«Կավկազսկոյե սլովո» թերթը Հայոց ազգային խորհրդի գործունեության արդյունքների և Երևան տեղափոխվելու մասին՝ արտատպված «Աշխատավոր» թերթում
17 հուլիսի 1918թ.
Հայոց ազգային խորհուրդը մեկնեց Երևան: Ազգային խորհրդի հետ գնացին նաև հայկական կառավարության մի քանի անդամները: Կառավարության վերջնական կազմը կորոշի Երևանում:
Ծանր պարտականություն էր բաժին ընկնել Ազգային խորհրդին:
Նա առաջացավ այն օրերին, երբ թվում էր, թե ոչ մի բանով չէր կարելի նախագուշակել հայ ժողովրդի համար պատրաստվող փոթորիկը:
Դեռ ռուսական զորքն անհաղթահարելի անջրպետի նման կանգնած էր Տաճկաստանի դեմ. նա ահագին տարածության առաջ էր գնացել Տաճկահայաստանի երկրամասում և Վանը, Երզնկան, Էրզրումը, Տրապիզոնը «տաճիկներից գրաված վայրեր» էին:
Իսկ թիկունքում ոգևորված երիտասարդությունն ինքնավստահ թափով խորացնում էր հեղափոխությունը և ամրապնդում նրա գրավումները:
Ասենք՝ առանձին անհատներ այն ժամանակ էլ նախազգում էին ահռելի վտանգների հնարավորությունը և անհանգստություն էին արտահայտում:
Մտածող գլուխները պնդում էին, որ ոչ թե հեղափոխության նվաճումների, այլ միայն իր ֆիզիկական գոյության համար պետք է լարի հայ ժողովուրդն իր աշխատանքը:
Նշանավոր գրողը հետևյալ խոսքերն էր գրում. «Մենք նման ենք այն ձկներին, որոնք լողում են սառը ջրի մեջ և չգիտեն, որ ջրի տակ արդեն կրակ է վառած և ջուրը շուտով կեռա»:
Ավա՜ղ, ջուրը շուտ եռաց:
Ռուսական զորքերը հեռացան, տաճիկները սկսեցին առաջ շարժվել: Ծայր առավ մկան և կատվի դաժան, անողոք խաղը:
Չթվենք իրողությունները՝ նրանք բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են:
Ամեն կողմից հայ ժողովրդի գլխին փլվեցին կործանարար արշավանքները: Հարվածները տեղում էին և՛ ճակատից, և՛ թիկունքից, և՛ դրսից, և՛ ներսից: Բոլորը միմյանց խառնվեցին՝ թշնամին ու բարեկամը, յուրաիններն ու օտարները և բոլորից միայն վնաս էր հասնում հայ ժողովրդին՝ միա՛յն վնաս, միա՛յն ավեր:
Ու այս անսովոր ծանր օրերին հայ ժողովրդի բախտի տնօրինողը դարձավ Ազգային խորհուրդը:
Ի՞նչ կարող էր անել այն Խորհուրդը, որի գործունեության ուղին գծված էր հենց կազմվելու ժամանակ և որն իր անդամակազմով և կազմակերպման սիստեմով հենց այդ տեսակ աշխատանքի էր հարմարեցրած:
Մենք կարծում ենք, որ նա շատ բան չէր կարող անել, իսկ այն, որ նա կարող էր անել, չի արել:
Մենք չենք ցանկանում մեղադրել Ազգային խորհրդին և պատասխանատվության ենթարկել նրան կատարվածի համար: Մենք միայն բախտից ենք վշտանում:
Մենք միայն արձանագրում ենք այն տխուր փաստը, որ հայ ժողովրդի բախտի համար խոշոր, վճռական նշանակություն ունեցող րոպեներին ժողովրդի գլխին կանգնած չեղավ մի այնպիսի ուժեղ մարմին, որն ընդունակ լիներ նրա փրկության համար օգտագործել հենց նույն այդ ժողովրդի հոգեկան ու ֆիզիկակակն բոլոր կարողությունները:
Այդ փաստն իր բազմաթիվ պատճառներն ունի, որոնք այստեղ չենք թվի, բայց այդ պատճառների շարքում երկրորդական նշանակություն չունեին Խորհրդի կազմը և նրա գործեր վարելու եղանակը:
Ժողովրդի բախտը տնօրինողները լուսավոր ուղեղներ և սրտի մեջ վճռականություն ունեցող մարդիկ պետք է լինեն: Եվ լայն պետական մտքով, նախատեսության և նախաձեռնության ձիրքերով լի քիչ մարդիկ երևան եկան Ազգային խորհրդում:
Հայտնի է նույնպես, որ Խորհուրդը կոալիցիոն էր՝ 6 դաշնակցական, 2 սոցիալիստ-հեղափոխական, 2 սոցիալ-դեմոկրատ, 2 ժողովրդական կուսակցությունից և 3 անկուսակցղական:
Այսպիսի կազմի շնորհիվ հարցերը վճռում էին ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ ֆրակցիաների համաձայնությամբ. համաձայնության գալու համար փոխադարձ զիջումներ էին անում և ամեն միջոց վերածվում էր կես-միջոցի, որը Խորհրդի գործունեության մեջ կործանարար եղավ: Արտակարգ պայմանների համաձայն արտակարգ որոշումներ պետք է կայացվեին: Իսկ այդպիսիները չէին կարող անցնել իրար հակառակ կուսակցությունների փոխադարձ համաձայնության սկզբունքով:
Պատմառազմագիտական, դիվանագիտական, քաղաքական կարևորագույն և ամենանուրբ խնդիրները, որոնց հաջող ելքը երեք քառորդով շտապ, ծածուկ որոշումից էր կախված, Խորհուրդը զարմանալի դանդաղությամբ էր վճռում և համարյա ամենքի աչքի առջև:
Ազգային խորհրդի այդ պակասավոր կողմերն այն հետևանքներն ունեցան, որ հայ ժողովրդի համար բազմաթիվ գեղեցիկ հնարավորությունն ձեռքից թողնվեցին:
Բայց մենք հավատում ենք, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Խորհուրդը կարող է հերոսական ջանքներով ցանկալի հետևանքների հասնել:
Դաժան հարվածները Խորհրդին շատ բան սովորեցրին:
Այժմ, երբ համեմատաբար խաղաղ շրջան ենք ապրում, երբ մի կողմից տեղի են ունենում Կ. Պոլիս համաժողովի աշխատանքները, որոնցից մեծ չափով կախում ունի հայ ժողովրդի ապագան, մյուս կողմից՝ այն, որ Կովկասի կենտրոնում հաստատվել է կուլտուրական մի մեծ կառավարություն [Գերմանական կայսրություն], որը որոշ կերպով իր բարեկամական վերաբերմունքն է ցույց տալիս Հայկական հարցի լուծմանը, Ազգային խորհուրդը հնարավորութուն ստացավ Երևան մեկնելու:
Հայ ժողովրդի համար ծագող լույսի արշալույսի հնարավորությունն արդեն զգալի է և Ազգային խորհուրդը կարող է այս մի բուռ անձնազոհ քաջարիներ, սրտմտությամբ կցված, երկաթե զինաշարքեր կազմելով, դեռևս շարունակում են կատարել իրենց սրբազան պարտքը: Հայ ժողովրդի այդ քաջահաղթ պաշտպանները կընկնեն, բայց անձնատուր չեն լինի:
Ու թող սպիտակահեր Արարատի ստորոտների մոտ Ազգային խորհուրդը համակվի այն գործունյա ու անընկճելի ոգով, որ այնտեղ է տիրում:
Հայոց ազգային խորհրդի Երևան մեկնելու մեջ մենք չենք տեսնում Հայաստանի՝ միացյալ Անդրկովկասից բաժանվելը: Ընդհակառակը՝ մենք հավատում ենք, որ Ազգային խորհուրդն ավելի սերտ կկապի Հայաստանն Անդրկովկասի կենտրոնի հետ, որ կգան ավելի լավ օրեր, երբ Անդրկովկասի բոլոր ժողովուրդները կասեն իրենց ազատարար խոսքը և այն ժամանակ կստեղծվի նրանց միությունն ավելի արդար, բարերար և հավասարորեն նրանց բոլորին բավարարող ձևերով:
«Աշխատավոր», 19 հուլիսի, 1918թ., թիվ 87
«Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 163-166
Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը 1918-1920-ին











