Բլագոդարնոյե և Կաթնառատ՝ մոլոկանի և շվեդի հիմնադրած գյուղերը. Տաշիրի շրջան

5374

Բլագոդարնոյե և Կաթնառատ գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, նախկինում ունեցել են Կիրիլովկա և Լոռպլեմսովխոզ ավան անունները:

Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա, գյուղը գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1600 մետր է:

Գյուղը 1907-1908 թվականներին հիմնադրել է Կիրիլ անունով մոլոկանը, և նրա անունով կոչվել է Կիրիլովկա։

Կաթնառատ գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից՝ 68 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1540 մետր է:

Գյուղը 1897-ին հիմնադրել է շվեդ ֆերմեր Գոդլեբ Գրաֆը, ով զբաղվել է անասնապահությամբ: Հետագայում՝ 1923-ին գյուղը վերակազմավորվել և դարձել է ԽՍՀՄ առաջին սովխոզներից մեկը և կրել Լոռպլեմսովխոզ անունը:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Դիտել նաև՝