Պարտադրված խաղաղության գինը

1429

Երկու տասնամյակ առաջ, երբ ավարտում էի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորը, վիճակագրություն պատրաստեցի 1991-1994 թվականների արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի մասին:

Ստեփանակերտի Արցախյան պատերազմի զոհերի թանգարանի կայքում (Музей погибших воинов НКР) անուն առ անուն տեղադրված էին բոլոր այն մարդկանց անունները (նրանց ծնված թվականը, վայրը, որոշ այլ մանրամասներ, ինչպես նաև՝ նկարը), ովքեր զոհվել են ինչպես ռազմական գործողությունների ընթացքում՝ 1991-1994 թթ., այնպես էլ նախապատերազմյան՝ 1988-1990 թթ. (Սումգայիթ, Բաքու, Օղակ գործողություն), և հետպատերազմյան՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» տարիներին՝ 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարից հետո:

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը հողին հավասարաեցրեց այն շենքը, որտեղ Արցախյան պատերազմի զոհերի թանգարանն էր: Կայքն այլևս հասանելի չէ:

Մինչև 1994 թվականի անժամկետ զինադադարը, Արցախի քաղաքացիական բնակչության զոհերի ընդհանուր թիվը շուրջ 1 500 է:

Արցախից ևս շուրջ 2 700 հոգի զոհվել է ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում, այսինքն՝ այդ մարդիկ եղել են ազատամարտիկներ կամ իրենց հարազատ տների, գյուղերի, ավանների ու քաղաքների պաշտպաններ: Շուրջ 300 արցախցի զոհվել է 1994-ի անժամկետ զինադադարից հետո:

Արցախում զոհված հայաստանցի ազատամարտիկների և զինվորների թիվը կազմում է 2.000  հոգուց ավելի է: Ավելի քան 1.300 հայաստանցիներ՝ ազատամարտիկներ, իրենց գյուղերի պաշտպաններ և խաղաղ բնակիչներ, զոհվել են պատերազմի տարիներին Հայաստանում (հայ-ադրբեջանական սահմանամերձ կռիվների ընթացքում):

Հայաստանից և Արցախից անհետ կորածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 հոգի:

Այս ողբերգական վիճակագրությունը հիշեցի, երբ վերջին օրերին աչքովս ընկան իշխանությունների և նրանց քարոզչամեքենաների գրառումներ, որ վերջին երկու տարիներին՝ 2024-2025 թվականներին, սահմաններում այլևս զոհեր չենք տալիս:

Անշուշտ, լավ է, որ այլևս զոհեր չենք տալիս, որովհետև մեկ զոհն անգամ շատ է: Մեկ զոհն անգամ շատ է, եթե նույնիսկ զոհը քո տանը չէ: Բայց զոհեր չենք տալիս ոչ թե իշխանությունների խոհեմ քաղաքականության շնորհիվ, այլ որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության կառավարման տարիներին, մասնավորապես 2020-2023 թթ. մենք կորցրել ենք հնարավոր ամեն ինչ, այն է՝ մեր ձեռքից խլել են զոհեր տալու պատճառները.

ա/ չկա Արցախը, որտեղ մենք տվել ենք 1991-2023 թվականների մեր շուրջ 15 հազար զոհերի մեծագույն մասը,

բ/ հակառակորդը շարունակում է զավթած պահել ՀՀ ինքնիշխան տարածքից՝ 2022-ից հետո գրաված շուրջ 250 քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ մենք չենք ունակ չենք եղել ազատագրել ռազմական ճանապարհով. իշխանությունները խոստանում են տարածքները վերադարձնել սահմանազատման-սահմանագծման գործընթացի արդյունքում,

գ/ զոհեր չենք տվել, քանի որ առանց կրակոցի վերադարձրել ենք Ղազախի շրջանի՝ մեր վերահսկողության տակ գտնվող Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլհաջիլի գյուղերը, իսկ դրա դիմաց ստացել ենք Կիրանցի պատը, որը մեր իշխանությունները դարձրել են քաղաքական ուխտատեղի: Գրեթե ամեն շաբաթ իշխանությունները կազմակերպում են տարբեր խմբերի այցեր Կիրանց, որի ընթացքում ցույց են տրվում կատարված աշխատանքները՝ խաղաղության պատը, սահմանազատված հատվածը, պաշտպանական ամրաշինական կառույցները, Կիրանցի նորակառույց դպրոցը:

Ի դեպ, 70 տարի, երբ կային ԼՂԻՄ-ը, Խորհրդային Ադրբեջանն ու Խորհրդային Հայաստանը, էլի զոհեր չենք տվել, բայց զոհեր տվել ենք 1918-1920 թվականներին, երբ Արցախը ընդդիմանում էր հպատակվել Բաքվին:

Այլ հարց է՝ մեր բոլոր հաշվարկները ճի՞շտ են եղել, երբ մենք պայքարել ենք Արցախի համար, ղարաբաղյան շարժում ենք սկսել, հրաժարվել ենք փոխզիջումներով լուծման առաջարկներից:

Եթե, միանշանակ, այո, ապա ինչո՞ւ ենք այս օրին, ինչո՞ւ չկա Արցախը, ինչո՞ւ են մեր հայրենակիցները տնավեր:

Մտածելու, գլուխներս պատեպատ տալու բան է:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, փետրվարի 22, 2026