«Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում». անհրաժեշտ և արժեքավոր հատորի նոր հրատարակությունը

927

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ հրատարակության է ուղարկել խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» հատորի երկրորդ, լրամշակված և նոր փաստերով հավելված հրատարակությունը:

Անհրաժեշտ և արժեքավոր այս հատորը առաջին անգամ հրատարակվել է 2014-ին և հասանելի է ԱՆԻ կենտրոնի կայքում: Հարությունյանի այս հատորը կարևոր տեղ է զբաղեցնում ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների և տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ և բազմալեզու գրքերի շարքում:

«Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» աշխատության մեջ Հարությունյանը ներկայացնում է 20-րդ դարի 60-ից 80-ական թվականներին Հայաստանում ծավալված այլախոհական շարժումները, ընդհատակյա կազմակերպությունները, նրանց չեզոքացմանն ուղղված խորհրդային իշխանությունների բիրտ, անմարդկային քայլերը, այլախոհների դեմ կազմակերպված դատավարությունները։

Այս հատորը հրատարակվել է նաև ռուսերենով:

Ավելի վաղ, 2018 թվականին, ԱՆԻ կենտրոնը հրատարակել, իսկ 2021-ին վերահրատարակել է Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» գիրքը: Այն կարող ենք նաև համարել «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» հատորի շարունակությունը, որտեղ ներկայացվում է հայ և այլազգի քաղբանտարկյալների՝ կալանավայրում ու աքսորում անցկացրած տարիների դժվար, դաժան, բայց նաև հումորային և լուսավոր պատմությունները։