Խորհրդային Հայաստանի (1920/21 – 1990/91) առաջին վարչական բաժանումը տեղի է ունեցել 1922 թվականին: Դա այն տարին է, երբ Խորհրդային Հայաստանը, Խորհրդային Վրաստանը և Խորհրդային Ադրբեջանը ձևավորեցին Անդրֆեդերացիան և նույն տարվա դեկտեմբերի 30-ին Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Ուկրաինայի և Խորհրդային Բելառուսիայի հետ դարձան ԽՍՀՄ հիմնադիրները:
Խորհրդային Հայաստանի առաջին վարչական բաժանումը՝ 10 գավառ, էականորեն տարբերվում է այսօրվա Հայաստանի մարզային բաժանումներից: 1923 թվականի ՀՍԽՀ Վիճակագրական Կենտրոնական Վարչություն հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, որն ամփոփված է «Ցուցակ Խորհրդային Հայաստանի բնակավայրերի» հատորում, Հայաստանը բաժանված է եղել 10 գավառի՝ Երևանի, Ալեքպոլի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Դիլիջանի, Լոռու, Ղարաքիլիսայի, Վայոց Ձորի, Զանգեզուրի և Մեղրիի:
Ներկայացնում ենք բոլոր գավառներն իրենց գավառամասերով: Մենք իրավունք չունենք փոխել գավառների կամ բնակավայրերի անունները, բայց, մյուս կողմից, տալիս ենք դրանց այսօրվա անունները.
Երևանի գավառը կազմված էր 6 գավառամասերից՝
Կոտայք,
Հրազդան,
Ղամարլու (Արտաշատ),
Բաշ-Գյառնի (Գառնի),
Ախտա (Հրազդան),
Վեդիբասար (Վեդի):
Ալեքպոլի գավառը կազմված էր 7 գավառամասերից՝
Դուզքենդ (Ախուրյան),
Քաֆթառլի (Արթիկի շրջան),
Ղայղուլի Ղազանչի (Աշոցք),
Մոլլա Գյոքչա (Անի/Մարալիկ),
Աղբաբա (Ամասիա),
Թալին,
Հաջի Խալիլ (Ծաղկահովիտ):
Էջմիածնի գավառը կազմված էր 5 գավառամասերից՝
Սամաղար (Գեղակերտ),
Աշտարակ,
Ղուրդուղուլի (Արմավիր),
Զանգիբասար (Մասիս),
Աբարան:
Նոր Բայազետի (Գավառ) գավառը կազմված էր 4 գավառամասերից՝
Ելենովկա (Սևան),
Նոր Բայազետ (Գավառ),
Մարտունի,
Բասարգեչար (Վարդենիս):
Դիլիջանի գավառը կազմված էր 5 գավառամասերից՝
Դիլիջան,
Իջևան,
Կարմիր գեղ (Ճամբարակ), այսօր Գեղարքունիքի մաս է կազմում,
Շամշադին (Բերդ),
Բարանա (Նոյեմբերյան). Նոյեմբերյանի այսօրվա շրջանի Դեբեդի հովիտը՝ Զորականից մինչև Դեբեդավան և Արճիս, մտնում էր Լոռու գավառի մեջ:
Զանգեզուրի գավառը կազմված էր 5 գավառամասերից՝
Սիսիան,
Տաթև,
Գորիս,
Տեղ.
Ղափան (Կապան):
Լոռու գավառը կազմված էր 4 գավառամասերից՝
Ջալալօղլու (Ստեփանավան),
Վարանցովկա (Տաշիր),
Դսեղ
Ալլահվերդի (Ալավերդի):
Վայոց ձորի գավառը կազմված էր 2 գավառամասերից՝
Քեշիշքյանդ (Եղեգնաձոր),
Գնդեվազ:
Ղարաքիլիսայի (Վանաձոր) գավառը կազմված էր 2 գավառամասերից՝
Ղարաքիլիսա (Վանաձոր),
Համամլու (Սպիտակ):
Մեղրիի գավառը վարչական այլ բաժանում չուներ:
Համաձայն 1922 թվականին Խորհրդային Հայաստանում անցկացված գյուղատնտեսական մարդահամարի տվյալների, հանրապետությունն ունեցել է 1101 գյուղ և միայն 5 քաղաք՝ Երևան, Ալեքսանդրապոլ, Էջմիածին, Աշտարակ և Գորիս:
Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) շրջանում քաղաքի կարգավիճակ ունեին նաև Նոր Բայազետը, ինչպես նաև թուրքերի և ադրբեջանցիների կողմից գրավված Կարսը, Նախիջևանը և Օրդուբադը:
Առաջիկայում մենք կներկայացնենք նաև, թե 1101 գյուղերից քանիսն էին հայկական, խառը, եզդիաբնակ, քրդական, պարսկական, ռուսական (մոլոկան), թուրքական, թաթարական (ադրբեջանական), ուդմուրտական, ասորական, հունական:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, փետրվարի 2, 2026 թվական
—-
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













