Գագիկ Ծառուկյանն ու Սամվել և Կարեն Կարապետյանները՝ 250 հազարական դոլար Հայ դատի համար

1516

3,86 միլիոն դոլար՝ Հայ դատի աշխատանքների համար

Դեկտեմբերի 10-ին Փարիզի Ելիսյան պալատի հարեւանությամբ գտնվող Cercle de l’Union Interalliée դահլիճում ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ կայացել է Հայ դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթ։

Օրվա հանդիսավար Ստեփան Տեր-Պետրոսյանը պարբերաբար հայտարարում էր այն նվիրատվությունների մասին, որոնք կատարվում էին դահլիճում, ու մինչ այդ արդեն կատարվել էին անցնող շաբաթների ընթացքում։ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հայաստանում (Կենտրոնական գրասենյակ) եւ միջազգային կազմակերպություններում Հայ դատի աշխտանքների համար, հազար դոլարից ու եվրոյից մինչեւ մի քանի տասնյակ հազարանոց նվիրատվություններ, որ կատարվում էին Եվրոպայի, Մերձավոր ու միջին Արեւելքի երկրներից, Ռուսաստանից ու հատակպես՝ Հայաստանից։ 250 հազարական դոլարի նվիրատվություններ էին կատարել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել եւ Կարեն Կարապետյանները, 150 հազար՝ Սամվել Ալեքսանյանը, 100 հազարական դոլարի՝ Միքայել Վարդանյանը, Կարեն Վարդանյանը, «Փյունիկ» հիմնադրամը, Մայքըլ Սարյանը։ Արդյունքում հրապարակվեց վերջնական հանգնակված թիվը՝ 3 միլիոն 860 հազար դոլար, որը կարող է նաեւ ավելանալ առաջիկա օրերին։

Պատվո սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, Վատիկանում եւ Ֆրանիսայում արտակարգ եւ լիազոր դեսպաններ Միքայել Մինասյանն ու Վիգեն Չիթեչյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանն ու պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջին, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիս. Հովհաննիսյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

«Հայ Դատի պայքարը անցյալի համար չէ. Հայաստանի Հանրապետության, այսօրվա Հայաստանի անվտանգության պայքար է»,- իր ելույթում շեշտել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Եթե մենք դադարենք նպատակ ունեցող ազգ լինել, մենք կոչնչանանք, կկորչի մեր էությունը։ Պայքարն է, որ հայության զարգացման պայմանն է հանդիսանում»,- շեշտել է Հրանտ Մարգարյանն ու մանրամասնել, որ հանուն Հայ Դատի պայքարը կուսակցական հարց չէ։ Նա ցավով արձանագրեց, որ այս բնագավառում աշխատող շատ քիչ թվով կազմակերպություններ կան, այդ իսկ պատճառով՝ ճակատագրով այդ գործը վիճակված է ՀՅ Դաշնակցությանը։

Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ողջույնի իր խոսքում հիշեցրել է դեռ 10 տարի առաջ, նույն Փարիզում Pro Armenia խորագրով կայացած համաժողովը, երբ դեռ դեսպան էր Ֆրանիսայում։ Դրանից անցել են երկար տարիներ, արձանագրվել են բազում ձեռքբերումներ։ «Ոչ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց անունով դատ, երազում ենք գա մի օր, որ այդ դատը լուծվի»,-շեշտել է նա։

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը իր խոսքում ասել է. «Եթե չլիներ նվիրումը, հանձնառությունը, արդյունքն էլ չէր լինի։ Մենք հարուստ չենք, բայց նվիրումով, փոքր գումարով հսկա գործ է կատարվում։ Մենք պետք է կարողանանք միախմբվել»: Արամ Ա-ն հիշեցրել է, որ օրերս Սիսի կաթողիկոսանիստի վերադարձի պահանջով դիմել են Եվրոպական դատարան։