Ջևանշիր գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:
Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Արեշ, Նուխի, Ջեբրայիլ, Ելիզավետպոլ, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:
Ջևանշիրի գավառն ուներ 4.818,4 քառակուսի վերստ կամ 5.484 քառակուսի կիլոմետր տարածք: Ելիզավետպոլի նահանգի ընդհանուր տարածքը 38.782,5 քառակուսի վերստ էր կամ 44.137 քառակուսի կիլոմետր:
Ջևանշիրի գավառը սահմանակից էր Երևանի նահանգին, ինչպես նաև Ելիզավետպոլի, Շուշիի և Արեշի գավառներին: Հիմնականում ներառել է նախկին ԼՂԻՄ-ի Մարտակերտի, ինչպես նաև Շահումյանի, Բարդայի և Թարթառի շրջանները:
1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ջևանշիր գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.
| թաթարներ | 52.041 հոգի | 71.6 տոկոս |
| հայեր | 19.551 հոգի | 26.9 տոկոս |
| այլք | 1.127 հոգի | 1.5 տոկոս |
Ջևանշիր գավառի կենտրոնը Թերթեր, հետագայի Միրբաշիր բնակավայրն էր, որն ուներ 752 բնակիչ.
| թաթարներ | 508 հոգի | 67.6 տոկոս |
| հայեր | 120 հոգի | 16.0 տոկոս |
| վելիկոռուսներ | 64 հոգի | 8.5 տոկոս |
| պարսիկներ | 46 հոգի | 6.1 տոկոս |
| այլք | 14 հոգի | 1.9 տոկոս |
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 8-ը մարտի, 2026թ













