Երասխ գյուղի բնակչությունը 1897-2011 թվականներին. Հայաստան-Նախիջևան-Թուրքիա սահման/եռանկյունի

4463

Երասխ գյուղը գտնվում է Թուրքիայի և Նախիջևանի սահմանին, Արաքս գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 800 մետր բարձրության վրա, Երևանից 60 կմ հարավ: Նախկինում ունեցել է Արազդայան, Արազդայան Կոտուր, Գալուստ Սահակյանի կալվածք անունները: 1968թ հուլիսի 3-ին Արազդայանից վերանվանվել է Երասխ:

Սահմանակից է Նախիջևանի Հայդարաբադ և Սադարակ բնակավայրերին: Երասխով է անցնում Երևանը Նախիջևանին կապող երկաթուղին: Խորհրդային տարիներին Արմաշի գյուղխորհրդի մաս է կազմել:

Երասխի բնակչության թվաքանակի մասին Զավեն Կորկոտյանի ցուցակում՝ “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, առաջին անգամ տվյալներ կան 1897 թվականին՝ 365 հոգի, որից 344-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ, 17-ը՝ ուղղափառ (պրավոսլավ), 1-ը՝ այլ (եզդի, բողոքական, աղանդավոր և այլն):

1897 թվականին ցարական Ռուսաստանում անց է կացվել առաջին և վերջին մարդահամարը: Խորհրդային Միության առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, Երասխն ունեցել է 250 բնակիչ, բոլորը՝ հայ:

Ըստ Կովկասյան օրացույցի, 1914 թվականին Երասխն ունեցել է 147 բնակիչ:

Կորկոտյանի ցուցակով՝ 1916թ Երասխն ունեցել է 1194 բնակիչ, 1919-ին չի վիճակագրվել, իսկ 1922 թվականին նշված է ավերակ բնակավայրերի շարքում:

1931 թվակաինին, Երասխն ունեցել է 131 բնակիչ, բոլորը՝ հայ:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով, Երասխում առկա բնակչությունը կազմել է 590 հոգի, մշտական բնակչությունը՝ 635 հոգի:

Երասխի բնակչությունը ըստ տարիների.

1897 թվական –  365 հոգի, ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամար,

1916 թվական – 1.194 հոգի,

1926 թվական – 250 հոգի, ԽՍՀՄ առաջին մարդահամար,

1931 թվական – 131 հոգի,

1939 թվական – 185 հոգի,

1959 թվական – 374 հոգի,

1970 թվական – 519 հոգի,

1979 թվական – 817 հոգի, հղումը՝ http://ararat.mtad.am/about-communities/110/,

1989 թվական – 907 հոգի, հղումը՝ https://armstat.am/am/?nid=1033,

2001 թվական – մշտական բնակչություն՝ 729 հոգի, առկա՝ 713 հոգի, աղբյուրը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե, https://armstat.am/file/doc/97.pdf, ՀՀ առաջին մարդահամար,

2011 թվական – մշտական բնակչություն՝ 635 հոգի, առկա բնակչություն՝ 590 հոգի: աղբյուրը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե, https://armstat.am/file/doc/99486813.pdf, ՀՀ երկրորդ մարդահամար:

Վերջին՝ 2022 թվականի մարդահամարի տվյալները Երասխի համար բացակայում են, քանի որ հրապարակված տվյալները ներկայացված են ըստ խոշորացված համայնքների, տվյալ դեպքում՝ Արարատ համայնքի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն