2019 թվականի փետրվարի սկզբին Հայաստան այցելեց ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը: Նա հարցազրույցներ վերցրեց մի շարք գործիչների հետ, որոնք հրապարակվեցին Թուրանի և Կոնտակտ կայքի էջերում: Այդ զրույցներում բազմաթիվ հարցեր են հնչել, բայց հիմնական երեք թեմաներն էին՝ Լեռնային Ղարաբաղ, Հայոց ցեղասպանություն/Թուրքիա և Հայ առաքելական եկեղեցի:
Փետրվարի վերջերին իմ խմբագրությանը, այն ժամանակ՝ Սիվիլնեթ, տեղեկացրեցի, որ օպերատորի հետ ցանկություն ունեմ այցելել Բաքու, ընդ որում՝ նախատեսել էի ցամաքով մեկնել Ադրբեջան: Եթե հնարավոր է ուղղակի հատել հայ-ադրբեջանական սահմանը, եթե ոչ՝ անցնել Վրաստան, այնտեղից Կարմիր կամրջով Ադրբեջան:
Բնականաբար, Սիվիլնեթի խմբագրությունը դեմ չեղավ իմ մտադրությանը: Երկրորդ քայլով կապվեցի Հայաստանի արտգործնախարարության հետ: Այդ նպատակով հանդիպում ունեցա այն ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Արտգործնախարարն ասաց, որ ինքը իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ նախնական պայմանավորվածություն ունի հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխադարձ այցերի շուրջ, և եթե ես այցելեմ Ադրբեջան, դա գուցե պատճառ դառնա, որ խմբային այցերը չկայանան: Մանավանդ, որ արդեն Հայաստան է այցելել Թուրանի լրագրողը: Նախարար Մնացականյանը ասաց նաև, որ Բաքու այցելող երեք հոգանոց հայ լրագրողների խմբում իմ անունը գրում է առաջինը:
Անցան ամիսներ: Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին մեր արտգործնախարարությունից տեղեկացրեցին ինձ, որ նոյեմբերի, եթե չեմ սխալվում 19-ին, հաստատված է երեք հայ լրագրողների այցը Բաքու և, ինչպես ինձ ասել էր նախարար Մնացականյանը, երեքից մեկը ես էի:
Դա այն ժամանակ էր, երբ ամիսների նախապատրաստական աշխատանքից հետո գնել էի Եվրոպա այցելության օդանավի և գնացքի տոմսերը: Նոյեմբերի 11-ից 24-ը լինելու էի Բելգիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում՝ Բրյուսելում, Ժնևում, Ցյուրիխում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Միլանում, Բեռլինում, Աշաֆենբուրգում և Նյուրնբերգում:
Բոլոր այդ քաղաքներում արդեն հաստատվել էին իմ դասախոսությունների օրերը և ժամերը: Հետևաբար, ստիպված էի հրաժարվել Բաքու այցելությունից, քանի որ չէի ցանկանում կրճատել իմ նախատեսած հանդիպումները Եվրոպայում: Մեր արտգործնախարարությունը առաջարկեց Բեռլինից մեկ-երկու օրով թռչել Բաքու և մասնակցել երեք հոգանոց լրագրողների հայկական խմբի այցելությանը: Ստիպված էի հրաժարվել, քանի որ ամբողջովին կենտրոնացել էի իմ եվրոպական ճամփորդության վրա:
Հայ լրագրողների երեք հոգանոց խմբի այցը Բաքու կայացավ: Չեմ հիշում, բայց որքան հասկանում եմ, ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց չկայացավ:
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան և Հայաստան շատ էի կարևորում, հավատալով, որ կարող ենք փոխադարձ ատելության ու պատերազմական հռետորաբանության լիցքաթափման հարցում փոքր, գուցե շատ փոքր, բայց չափազանց կարևոր ներդրում ունենալ` ներկայացնելով մարդկային ցավի և ուրախության դրվագներ: Ցույց տալ և հիշեցնել, որ մենք բոլորս մարդ ենք և որ մենք հարևաններն ենք:
Հատկապես կարևորում էի ոչ կառավարական լրատվամիջոցները ներկայացնող լրագրողների ընդգրկումը այցելությունների ընթացքում: Ցավալիորեն, նաև լրագրողներն էին դառնում հայ-ադրբեջանական ռազմատենչ պրոպագանդայի մաս, երբ լրագրողները, անգամ պատերազմի օրերին, պետք է փորձեն մնալ լրագրող:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, փետրվարի 1, 2026
Արխիվային լուսանկար, Ժնև, նոյեմբեր, 2019թ













