2023թ ուշ աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պաշտոնյաներին հյուրընկալում էր քառագագաթ Արագած սարի մեծադիր նկարի ներքո: Նույն ժամանակահատվածում Հայաստանի մայրուղիների վրա տեղադրվեցին հանրապետության տարբեր սարերի գեղանկարներ: Անգամ մեկ տեղ չդրվեց հայ ժողովրդի խորհրդանիշ բիբլիական Արարատը, որ բացվում է Երևանի ու Արարատյան դաշտի առաջ, բայց 1920 թվականից մնացել է ժամանակակից Թուրքիայի կազմում:
Փաշինյանը նախքան բռնի տեղահանությունը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, թեև 2021թ խորհրդարանական ընտրություններում և պատերազմում պարտությանը հաջորդած շրջանում նա և նրա թիմը առաջ էին տանում «անջատում՝ հանուն փրկության» լուծումը։ Դա անում էին նույն ագրեսիվությամբ ու քարոզչությամբ, ինչպես մինչև պարտությունը գոռում էին «Արցախը Հայաստան է և վերջ»։
2023թ գարնանը Փաշինյանն ասել էր. «Ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»։
Այդպես չէ, անշուշտ: Ավետիք Իսահակյանի այս գործին ծանոթ են միջնակարգ դպրոցն ավարտած աշակերտները.
«Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս»։
Հետագայում, այցելելով Տավուշի գյուղերից մեկը, վարչապետը զարմացել էր, որ գյուղի երեխաները ոչ թե իրենց բնաշխարհն են նկարում, այլ Արարատ սարը:
«Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան: Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան»,- հետագայում ձևակերպեց Փաշինյանը:
Հայաստանը սկսել է փոխել նաև բառապաշարը մեր պատմության ողբերգական, զգայուն հարցերի շուրջ:
2019թ փետրվարի 27-ին Փաշինյանը Սումգայիթի զոհերի խաչքար-հուշաքարին ծաղկեպսակ դրեց և սոցիալական ցանցերում կատարեց հետևյալ գրառումը. «1988 թ. փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից։ Սա պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերի, որոնք ընդամենն ուզում էին պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը: Այսօր մենք հարգում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը»:
Չորս տարի անց՝ 2023թ փետրվարի 27-ին, Փաշինյանը «Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին» վերնագրով կարճ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է մոտենում Սումգայիթի զոհերի խաչքարին:
2026 թվականին չկար վարչապետի այց, որևէ խոսք և գրություն: Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «1988-ին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի վերաբերյալ մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով՝ միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»։
Բառապաշարի փոփոխությունը ճչացող է, հատկապես «Ադրբեջանական ԽՍՀ» ձևակերպումը:
Նույնը վերաբերում է Բաքվի 1990թ հունվարյան ջարդերին: 2026 թվականին միայն Հայաստանի արտգործնախարարությունը հիշեց տարելիցը, բայց, ի տարբերություն նախկին տարիների պաշտոնական տեքստերի, որոնք դրվում էին գերատեսչության կայքում, այս անգամ շատ կարճ տեքստը դրվեց միայն X–ում. «Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բռնությունների 36-րդ տարելիցի զոհերի հիշատակը։ Քանի որ մենք բռնել ենք խաղաղության ճանապարհը, ընդգծում ենք, որ նման գործողություններից միանշանակ հրաժարվելը, զուգորդված իսկական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, կարող է երաշխավորել, որ նման ողբերգությունները երբեք չկրկնվեն»:
Պատկերացում կազմելու համար, թե ինչպես է փոխվել բառապաշարը, ներկայացնում ենք հատվածներ վարչապետի՝ 2020թ ցավակցական ուղերձից, որը դրված է կառավարության կայքում.
«Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը…
Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան:
Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ:
Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան:
Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը…
Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»:
2013 թվականին, երբ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր էր, կողմ էր քվեարկել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձանժողովում «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին»: Իր այդ որոշումը խորհրդարանի ամբիոնից նա բացատրում էր այսպես. «Դա համարել եմ պատեհ առիթ անվստահություն հայտնելու Ղարաբաղի հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը: Ինչպես է հնարավոր հասնել հարցի այնպիսի լուծման, որը համահունչ է հայոց պետականության շահերին: Իրավական, սոցիալական, արտաքին քաղաքականության մակարդակներում հետևողականորեն քայլեր են արվում Հայաստանի և Ղարաբաղի անկախության իդեալները Հայաստանի քաղաքացու գիտակցությունից արմատախիլ անելու համար: Ամեն ինչ արվում է, որ 88-ի պայքարը անկախության համար ընկալվի որպես չմտածված մի քայլ, էմոցիոնալ պոռթկում: Ես քվեարկելու եմ հանուն Հայաստանի և Արցախի անկախության և քվեարկելու եմ ընդդեմ սառը և պրագմատիկ հուսահատության»:
Այս հայտարարությունից տասը տարի անց Փաշինյանը և իր թիմը, արդեն որպես իշխանություն, անում էր և հայտարարում ճիշտ հակառակը՝ պաշտոնական մակարդակում արմատախիլ անելով 88-ի համաժողովրդական իդեալները. Ղարաբաղյան շարժումը անջատողականություն է, չհաշվարկված քայլ, դադարեցնում են Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղը ճանաչում Ադրբեջանի մաս: Հայաստանի արտգործնախարարությունը 44-օրյա պատերազմից հետո իր կայքից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող ամբողջ բաժինը:
Փոխարենը, համացանցում պահպանվել են նկարներ, թե ինչպես է վարչապետը շուրջպար բռնում Շուշիում, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հիացած նայում դեպի Հոնուտի կիրճ կամ սելֆի անում Ստեփանակերտի Տատիկ-Պապիկ արձանի մոտ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նուռ հավաքում Աղդամում և այդ լուսանկարները տեղադրում սոցիալական ցանցերում (դրանք նախահեղափոխական ժամանակներում էին) կամ ինչպես էին այսօրվա իշխանավորները խրամատ փորում Արցախում՝ 2016թ քառօրյա կռիվներից հետո: Այս ամենը նախքան 44-օրյա պատերազմն էր, իսկ պատերազմից հետո Հայաստանի իշխանություններին արգելվեց ոտք դնել Արցախ, հնչեցնել Արցախ անունը: Փոխարենը կարելի էր ասել Ղարաբաղ, Շուշա, Նախչիվան՝ ադրբեջանական հնչողությամբ:
Փաշինյանի կառավարության որոշումով 2025թ աշնանը Արարատ լեռան պատկերը հանվեց Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրայից: Հայոց ցեղասպանության հիշատակման պաշտոնական տեքստերը ևս ենթարկվում են փոփոխությունների` կրկին պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով ու նոր ստատուս-քվոներով: 2019թ ապրիլքսանչորսյան ուղերձում վարչապետ Փաշինյանն ասում է.
«Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը… Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։
Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»:
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմա հարց:
Փաշինյանի 2025 թվականի ուղերձում կարդում ենք.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին… Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։
Այս օրակարգի շուրջ Կառավարության և անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետևյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված և սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան։
Պետություն և պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»։
Բաքվում և Անկարայում այս փոփոխությունները տեսանելի են, սակայն դա նրանց չի բավարարում և Հայաստանից պահանջում են Սահմանադրության փոփոխություն, այն է՝ Անկախության հռչակագրին չանել հղում: Ադրբեջանը և Թուրքիան Հռչակագրի երկու հատվածներ համարում են իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող պահանջներ.
«… Հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկ. ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…
Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
2019 թվականին Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով Փաշինյանի հնչեցրած տեքստում ասվում է.
«Ղարաբաղյան գոյամարտը, 2016թ. ապրիլյան պատերազմը, 2018թ. ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը»:
2025 թվականի տեքստը բոլորովին այլ շեշտադրումներ ուներ.
«Հռչակագիրն, ըստ էության, արտահայտում էր ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական և մտավորական վերնախավի հավաքական տրամադրությունը, կրում էր ընդամենը երկու տարի առաջ սկսված և գագաթնակետին հասնող Ղարաբաղյան շարժման կնիքը։ Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ-կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950-ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում։
… մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։
Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։
Մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որի առանցքային հատկանիշներից մեկն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքն է, այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ունենք և որ մենք ունեցել ենք վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»։
2026թ ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է՝ Սահմանադրությունից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը, որից հետո միայն Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիր Երևանի հետ:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 6-ը մարտի, 2026թ













