«Նախընտրական ահաբեկչություն» սեփական ժողովրդի նկատմամբ

3063

Վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և մյուս պաշտոնյաները իրար հերթ չտալով հայտարարում են, որ եթե ժողովուրդը իրենց չընտրի, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու:

Չեն նշում զոհերի թիվն ու թե ինչքան տարածք ենք կորցնելու:

Սա, կարող ենք համարել «նախընտրական ահաբեկչություն» սեփական ժողովրդի նկատմամբ:

Արցախի ու նրա անվտանգության երաշխավոր Հայաստանի դեմ պատերազմ եղել է 2020 թվականին՝ թավշյա հեղափոխությունից և ընտրություններից երկու-երկուսուկես տարի անց, երբ ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ ընտրել էր Փաշինյանին որպես վարչապետ, իսկ Միրզոյանը դարձել էր Ազգային ժողովրդի նախագահ:

Այսպիսով, ժողովուրդն ընտրել է նրանց, բայց եղել է աղետալի պատերազմ 4.000 զոհերով, հազարավոր վիրավորներով, տարածքային կորուստներով, ազգային ու մարդկային արժանապատվության անդադար ստորացումներով:

Աղետալի պարտությունից ընդամենը ամիսներ անց՝ 2021 թվականի հունիսին, Հայաստանի ժողվուրդը երկրորդ անգամ է ընտրել Փաշինյանին ու նրա թիմին, որից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հարձակվել է, ներխուժել ՀՀ տարածքներ, զավթել 250 քառակուսի կիլոմետր տարածք մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններից, սպանել ու գերել մեր զինվորներին, ապա բռնի տեղահանել Արցախի 120 հազար հայությանը, գրավել Արցախը ու այդ ամբողջ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը եղել է Փաշինյանը, իսկ արտգործնախարարը՝ Միրզոյանը:

Այսպիսով, իշխանությունների համառ պնդումները, որ եթե իրեն չընտրի ժողովուրդը, ապա պատերազմ կլինի, զուտ պատմական տեսանկյունից չի դիմանում ժամանակի քննությանը:

Եթե զուտ պատմական չոր փաստերով նայենք, ապա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին է եղել 2016թ Ապրիլյանը, որի ընթացքում կորցրել ենք մոտ ութ հարյուր հեկտար հող Արցախից ու վերահսկելի տարածքներից, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պատերազմ չի եղել:

Մենք արյունալի պատերազմ ունեցել ենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին շրջանում, երբ ամբողջությամաբ նախկին ԼՂԻՄ-ն ու ադրբեջանական յոթ շրջան, որոնցից հինգը՝ ամբողջությամբ, երկուսը՝ մասամբ, անցան Հայկական բանակի վերահսկողության տակ և մնացին այդպես մինչև 2020թ պատերազմը:

Պատերազմի անխուսափելիությամբ սեփական ժողովրդին դիվադադար անելու «նախընտրական այս ահաբեկչությունը» քաղաքական աշխատող տեխնոլոգիա է:

Մեր ժողովուրդը, իրավամբ, ոչ միայն պատերազմ չի ուզում, այլ սարսափելի վախենում է նոր պատերազմից: Ի վերջո, վերջին հինգ-վեց տարիներին մենք անցել ենք աղետ-արհավիրքներով, մարդկանց հիշողությունը, ցավն ու կսկիծը, շատ թարմ է:

Քանի դեռ չկա խաղաղություն, քանի դեռ չկան Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բնականոն հարաբերություններ, նոր պատերազմը չի բացառվում: Ի վերջո, պատերազմ լինում է նաև երեկվա դաշնակիցներ միջև, ինչպես, օրինակ, ռուս-ուկրաինական ավելի քան չորս տարի ձգվող և հարյուր հազարավոր զոհեր ու վիրավորներ պատճառած եղբայրասպան պատերազմն է՝ Ռուսաստանի ներխուժումը և տարածքներ զավթելը Ուկրաինայից:

Եթե, իրավամբ, 2026 թվականի սեպտեմբերին պատերազմ է սպասվում, եթե այդ մասին մեր երկրի ու մեզ բարեկամ երկրների հետախուզությունները վարչապետին ու արտգործնախարարին գաղտնի զեկույցներ են ներկայացրել, ապա Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ներսում ու դրսում անվտանգության նոր երաշխիքներ փնտրեն, ռազմական ծախսերը ավելացնեն, զենք ու զինամթերք գնեն, պաշտպանական նոր ամրություններ ու բնագծեր կառուցեն, լրացնեն ռազմավարական ապրանքների պակասը, ազգային համերաշխություն փորձեն ձևավորել, եթե պետք է՝ ռազմական դրություն հայտարարեն:

Արարատ Միրզոյանը պետք է աշխարհի տարբեր մայրաքաղաքներից ու միջազգային կազմակերպություններից տուն չգա, դռներ ծեծի: Փոխարենը, նա էլ է լծվել ընդդիմությանը պիտակավորելու և սեփական ժողովրդին նոր պատերազմով սպառնալու անբարո, հրապարակային արշավին:

Այս ամենը չկա, բայց կա ազգային թշնամանքի շարունակական սերմանումը:

Եթե մինչև վերջերս պատերազմով մեզ ահաբեկում էր Ադրբեջանի ղեկավարը, այսօր դա անում են մեր իսկ իշխանությունները:

Հաշվարկը ինչպես նախընտրական է, այնպես էլ՝ արտաքին քաղաքական:

Մենք ունենք պասիվ ընտրողների մի քանի հարյուր հազարանոց խումբ, որոնք հանգիստ պայմաններում կարող են և չգնալ ընտրության, բայց նոր պատերազմի վերահաս սպառնալիքը նրանց կստիպի այցելել մոտակա տեղամաս և քվե տալ հենց այն ուժին, որը վերջին հինգ-վեց տարիներին մեզ արհավիրքներ ու աղետներ է բերել, բայց որը կարողանում է հենց պատերազմի վերահաս վտանգի զգացումով իր կողմը գրավել ընտրողների մի հատվածի:

Սեփական ժողովրդի հանդեպ «պատերազմի նախընտրական ահաբեկչությունը» նաև արտաքին աշխարհին է ուղղված, այդ թվում՝ մեր արևելյան և արևմտյան հարևաններին՝ Ադրբեջանին ու Թուրքիային: Սա ուղերձ է այն մասին, որ Հայաստանը այլևս տարածքային պահանջներ չի ունենա, կփոխի Սահմանադրությունը և կկատարի բոլոր այն պահանջները, որոնց համար տրվել են խոստումներ:

Պատերազմի ագրեսիվ հռետորաբանությունը, որի մեջ եղել ենք նախկին իշխանությունների տասնամյակներին, ինձ համար եղել է անընդունելի: Բայց նույնքան և ոչ պակաս անընդունելի է ագրեսիվ խաղաղասիրության հռետորաբանությունը, երբ Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, Շուշիում պար բռնողներն ու Աղդամից նուռ գողացողները դառնում են խաղաղության աղավնիներ:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

2026 թվականի մարտի 25