Արճիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Նոյեմբերյանի շրջան

5743

Այսօրվա Արճիս գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 178 բնակիչ, բոլորն էլ հայեր:

Արճիսը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, Այրում երկաթուղային կայարանից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք: Նախկինում ունեցել է Արճեշ անունը:

Արճիսի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 178 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 395 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 530 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1-ը՝ իսլամ,

1916 թվական – 811 հոգի

1922 թվական – 785 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 791 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 790-ը՝ հայ, 1-ը՝ հույն,

1931 թվական – 904 հոգի, բոլորը՝ հայ:

Արճիսի բնակչությունը աճել է խորհրդային տարիներին: Ահա ԽՍՀՄ մարդահամարի տվյալները.

1959 թվական – 1.193 հոգի

1970 թվական – 1.333 հոգի

1979 թվական – 1.220 հոգի

1989 թվական – 1.519 հոգի

Այսօր Արճիսի բնակչությունը 1500-ից պակաս է:

Արճիսը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Թիֆլիսի նահանգի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Արճիսը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Արճիսը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840), Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845) և Թիֆլիսի նահանգի (1845-1918) մաս:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Արճիսը Ալավերդու շրջանին էր պատկանում:

1937-ին Իջևանի և Ալավերդու շրջանների հաշվին ձևավորվեց Նոյեմբերյանի շրջանը, որի կենտրոն դարձավ Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան:

Դիտել և կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2021/04/29/alaverdi-region-1831-korkotian/

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Վահե Աղամյանի