Եվգենի Վիշինսկի․ Սարդարապատի ճակատամարտի լեհ զորավարը

1697

Զորավար Եվգենի Վիշինսկին Սարդարապատի ճակատամարտի լեհ հերոսն է:

Ծնվել է 1873 թ․ Սուվալկիում (ներկայումս Լեհաստանի Պոդլասկե վոյևոդության կազմում) լեհ ազնվականների ընտանիքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական ռազմական ակադեմիան։ 1914-1917 թթ․ ցարական բանակի կազմում մասնակցել է 1-ին աշխարհամարտի մարտերին Կովկասյան ճակատում, ստացել գեներալ-մայորի կոչում:

1918 թ․ մարտին նշանակվել է Հայկական բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարը գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր։ Այդ պաշտոնում Վիշինսկին մայիսի 22-29-ին, Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ, մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղված Սարդարապատի հաղթական հերոսամարտին։

Հայաստանի պաշտպանության գործում անձնվեր ծառայության համար նա Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուց ստացել է անվանական շնորհակալագիր և անկախ Հայաստանի բանակում իր ծառայությունը շարունակելու հրավեր, որը սիրով ընդունել է։

Վիշինսկին մահացել է տիֆից 1918-ի սեպտեմբերին Դիլիջանում, որտեղ էլ թաղվել է, սակայն գերեզմանը հետագայում ավերվել է սողանքի պատճառով։ 2023-ին նրա գերեզմանի տեղում տեղադրվել է անվանական հուշատախտակ։

Եվգենի Վիշինսկի (գունավորված է սև-սպիտակ բնագրից)

Տեքստի հեղինակը՝ Ռուբեն Շուխյան