գլխին կանգնած են ադրբեջանյան և թուրքական գեներալներ: Սրա նպատակն է հպատակեցնել Ղարաբաղ՝ հակառակ Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի հետ կնքած համաձայնության և գրավել Զանգեզուրը՝ հակառակ [1919թ] նոյեմբերի 23-ի համաձայնության: Մի քանի զորասյուներ արդեն շարժվել են: Այդպիսի գործողությունները անպայմանորեն խախտում են բոլոր համաձայնությունները և պատրվակ են հանդիսանում նոր արյունահեղությունների համար: Ամուր կանգնած լինելով համաձայնության և խաղաղության տեսակետի վրա, ես Հայաստանի կառավարության կողմից խնդրում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը շտապ միջոցներ ձեռք առնի նախագծած հարձակումը կանգնեցնելու և հաստատելու Ադրբեջանի կառավարության որոշումը՝ նոյեմբերի 23-ի համաձայնությունը պահպանել իր ուժի մեջ և Ձեր կողմից բազմիցս անգամ ողջունված բարի դրացիական հարաբերությունները: Սպասում եմ շտապ պատասխանի»:
Բողոքի հեռագրներ ուղարկվել են գնդապետ Հասկելին, Ուորդրոպին և մյուս պետությունների ներկայացուցիչներին:
Ժողովուրդ, թիվ 24, կիրակի, 22 փետրվարի, 1920 թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%2824%29.pdf
—–
Ադրբեջանի դավադրությունները Ղարաբաղում
Թիֆլիս, մարտի 5-ին
Ստույգ տեղեկություններից իմացանք, որ Ադրբեջանի կառավարությունը հրահանգել է նահանգապետ Սուլթանովին և թուրքական գեներալ Խալիլ փաշային նոր արշավանք սկսել Զանգեզուրի դեմ և զինաթափ անել Ղարաբաղը: Վերջիններս այդ նպատակով հավաքել են ահագին բանդաներ թուրքերից և քրդերից: Սպասվում են հայերի մեծ կոտորածներ, որոնց սկիզբը արդէն երևացել է Խանքենդում և Աղդամում: Ճանապարհներին կոտորում են հայերին, բռնաբարում են կանանց, քշում են հայերի տավարը: Սուլթանովը պահանջում է մտցնել ադրբեջանական զորքեր Ղարաբաղի սիրտը՝ Վարանդան և Ջրաբերդը՝ խախտելով սրանով [Ղարաբաղի հայերի] 7-րդ համագումարի պայմանագիրը: Ղարաբաղի այս դրությունը մեծ հուզում է առաջացրել հայերի մեջ: Անտանտի ներկայացուցիչների աչքի առջև պատրաստվում են կոտորածի ենթարկել Հայաստանի միակ ողջ մնացած անկյունը: Խնդրում ենք, որ կառավարությունը և պառլամենտը վճռական քայլեր անեն Անտանտի և հարևան հանրապետության կառավարությունների առջև, որպեսզի վերջ դրվեն այն դավադրություններին, որ պատրաստում են թուրքական և ադրբեջանական ագենտները:
Ղարաբաղի հայրենակցական Երևանի միութեան նախագահ՝ Գ. Բալայան
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/32.pdf












