Նախիջևանի գավառի (Երևանի նահանգ) տարածքը և բնակչությունը 1897 թվականի ցարական մարդահամարի տվյալներով

7702

Նախիջևան գավառը 1827-1828 թթ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Սեֆյան Պարսկաստանից անցավ Ռոմանովների Ռուսաստանին:

Մի քանի հարյուրամյակ Նախիջևանը Պարսկաստանի մաս էր կազում Նախիջևանի խանություն անունով:

1828-1840 թթ կազմվեց Հայկական մարզը:

Հայկական մարզը` ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, կազմված էր նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, որոնք Ռուսաստանին անցան 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով: Նախքան Ռուսաստանին միանալը, այս երկու խանություններում բնակչության թիվը կազմում էր շուրջ 120 հազար մարդ՝ հայեր և մահմեդականներ (պարսիկներ, քրդեր, թուրքեր): Գոյություն ունեին միայն երեք քաղաքներ՝ Երևան, որն ուներ գրեթե 10 հազար բնակչություն, Նախիջևան՝ ավելի քան 4.000 և Օրդուբադ՝ շուրջ 3.000:

Երբ Հայկական մարզը վերացվեց, Երևանի նահանգի հետ Նախիջևանը ևս 1840-ին մաս կազմեց Վրաց-իմերեթական նահանգի:

Նիկոլայ Առաջին ցարը 1844-ին Կովկասի փոխարքա նշանակեց կոմս Միխայիլ Վորոնցովին, ով հաջորդ տարվա գարնանը հասավ Թիֆլիս: Կոմս Վորոնցովը 1845-ին կատարվեց վարչական նոր բաժանում: Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և կազմվեց Քութայիսի նահանգը:

Կոմս Վորոնցովը հայերի համակրանքը շահելու նպատակով 1849-ին Թիֆլիսի նահանգից առանձնացվեց և ստեղծվեց Երևանի նահանգը, որը, նախկին Հայկական մարզի տարածքից բացի, իր մեջ ներառեց նաև Ալեքսանդրապոլի գավառը:

Այսպիսով, Նախիջևանը կրկին մաս կազմեց Երևանի նահանգի:

Երևանի նահանգը, որի մի հատվածի վրա 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը (սկզբնական շրջանում՝ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր), բաժանված էր 7 գավառների, որոնք ռուսերենով անվանվում էին уезд` Ալեքսանդրապոլ, Էջմիածին, Երևան, Նոր Բայազետ, Շարուր-Դարալագյազ, Սուրմալու, Նախիջևան:

Յոթ գավառներից երեքում՝ Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ և Էջմիածին, հայերը մեծամասնություն էին կազմում, մյուս չորսում՝ Երևան, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ և Նախիջևան, մեծամասնություն էին կազմում կովկասյան թաթարները:

Նախիջևանի գավառի տարածքը 3858,8 քառակուսի վերստ էր կամ 4.392 քառակուսի կիլոմետր:

1897թ Ռուսական կայսրության առաջին և վերջին մարդահամարի համաձայն, Նախիջևանի գավառում հայերի թիվը 34.4 տոկոս էր, կովկասյան թաթարներինը՝ 63.7 տոկոս: Նախիջևան գավառի բնակչության ընդհանուր թիվը 100.771 էր, Նախիջևան քաղաքն ուներ 8790 բնակիչ: Գավառի մյուս քաղաքը Օրդուբադն էր:

1897թ. մարդահամարի համաձայն, Նախիջևանի գավառում կովկասյան թաթարների թիվը 64.151 էր, հայերի թիվը՝ 34.672:

թաթարներ 64.151 հոգի 63.7 տոկոս
հայեր 34.672 հոգի 34.4 տոկոս
այլք 1.948 հոգի 1.9 տոկոս

 

Նախիջևան քաղաքի բնակչությունն ուներ հետևյալ կազմը.

թաթարներ 6.161 հոգի 70.1 տոկոս
հայեր 2.263 հոգի 25.7 տոկոս
վելիկոռուսներ 216 հոգի 2.5 տոկոս
այլք 150 հոգի 1.7 տոկոս

 

Օրդուբադ քաղաքի բնակչությունը՝ 4.611 հոգի, ուներ հետևյալ կազմը.

թաթարներ 4.088 հոգի 88.7 տոկոս
հայեր 284 հոգի 6.2 տոկոս
վելիկոռուսներ 108 հոգի 2.3 տոկոս
մալոռուսներ 68 հոգի  1.5 տոկոս
այլք 63 հոգի 1.4 տոկոս

 

Նշենք, որ այսօրվա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ մտնող Շարուրի շրջանը Բաշ Նորաշեն կենտրոնով, մաս էր կազմում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազ գավառի:

1918-ի մայիսին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, Նախիջևանը ՀՀ մաս չէր կազմում:

Նախիջևանը Հայաստանի Հանրապետության մաս կազմեց շնորհիվ անգլիացիների, ովքեր 1919-ին տեր ու տնօրենն էին Անդրկովկասում: Հենց անգլիացիներն էին, որ 1919-ի մայիսին Նախիջևանը և Կարսը դրեցին հայկական ուժերի վերահսկողության տակ:

Նախիջևանը, որտեղ մնացել էր 20 տոկոսից էլ պակաս հայ բնակչություն, ընդամենը երկու ամիս մնաց Հայաստանի Հանրապետության կազմում:Թուրք-ադրբեջանական հարվածների տակ հայկական զորքերը նահանջեցին: 1919-ի դեկտեմբերին Նախիջևանում, առաջին հերթին՝ Ագուլիսում, տեղի ունեցավ հայերի ջարդ:

Շարուրը, որ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մաս էր, Հայաստանի Հանրապետության կազմում մնաց մինչև 1920թ. աշուն:

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, ստորագրեցին պայմանագիր, որով հայկական Կարսը անցավ քեմալականներին (Թուրքիայի Հանրապետություն 1923-ից), իսկ հայկական Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն տարվա հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնք վերաբերում էին Հայաստանին, ավելի ճիշտ՝ հայկական երկու նահանգների՝ Նախիջևանի և Կարսի կորուստին:

Մարտի 16-ի պայմանագրի երրորդ հոդվածն ասում է.

Երկու կողմերը համամիտ են, որ Նախիջևանի մարզը սույն Պայմանագրի 1-ին (Գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության:

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններից կազմված հանձնախումբը կշտկի Նախիջևանի տարածքի եռանկյունի կազմող գոտու` արեւելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829)-Վելիդաղ (4121)-Բագարզիք (6587)-Քյոմուրլուդաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տարածքի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլուդաղ (6930) սարից, անցնում Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում Կարասուի ու Արաքսի միացման  տեղում:

Թաթուլ Հակոբյան