Կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ․ Freedom House-ը՝ Հայաստանի մասին

1189

2008-ից ի վեր Հայաստանը հետընթաց է ապրել ժողովրդավարության առումով․ Freedom House

Հայաստանը հետընթաց է ապրել ժողովրդավարության առումով. այսպիսի տվյալներ է բերում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր «Անցումային երկրներ 2017» զեկույցում։ 

Freedom House-ի նոր՝ «Անցումային երկրներ 2017»-ի զեկույցը արձանագրել է Հայաստանում ընդհանուր ժողովրդավարության անկում, որը հիմնականում պայմանավորված է երկու ցուցիչների անկմամբ։ Առաջինը՝ երկրում ժողովրդավար կառավարման միավորի նվազումն է` 2016թ․ 5,75 միավորը, մոտենալով վատագույն 7-ին, 2017-ին գնահատվել է 6,00 միավորով։ Սա էլ իր հերթին հիմնականում արտացոլում է կառավարության անկարողությունը՝ հանգուցալուծել հանրության արդարացի դժգոհությունները նախքան դրանց՝ բողոքի ցույցերի վերաճելը, ապա՝ հարթել այդ ցույցերն առանց բռնության կիրառման։

Երկրորդը՝ ընտրական գործընթացի միավորի նվազումն է։ 2016-ին ընտրական գործընթացի համար գրանցված 5,75 միավորը, կրկին մոտենալով վատագույն 7-ին, 2017-ին գնահատվել է 6,00 միավոր։ Սա էլ իր հերթին 2015-ի սահմանադրական հանրաքվեի և 2016-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ակնհայտ թերությունների, այդ թերությունները օրենսդրական կարգավորումներով լուծելու ձախողման և ընտրական օրենսգրքում նոր փորձնական կանոնների ընդունման արտացոլանքն է։

Արդյունքում, 2016-ի համեմատ՝ Հայաստանի 2017-ի ժողովրդավարության միավորը 5,36-ից դարձել է 5,39, այսինքն՝ ավելի է մոտեցել վատագույն 7 միավորին։ Դեռ 2008-ին արձանագրված միավորը 5,21 էր։

Զեկույցում Հայաստանի համար արձանագրված դրական փոփոխությունը անկախ մամուլի գնահատականի բարելավումն  է՝ պրոֆեսիոնալիզմի, բազմազանության և ինտերնետ մեդիայի հասանելիության բարելավման շնորհիվ։ Անկախ մամուլի գնահատականը 2016-ի 5,75-ից, փոքր-ինչ մոտենալով լավագույն 1 միավորին, 2017-ին դարձել է 5,50։

Freedom House-ի ժողովրդավարության գնահատման հիմքում ընկած 5 ցուցիչներով Հայաստանը 2008-ի համեմատ հետընթաց է արձանագրել։ Նվազել են երկրի ժողովրդավար կառավարման, ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության, ՏԻՄ-երի ժողովրդավար կառավարման, արդարադատության համակարգի և  դրա անկախության միավորները։

2008-ի համեմատ 2017-ին բարելավվել են միայն 2 ցուցիչի գնահատականները՝ անկախ մամուլի և կոռուպցիայի գնահատականները։

ՍիվիլՆեթ