Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հայ ընթերցողի սեղանին է դնում միանգամից վեց հատորներ, որոնք հայ քաղաքական մտքի պատմության լավագույն ստեղծագործություններից են:
Այսօր, մարտի 3-ին, ԱՆԻ կենտրոնը ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում ներկայացրեց այդ հատորները, բոլորը՝ վերահրատարակություններ՝ Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան – «Խարխափումներ», Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», և այս հինգ հատորները մեկ գրքում ՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:
Ներկայացնելով գրքերը՝ լրագրող, վեց հատորների խմբագիր Թաթուլ Հակոբյանը նշեց, որ դրանք առաջին անգամ են տպագրվում Հայաստանում, իսկ Ջամալյանի ստեղծագործությունը գրքի ձևով հրատարակվում է առաջին անգամ (որպես հոդվածաշար տպագրվել է ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրում):
Հատորներից մեկի՝ Վրացյանի «Խարխափումներ»-ի տպագրական ծախսերը մասամբ հոգացել է Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանը: Բոլոր վեց հատորները, որոնք միասին ունեն 1.100 օրինակ տպաքանակ, հրատարակվել են Լուսակն տպարանում: Հատորները արևելահայերենով են՝ հայաստանյան՝ աբեղյանական ուղղագրությամբ, բացի Դարբինեանի գրքից, որը վերահրատարակվել է արևմտահայերենով և դասական ուղղագրությամբ: Այդ հատորի խմբագրմանը օժանդակել է հայագետ, պատմաբան Գևորգ Յազըճյանը:
Շնորհանդեսին ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորէն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, պատմաբաններ, հրապարակախոսներ, ռեժիսորներ, խմբագիրներ, ուսանողներ:
ԱՆԻ կենտրոնը ներկայացրեց նաև անցյալ տարի հրատարակած ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ հատորը, որի տպագրական ծախսերը ամբողջությամբ հոգացել էր ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամը: Թաթուլ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանին, ով նույնպես ներկա էր վեց գրքերի շնորհանդեսին:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան հրապարակախոսներ Գեղամ Բաղդասարյանն ու Սարգիս Հացպանյանը, գրող, բանաստեղծ, Արևելք լրատվական կայքի հիմնադիր Սաքո Արյանը, հայագետ Գևորգ Յազըճյանը: Ծավալվեց քննարկում և բանավեճ:
Մինչ երևանյան շնորհանդեսը, ԱՆԻ-ն այս գրքերը ներկայացրել էր Ստեփանակերտում և Գորիսում: Առաջիկայում շնորհանդեսներ կկազմակերպվեն Գյումրիում, Վանաձորում, Բեյրութում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն














