Զանգեզուրի և գավառի կենտրոն Գորիսի բնակչության կազմը 1897թ մարդահամարի տվյալներով

1963

Զանգեզուրի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:

Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Արեշ, Ելիզավետպոլ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Ղազախ և Շուշի:

Այսօրվա Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի և դրա հիմքում դնում է այն իրողությունը, որ ժամանակին Զանգեզուրի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի կազմում:

Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը “իրավունք” ունի հրաժարվելու Նախիջևանից, քանի որ այն եղել է Հայկական մարզի ու ապա նաև Երևանի նահանգի, իսկ 1919 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կազմում:

Զանգեզուրի նահանգը տարածքով ավելի մեծ է, քան այսօրվա Սյունիքի մարզը: Փաստացի, 1920-ական թվականներին Զանգեզուրը կիսվել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Մեծագույն մասը մնացել է Հայաստանի կազմում, իսկ գավառի արևելյան՝ գերազանցապես մուսուլմանաբնակ հատվածը կցվել Ադրբեջանին:

Զանգեզուրի գավառի տարածքը կազմել է 6.829,7 քառակուսի վերստ կամ 7.773 քառակուսի կիլոմետր: 

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Զանգեզուրի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

թաթարներ 71.206 հոգի 51.6 տոկոս
հայեր 63.622 հոգի 46.1 տոկոս
քրդեր 1.807 հոգի 1.3 տոկոս
այլք 1.236 հոգի 0.9 տոկոս

 

Գավառի կետրոն Գորիսում, որ ռուսական աղբյուրներում հանդիպում է Գերուսի ձևով, բնակչության թիվը 1897 թվականի ցարական մարդահամարի տվյալներով կազմել է 1.450 հոգի՝

հայեր 1.082 74.6%
թաթարներ 209 14.4%
մալոռուսներ 64 4.4%
վելիկոռուսներ 51 3.5%
լեհեր 16 1.1%
այլք 28 1.9%

 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 24-ը փետրվարի, 2026թ