Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության մայրամուտը (փաստագրական սցենար). ֆիլմ երրորդ

5073

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝

Ալտեռայի հետ համագործակցությամբ,

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և

Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ

Ներկայացնում է

Թաթուլ Հակոբյանի ֆիլմաշարը

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ 1918-1921թթ

ՖԻԼՄ ԵՐՐՈՐԴ

ՍԵՒՐ, ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ, ԿԱՐՍ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Մաս առաջին. ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ԵՒ ԲՈԼՇԵԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ

1919 թվականի օգոստոսի 1-ին Երևանում բացվեց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը հայտարարեց, որ Արևմտյան Հայաստանի կողպված սահմանները շուտով կփշրվեն, և հայ ժողովուրդը, Դաշնակիցների օգնությամբ, կդառնա պատմական հայրենիքի տերը:

Աշնանը Երևանում կայացավ իշխող քաղաքական ուժի՝ Դաշնակցության իններորդ Ընդհանուր ժողովը, որը Բյուրոյին հորդորեց ջանքեր գործադրել՝ խափանելու Ադրբեջանից ու Օսմանյան կայսրության տարածքից ծագող վտանգները: Նույն շրջանում, երբ Օսմանյան կայսրությունում անկում ապրեց Դամադ Ֆերիդի կառավարությունը, Առաջին աշխարհամարտում հաղթանակած տերությունները առավել կարևորեցին հարաբերությունները քեմալական շարժման հետ: Հայաստանը, սակայն, անգամ դաշնակիցների հորդորներից հետո, չէր շտապում շփման մեջ մտնել իր անմիջական հարևանի հետ:

Դաշնակցության Ընդհանուր ժողովը ցույց տվեց ծայրահեղ մաքսիմալիստական ձգտումներ, որոնք չէին համապատասխանում ոչ մեր երկրի առարկայական պայմաններին, ոչ էլ մեր ժողովրդի կարողությանը: Այս մաքսիմալիզմը գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների: Ընդհանուր ժողովը չափից ավելի գերագնահատեց հայ ժողովրդին և Դաշնակցության ուժերը… Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակություն ունեցավ ժողովի որոշումը ծովից-ծով Հայաստանի մասին: Այսօր, կարծես, այլևս բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր: Վրացյան, 1923 թվական

Սթենդ-ափ, ստուդիա

Երբ Մուստաֆա Քեմալը նեղ դրության մեջ էր, թուրքերի հետ երկխոսությունը արդյոք չէր փրկի Հայաստանի գոնե մի մասը և չէր կանխի թուրքերի հարձակումը: Ժամանակի գործիչներից Ռուբեն Տեր-Մինասյանը, Հովհաննես Քաջազնունին խորապես համոզված էին, որ Հայաստանի կենսական շահերից է բխում ուղիղ բանակցությունների մեջ մտնել Քեմալական Թուրքիայի հետ, սակայն նրանք պատրաստ չէին դեմ գնալ ժամանակի մտայնությանը:

1919 թվականի աշնանը Հայաստանում էր ամերիկյան ռազմական պատվիրակությունը զորավար Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ: Նախագահ Վուդրո Վիլսոնը նրան գործուղել էր Հայաստան` երկիրն ուսումնասիրելու և քննելու մանդատի պայմանները: Սեբաստիայում Հարբորտը տեսակցություն է ունենում Մուստաֆա Քեմալի հետ: Վերջինս Հայաստանի կառավարությանն առաջարկել էր ձեռք քաշել մեծ պետություններից և անմիջական համաձայնության գալ թուրքերի հետ:

Հարբորտը մի օր մենակ մնալով իմ աշխատասենյակում ասաց, որ Անկարայի կառավարության նախագահ Ռաուֆ բեյից ինձ ողջույն է բերել: Ռաուֆ բեյը պատրաստակամություն էր հայտնել անմիջապես բանակցել Երևանի հետ: Հարբորտը խորհուրդ տվեց սկսել այդ բանակցությունները: Մենք այդ խորհրդին չհետևեցինք, հավատալով, որ մեր հարցերը պետք է լուծվեն Սևրում՝ Փարիզում: Խատիսյան

Սթենդ-ափ, ստուդիա

Հովհաննես Քաջազնունին հետագայում քննադատեց կուսակցական ընկերներին, բայց նաև իրեն, որ ժամանակին ջանքեր չեն թափել թուրքերի՝ քեմալականների հետ լեզու գտնելու ուղղությամբ: Ի պատասխան, Սիմոն Վրացյանը պիտի գրեր: Ես կատարելապես համաձայն եմ Քաջազնունու հետ, որ մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ, որ այդ չենք արել և դա մեծ հանցանք է: Բեքիր Սամիի դիմումներից չօգտվելն ու բանակցությունների մեջ չմտնելը ծանր սխալ էր: Մենք ինքներս պետք է քայլեր անեինք բանակցելու, որովհետև մենք թույլ էինք և շատ պետք ունեինք հաշտության: Բայց պետք է միաժամանակ լավ հասկանանք՝ հաջողության հույս կա՞ր այդպիսի փորձերի համար և հոգեբանորեն կարո՞ղ էինք այդպիսի քայլեր անել:

1920 թվականի հունվարին դաշնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի ճանաչումը նոր հույսեր արթնացրեց: Խորհրդարանում դաշնակցական, ժողովրդական ու ռամկավար ներկայացուցիչները երդվեցին, որ հայ ժողովուրդը չի հանգստանա, քանի դեռ Վանը, Մուշը, Ալաշկերտն ու Էրզրումը, Սասունն ու Զեյթունը չազատագրվեն: Ներքգործնախարար Աբրահամ Գյուլխանդանյանը հայտարարեց` Հայաստանի սիրտը Երևանում է, ձեռքերը՝ Ալեքսանդրապոլում, գլուխը՝ Ղարաբաղում, ոտքերը՝ Դիարբեքիրում ու Սև ծովում:

1920 թվականի հունիսին հայկական ուժերը վերահսկողություն էին հաստատել Կարսի մարզի Օլթիի գավառի մեծ մասի վրա: Հայաստանում կար անթաքույց ոգևորություն: Դաշնակցության Յառաջ օրաթերթը հունիսի 25-ի խմբագրականում գրում էր.

Օլթիի փառավոր հաղթանակը նշանակալից է․․․ Օլթիի շրջանը գրավելով՝ մեր զորքերի առաջ բացվում են Արևմտյան Հայաստանի ճանապարհները: ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիւ 32, ուրբաթ, 25 Յունիս, 1920

Սթենդ-ափ, Անի 

Օլթիի ուղղությամբ հայկական ռազմական առաջխաղացումը սկիզբ դրեց առաջին ռազմական և դիվանագիտական շփումներին Հայաստանի Հանրապետության և քեմալական Թուրքիայի միջև: Կարաբեքիր փաշան բողոքի նոտա հղեց հայկական հրամանատարությանը, իսկ Անկարայի արտգործնախարար Բեքիր Սամի բեյը բողոքի նոտա ուղարկեց Հայաստան՝ վարչապետ և արտգործնախարար Օհանջանյանին:

Դադարեցնել հարձակումը՝ սա էր թուրքերի հիմնական պահանջը: Բեքիր Սամի բեյը հայերին կոչ արեց չդառնալ անգլիացիներին ձեռքին խաղալիք: Երևանում, սակայն, Անկարայից ստացված նամակը ընկալվեց քեմալականների թուլության նշան և ոչ հարաբերություններ հաստատելու մտադրություն: Թուրք դիվանագետին պատասխանեց ոչ թե Հայաստանի իր գործընկերը, այլ ավելի ցածր պաշտոնյա՝ արտգործնախարարության գլխավոր քարտուղարը:

Զինվորականները զգույշ էին: Թովմաս Նազարբեկյանը Կարաբեքիրին գրեց, որ հայերը հարձակողական մտադրություն չունեն` հույս հայտնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ: Ռիչարդ Հովհաննիսյան 

Սթենդ-ափ, Գյումրի

1920 թվականի ապրիլին առանց լուրջ դիմադրության ռուսական բանակը մտավ Ադրբեջան, և այդ հանրապետությունը խորհրդայնացվեց: Ամիսներ անց պետք է խորհրդայնացվեին նախ Հայաստանը, ապա նաև՝ Վրաստանը: Ոգևորված Ադրբեջանում տեղի ունեցածով, Հայաստանի բոլշևիկները տարբեր բնակավայրերում՝ Կարսում, Նոր Բայազետում, բայց առաջին հերթին այստեղ՝ Ալեքսանդրապոլում, կազմակերպեցին ապստամբություն, որը, սակայն, հաջողություն չունեցավ: Ռուսաստանը դեռևս նպատակ չէր դրել խորհրդայնացնել Հայաստանը:

Հայաստանի վարիչները փորձում էին կապեր հաստատել Ռուսաստանի տարբեր հատվածներում իշխանություն ունեցող և միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի՝ Դենիկինի, Կոլչակի և Լենինի, այն է՝ բոլշևիկների հետ, որոնք ի վերջո տիրեցին ամբողջ Ռուսաստանին:

Ադրբեջանի խորհրդայնացումից անմիջապես հետո բոլշևիկները վիճելի տարածքների՝ Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցում, աջակցեցին Բաքվին: Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Հայաստանին` Խորհրդային Ադրբեջանից դուրս բերել հայկական զորքերը: Ռուս-ադրբեջանական սերտ գործակցությունը մտահոգեց Հայաստանի ղեկավարությանը: Երևանում տեղեկություններ էին ստացվում նաև ռուս-թուրքական հարաբերությունների հաստատման մասին: Հայաստանի կառավարությունը պատվիրակություն ուղարկեց Մոսկվա, որը գլխավորեց խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթը:

Սթենդ-ափ, Տաթև

Շանթի պատվիրակությունը Մոսկվայի ճանապարհին էր, երբ Չանախչի գյուղում տեղի է ունենում հայ զորահրամանատարներ Դրոյի, Գարեգին Նժդեհի, գնդապետ Միրիմանյանի և Արցախում ՀՅԴ Ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի հանդիպումը: Այդ խորհրդակցությունը որոշում է իշխանությունը փոխանցել տեղի հայ բոլշևիկներին, քանի որ Ադրբեջանը խորհրդայնացվել էր, իսկ ռուսական 11-րդ բանակի դեմ պայքարը անիմաստ էր և անհնար: Մի քանի օր անց Նժդեհը Հադրութից նահանջում է դեպի Կապան, իսկ Դրոն Խծաբերդի վրայով՝ դեպի Գորիս:

Ռուսաստանը, խորհրդայանացնելով Ադրբեջանը, վիճելի տարածքների հարցում վերջնական որոշում չէր կայացրել: 1920 թվականի օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Թիֆլիսում կնքված համաձայնագրով Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջեւանը համարվում էին վիճելի տարածքներ, իսկ Ղազախի շրջանը բաժանվում էր. հայկական գյուղերը մնում էին Հայաստանի, իսկ մուսուլմանականները՝ Ադրբեջանի կազմում:

Սթենդ-ափ, Թիֆլիս

Ինչու հայ-ռուսական առաջին դիվանագիտական փաստաթուղթը ստորագրվեց այստեղ՝ Թիֆլիսում, Վրաստանում, որ ինչպես և Հայաստանը, անկախ էր և դեռ չէր խորհրդայնացվել: Մոսկվան Երևան էր գործուղել իր նեկայացուցիչ Բորիս Լեգրանին, որը պետք է Հայաստանի հետ ստորագրեր այդ փաստաթուղթը, սակայն Բյուրո-կառավարությունը արգելել էր նրա մուտքը Հայաստան: Մտահոգված այս փաստով, Թիֆլիսում Հայաստանի դեսպան Տիգրան Բեկզադյանը դիմեց Վրաստանի կառավարությանը, որպեսզի Լեգրանին հրավիրի Թիֆլիս: Ահա այդ պայմաններում էր, որ այստեղի տեղի ունեցան հայ-ռուսական բանակցությունները և ստորագրվեց հայ-ռուսական առաջին փաստաթուղթը:

Ռուսները Շանթի պատվիրակությանը առաջարկում էին իրենց միջնորդությունը հայ-քեմալական հարաբերություններում: Շանթը պատասխանում է, որ չունի նման լիազորություն:

Սթենդ-ափ, Մոսկվա

Ամբողջ ամռան ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարությունը առանձին բանակցություններ էր վարում Մոսկվա ժամանած հայկական և թուրքական պատվիրակությունների հետ:  Հայաստանի բյուրո-կառավարությունը Լևոն Շանթին տվել էր անիրագործելի թվացող մի շարք հանձնարարականներ՝

ա/ Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը` նրա կազմում Ղարաբաղը, ինչպես նաև՝ սկզբունքով ընդունի արևմտահայ շրջանների միավորումը,

բ/ չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, չծավալի կոմունիստական՝ բոլշևիկյան գործունեություն և թույլ տա, որ Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում հաստատված հայ գաղթականները վերադառնան տուն: 

Մաս երկրորդ. ՍԵՒՐԻՑ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ. ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն և համաձայնվում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի որոշմանը: Սպասվում էր, որ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Երբ նոյեմբերի 22-ին հրապարակվեց Վիլսոնի վճիռը, Կարաբեքիրը ամբողջությամբ գրավել էր Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը, իսկ Հայաստանն ապրում էր անկախության վերջին շաբաթը: Քեմալականները գրավեցին Հայաստանի տարածքների կեսը, իսկ մյուս կեսը խորհրդայնացվեց և ի վերջո, հանրապետությունը կորցրեց  անկախությունը:

Սթենդ ափ, Անի

Քեմալականները նախ գրավեցին Սարիղամիշը: Սա այն բնակավայրերից էր, որ Կարսի մարզ շրջագայության օրերին այցելում էր Հայաստանի վարչապետը: Պահպանված երկու լուսանկար կա, որտեղ երևում է, թե ինչպես Ալեքսանդր Խատիսյանն ու զորավար Թովմաս Նազարբեկյանը  հանդիպում են հայ զորքի և հայ որբերի հետ:

Սեպտեմբերի սկզբին Կարաբեքիրը Էրզրումում ողջունեց խորհրդային առաջին պաշտոնական պատվիրակությանը: Ռուս-թուրքական բարեկամությունը ավելի ոգևորեց քեմալականներին, նրանք կասկած չունեին, որ հայերին չեն օգնելու ո՛չ ռուսները և ոչ էլ՝ արևմտյան դաշնակիցները:

Հայաստանում ռուս-թուրքական գործակցության մասին տեղեկություններ ստանում էին ամռանը, երբ Մուստաֆա Քեմալի պատվիրակները Մոսկվայում բանակցում էին արտգործժողկոմ Չիչերինի հետ: Ժամանակի հայկական մամուլում՝ 1920 թվականի հուլիսին, պահպանվել են հրապարակումներ, որոնցում վարչապետ Օհանջանյանը խոսում է ռուս-թուրքական պայմանավորվածությունների մասին:

Բոլշևիկ արկածախնդիրների հաճախակի հարձակումների հետևանքով անհանգիստ դրություն է Ղազախի գավառում: Դրությունը վատ է Ղարաբաղում և Զանգեզուրում, բայց ոչ երբեք՝ անհուսալի: Հայաստանը չի կարող չնշմարել Քեմալի ու Լենինի մերձեցումը… Եթե Խորհրդային Ռուսաստանը անկեղծորեն կանգնած չէ Հայաստանի անկախության տեսակետի վրա, եթե նա որոշել է հայ ժողովրդի դիակների վրայով ձեռք մեկնել Թուրքիային և Հայաստանի ոչնչացման գնով հասնել իր հետապնդած նպատակներին և եթե, իբրև հետևանք, քեմալիստների և կոմունիստների համաձայնության, բոլշևիկ խռովարարարները պիտի շարունակեն իրենց հարձակումները Հայաստանի սահմանների վրա, ապա ուրեմն Ռուսաստանը մեզ համար բացահայտ թշնամական պետություն է: Յառաջ, ՀՅԴ, թիվ 154, ուրբաթ, 23 հուլիս, 1920 թվական

Սթենդ ափ, Մոսկվա

Ադրբեջանի խորհրդայանացումից, քեմալականների հետ հարաբերություններ հաստատելուց և հակաբոլշևիկյան ուժերին ճնշելուց հետո Ռուսաստանի համար օրակարգային դարձավ Հայաստանը: Իսկ ի՞նչ էին ուզում բոլշևիկները: Նրանք ձգտում էին Հայաստանի խորհրդայնացմանը, որը քեմալականների ներխուժման պայմաններում ավելի ընդունելի կլիներ Հայաստանի ժողովրդի մի հատվածի համար:

Այսօր մենք կասկածից դուրս պիտի համարենք այն համաձայնությունը, որ կնքված է Խորհրդային Ռուսաստանի և թուրք ազգայնականների պարագլուխ Մուստաֆա Քեմալի միջև… Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ է կարողանում ազատվել:  Դա կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը… Հայ կյանքի ամենախոշոր վերքը ռուսասիրությունն է, որ պետք է բոլոր միջոցներով արմատախիլ անել, քանի որ ռուսասիրությունը ներկայումս մեր թշնամիներից խոշորագույնն է: Օհանջանյան

Սթենդ-ափ, Էջմիածին

Հոկտեմբերի 2-ին, ինչպես Սարդարապատի օրերին, հայ ժողովրդին դիմում է Ամենայն Հայոց Հայրապետը․․․ Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք հայրենիքը, օտարը մեզ չպաշտպանեց և չի պաշտպանելու․․․ Ի՞նչ ես մտածում դու անել․ կռվել քաջաբար և մեռնել հերոսաբա՞ր, թե՞ հավիտենական ստրուկ դառնալ…  Գնա՛, հայ ժողովուրդ, գնա հավատով դեպի մարտի դաշտը, քեզ օգնական Փրկչի Սուրբ խաչը, քեզ պահապան մեր Սուրբ Լուսավորչի հզոր աջը և քեզ ուղեկից հայոց Հայրապետի աղոթքն ու արտասուքը։

Ամռանը, երբ հայկական բանակը հաջողություններ էր գրանցում Օլթիում, վարչապետ Օհանջանյանը հարկ չէր համարում անձամբ պատասխանել քեմալականների նամակներին: Այժմ, երբ թուրքերի առաջխաղացումը սրընթաց էր, նա անձամբ էր ստորագրում Անկարա ուղարկվող նամակները, որոնցում ավելի շատ խոսվում էր խաղաղության ու բարիդրացիության մասին:

Սթենդ-ափ, Երևան

Օհանջանյանը հույս ուներ, որ Հայաստանի ժողովուրդը կմիավորվի և ցավալի հարվածներ կհասցնի ներխուժող քեմալական ուժերին, և նրանք շահագրգռված կլինեն ժամ առաջ դադարեցնել պատերազմը և խաղաղության բանակցություններ սկսել Երևանի հետ: Վարչապետի հաշվարկը երկու հարցերում էլ ճիշտ դուրս չեկավ: Հայկական բանակը բարոյալքված էր, ժողովուրդը ուժ չուներ կռվելու, իսկ քեմալականները նպատակ ունեին առաջ շարժվել դեպի Երևան:

Սարիղամիշից, օրինակ, հայերն այնպիսի խուճապով էին հեռացել, որ ամբողջությամբ թողել էին սննդի և զինամթերքի հսկայական պահուստները: Նույն բարոյալքումը, խուճապն ու անկանոն նահանջն էր ռազմաճակատի մյուս ուղղություններում, բացառությամբ միայն, Իգդիր-Սուրմալուի, որտեղ հրամանատարը Դրոն էր:

Հոկտեմբերի 30-ին, երբ թուրքերը մտան Կարս, օդաչու Արթուր Գուլյանը օդանավակայանից թռավ դեպի Երևան՝ մայրաքաղաք հասցնելով քաղաքի գրավման լուրը:

Սթենդ-ափ, Կարս

Հոկտեմբերին Կարաբեքիրը հաղթական մուտք գործեց Կարս և անմիջապես հեռագրեց Անկարա. հայերն այնքան արագ էին հանձնվել, որ թողել էին զենքի ու զինամթերքի հսկայական պաշարներ: Հետագա ամիսներին թուրք զինվորները կրելու էին հայերից առգրավված բրիտանական տաք համազգեստը:

Նոյեմբերի 2-ին Կարաբեքիրը Կարսի հայ բնակիչներին 48 ժամ տվեց՝ հայտնելու թաքնված զինվորականների տեղը, ինչպես նաև պահանջեց հանձնել զենքերը: Հայ զինվորների մի մասը թաքնվել էր Կարսի ամերիկյան որբատան մահճակալների տակ:

Կարսի ուղղությամբ թուրքերի հարձակման ընթացքում հայկական կողմի զոհերի ու վիրավորների թիվը մոտ 1.500 էր: Եվս 1.500 հայեր գերի ընկան, այդ թվում երեք զորավար, մեկ նախարար: Գերի ընկած սպաների ու զինվորների մեծ մասին ուղարկեցին Էրզրում: Մեկ տարի ծայրահեղ դաժան պայմաններում պահված  այդ զինվորներից շատերը մահացան գերության մեջ:

Հոկտեմբերի 30-ին, Երևանում՝ կառավարության նիստում, վարչապետ Օհանջանյանը հաղորդեց Կարսի անկման մասին: Ի՞նչ անել: Շարունակել պատերազմը. սա էր հիմնական մտայնությունը: Մինչդեռ Կարսից դեպի Ալեքսանդրապոլ ճանապարհին, հորդառատ անձրևի տակ ժողովուրդն ու նրանց միացած զինվորականները փորձում էին անցնել Ախուրյանը և փրկվել:

Սթենդ-ափ, Երևան-Գյումրի գնացք

Նոյեմբերի 1-ին Երևանից Ալեքսանդրապոլ մեկնեցին կառավարության և իշխող Դաշնակցություն կուսակցության մոտ 20 պաշտոնյաներ, որոնց մեջ էին զինվորական գործերի նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, Թովմաս Նազարբեկյանը և նախկին վարչապետ Քաջազնունին: Այդ պաշտոնյաների ու տեղական իշխանությունների հանդիպման ընթացքում մեծ ճնշում բանեցվեց Տեր-Մինասյանի վրա, որպեսզի ստանձնի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարությունը և առաջնորդի զինվորականներից ու քաղաքացիներից բաղկացած խառը բանակը, ինչպես 1918 թվականի մայիսին Սարդարապատում:

Զորավար Նազարբեկյանի հետ ճակատը զննելուց հետո Տեր-Մինասյանը հայտնեց, որ բարոյալքությունն ու դասալքությունը այնքան են խորացել, որ չի կարող ստանձնել այդ պատասխանատվությունը: Պատվիրակությունը վերադարձավ Երևան և վարչապետ Օհանջանյանի կառավարությանը խորհուրդ տվեց անհապաղ հաշտության ձգտել, քանի որ բոլորը՝ զինվորներն ու ժողովուրդը, խաղաղություն են աղերսում:

ՆԱՏԱ- Թուրքական հարձակումը շարունակվում էր երեք ուղղությամբ՝ Կարս-Ալեքսանդրապոլ, Իգդիր-Սուրմալու և Շարուր-Նախիջևան: Նոյեմբերի 7-ին թուրքերը առանց դժվարությունների գրավեցին Ալեքսանդրապոլի բերդը և զինադադարի առաջարկ արեցին, որը հայկական կողմը ընդունեց, սակայն Կարաբեքիրը շարունակեց հարձակումը: Նոյեմբերի 10-ին Անկարայից ստացվեց դաշնագրի տեքստ, որն անընդունելի համարեց և՛ կառավարությունը, և՛ խորհրդարանը:

Սթենդ-ափ

Վարչապետ Օհանջանյանը խորհրդարանի նիստում կետ առ կետ ընթերցեց դաշնագրի տեքստը և հայտարարեց՝ Հայաստանի պատիվը և շահերը թույլ չեն տալիս ընդունել այս դաշնագիրը: Խորհրդարանը ծափահարություններով ընդունեց վարչապետի խոսքերը: Ռազմական  գործողությունները վերսկսվեցին, սակայն դրանք շարունակվեցին միայն մեկ շաբաթ: Թուրքերը կարճ ժամանակում գրավեցին Սադարակը: Եվ միայն Իգդիրի ուղղությամբ էր, որ Դրոն կարողացավ որոշ ժամանակ կանխել թուրքական առաջխաղացումը դեպի Երևան:

Իգդիր-Սուրմալուն Երևանի նահանգի միակ շրջանն էր, որ ընկած էր Արաքս գետի աջ ափին՝ Արարատի ստվերի տակ: Հայերը կորցրեցին խորհրդանիշներից մեկը, իսկ Երևանն ու Արարատյան դաշտը, ինչպես 1918-ին, կրկին հայտնվեցին թուրքական օղակի ու շրջափակման մեջ: Հայաստանը ստիպված էր համակերպվել թուրքական վերջնագրի անողոք պայմաններին:

Նոյեմբերի 17-ին կրակը դադարեց: Կարաբեքիրը հեռագրով թվարկեց ռազմատուգանքի թվերը՝ 2.000 հրացան, 20 հատ ծանր ու 40 հատ թեթև գնդացիր, 3 մարտկոց թնդանոթ, 4.000 ջորի, 1000 սնդուկ հրացանային ռազմամթերք, 6000 թնդանոթի ռումբ, երկու շոգեմեքենա և 50 վագոն: սրա հետ տալ Յառաջի այն համարը, որտեղ կա այս թվերը:

Վարչապետ Օհանջանյանը Ալեքսանդր Խատիսյանին առաջարկեց գլխավորել Ալեքսանդրապոլ մեկնող հայկական պատվիրակությունը՝ դաշնագիր կնքելու Կարաբեքիրի հետ: Խատիսյանը համաձայնվեց, բայց նախքան Ալեքսանդրապոլ մեկնելը, շտապեց Թիֆլիս՝ պարզելու, թե ի՞նչ կարելի է ակնկալել դաշնակիցներից:

Սթենդ-ափ, Թբիլիսի

Նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան Խատիսյանը Երևանից ուղևորվեց Թիֆլիս: Նույն օրը երեկոյան նա հասավ Վրաստանի մայրաքաղաք, իսկ հաջորդ օրը այցելեց բրիտանական, ֆրանսիական, իտալական և հունական դիվանագիտական ներկայացուցչություններ: Որևէ մեկը հայերին օգնության խոստում չտվեց, միայն րիտանացիներն ակնարկեցին, որ ավելի լավ է հայերը հաշտվեն, լեզուն գտնեն թուրքերի հետ, քան բոլշևիկների: Նույն օրը Խատիսյանը Թիֆլիսից շտապ վերադարձավ Երևան:

Վերադարձի ճանապարհին նա հանդիպում էր ճակատից հեռացող և փախստականների խմբերին ուղեկցող զինվորականների: Հասնելով Երևան՝ Խատիսյանը նոյեմբերի 22-ին գնացքով ուղևորվեց դեպի Ալեքսանդրապոլ: Պատվիրակության մյուս անդամներն էին նախարար Աբրահամ Գյուլխանդանյանն ու Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը:

Ղորղանյանն այսպես է նկարագրում 1920 թվականի նոյեմբերի 22-ի երեկոն Երևանի երկաթուղային կայարանում.

Ալեքսանդր Խատիսյանը Ալեքսանդրապոլ էր գնում այն նույն սալոն վագոնով, որը ուղիղ մեկ տարի առաջ նրան բերեց դեպի Կարս: Ուղիղ մեկ տարի առաջ՝ շրջապատված զորավարներով, հասարակական գործիչներով ու փայլուն շքախմբով, վարչապետ Խատիսյանին ընդունում էր Կարսի նահանգապետի պատվավոր զեկուցումը նահանգի դրության մասին և շատ բարձր տրամադրությամբ լսում ազգային օրհներգը: Այսօր Կարսի նախկին նահանգապետը Խատիսյանին կրկին ուղեկցում էր դեպի Արփաչայ, որի պղտորված ջրերի հորձանքում վերջինս ստիպված էր լինելու ստորագրելու այն Կարսի անջատումը, որ դեռ մեկ տարի առաջ արքայական ընդունելություն ցույց տվեց Հայաստանի վարչապետին: Խորին լռության և գիշերվա թանձր խավարի մեջ, մեր գնացքը շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ: Ղորղանյան

Սթենդ-ափ

Այդ գիշեր Երևանից Ալեքսանդրապոլ էր մեկնում երեք գնացք: Առաջինում հայկական պատվիրակությունն էր Խատիսյանի գլխավորությամբ, երկրորդում՝ հայ-թուրքական բանակցություններում ռուս պատվիրակ Բուդու Մդիվանին ու նրա բոլշևիկյան անձնակազմը, իսկ երրորդ գնացքը տանում էր Կարաբեքիրի պահանջած ռազմատուգանքի մի մասը: Մինչ գնացքը կհասներ Ալեքսանդրապոլ և կսկսվեին հայ-թուրքական բանակցությունները, վարչապետի պաշտոնը ստանձնեց Սիմոն Վրացյանը՝ սոցիալիստ հեղափոխականների հետ կազմելով կոալիցիոն կառավարություն: Նոյեմբերի 20-ին, 23-ին և 24-ին կառավարության տեսակետներն արտահայտող Յառաջ օրաթերթը մի քանի խմբագրական նվիրեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

Եթե Հայաստանը կամենում է ապրել իբրև պետություն, ամեն կերպ պիտի խուսափի լինել իր մեծ հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի խաղալիքը: Մյուս կողմից, մեր դարավոր թշնամին՝ Թուրքիան, կարող է ի վերջո հաշտվել մեր պետական գոյության հետ միայն այն ժամանակ, երբ մենք մեկ անգամ ընդմիշտ հրաժարվենք ռուսական կողմնորոշումից: Իր փրկության համար Հայաստանը ունի միայն մի ճանապարհ՝ գտնել ընդհանուր լեզու իր հարևանի՝ թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական և ֆիզիկական գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Յառաջ, 20 նոյեմբերի, 1920, թիւ 255

Ռեալ քաղաքականության գլխավոր սկզբունքն է՝ պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է: Եթե այդպես վարվենք, մենք միշտ կշահենք, մեր ոտքի տակից երբեք չենք կորցնի հաստատուն հողը և հաշտության ընդհանուր լեզու կգտնենք թուրքերի հետ: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձրել  հայ-թուրքական բարեկամությունը: Յառաջ, նոյեմբերի 23, 1920, թիւ 257

Մաս երրորդ. ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԴԱՇՆԱԳԻՐԸ

Երկու տարվա ընթացքում թուրքերը երկրորդ անգամ էին գրավում Ալեքսանդրապոլը: Առաջին գրավումը տեղի ունեցավ 1918-ի մայիսին և շարունակվեց մինչև նույն տարվա դեկտեմբեր: Երկրորդ անգամ գրավումը ձգվելու էր կես տարի՝ մինչև 1921-ի ապրիլի վերջերը:

Սթենդ-ափ

Նոյեմբերի 24-ի վաղ առավոտյան քեմալականները Ալեքսանդր Խատիսյանի պատվիրակությանը դիմավորեցին Ալեքսանդրապոլի երկաթուղային կայարանում: Թուրքերը իրենց հետ բերել էին երկու մեքենա և երկու կառք: Ստեփան Ղորղանյանը զարմանքով նկատում է, որ մեքենաներից մեկը իրենն է, որով նա ժամանակին շրջում էր Կարսի մարզում, իսկ կառքերից մեկը՝ երկու սև նժույգներով, գերված զորավար Դանիել Բեկ-Փիրումյանինը:

Թուրք սպաների ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը անցնում էր Ալեքսանդրապոլի գրեթե դատարկ փողոցներով: Թուրքերի շտաբը տեղավորվել էր ամրոցում: Հասնելուն պես՝ Կարաբեքիրը ընդունում է հայկական պատվիրակությանը:

Սթենդ-ափ

Ստեփան Ղորղանյանը գրում է. Կարաբեքիրը խոսում էր ֆրանսերեն և գերմաներեն: Խատիսյանը՝ հրամանատարի հետ փոխանակելով ողջույններ, մեզ ներկայացրեց նրան: Կարաբեքիրը  սիրալիր վերաբերվեց դեպի իր հյուրերը, անմիջապես բերեցին թուրքական ավանդական սուրճը փոքրիկ ֆինջաններով, և մենք հավաքվեցինք քարտեզով ծածկված սեղանի շուրջ, անցանք զրույցի:

Ալեքսանդրապոլում ընթանում էին թուրք-հայկական բանակցությունները, երբ Հայաստանը հարձակման ենթարկվեց արևելքից: Նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից՝ Աղստաֆայից, անցավ Իջևան, և բոլշևիկյան 11-րդ բանակի օգնությամբ Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր:

Սթենդ-ափ

Նոյեմբերի 25-ի երեկոյան բացվում է խորհրդաժողովի առաջին նիստը: Խատիսյանի առաջարկությամբ՝ Կարաբեքիր փաշան ստանձնում է նախագահությունը: Թուրքերը ներկայացնում են պահանջ՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի հրաժարվել Սևրի դաշնագրից, բանակցությունները չեն կարող շարունակվել: Այսպես, փակվում է առաջին նիստը: Խատիսյանը հեռագրաթելով կապվում է վարչապետ Սիմոն Վրացյանի հետ, ներկայացնում իրավիճակը: Հայաստանը ստիպված է լինում Սևրի դաշնագրից:

Նկատի առնելով, որ Սևրի դաշնագրով խախտվել են Թուրքիայի կենսական շահերը, որ նրա Ազգային մեծ ժողովի կառավարությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հայտարարում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական երաշխքիներ տալու պատրաստակամությունը՝ ցանկանալով երկու պետությունների փոխհարաբերություններում սկսել նոր դարաշրջան և երկարատև դաշնագրով բարեկամական հարաբերություններ հաստատել, իր կառավարության անունից, պատասխանելով Թուրքիայի գրավոր առաջարկին, հայտարարում է, որ հրաժարվում է Սևրի դաշնագրից:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը ընդունում է թուրքական վերջնագիրը, որին ի պատասխան թուրքերը նշանակում են երկրորդ նիստը: Այն բացվում է նվագախմբի կատարմամբ՝ ինտերնացիոնալի հնչյունների ներքո: Ապա հետևում է Շոպեն:

Սթենդ-ափ

Թեև թուրքերը գրավել էին Կարսի մարզն ամբողջությամբ՝ Անիի ավերակներով, Իգդիր-Սուրմալուն՝ Արարատ սարով, հայերը ներկայացնում են տարածքային պահանջներ՝ կից քարտեզով. Կարսի մարզն ու Երևանի նահանգն ամբողջությամբ, Ալաշկերտի հովիտը, Վանի վիլայեթը, անգամ ելք դեպի Սև ծով: Սա դեռ ոչինչ: Երբ պատվիրակությունը վերադառնում է կեցավայր, Աբրահամ Գյուլխանդանյանը բողոքում է Խատիսյանի չափավոր քաղաքականությունը, պնդելով, որ Հայաստանը պետք է պահանջի Վիլսոնի սահմաններով Հայաստան: Այդ ժամանակ Խատիսյանը բացագանչում է՝ Աբրահա՜մ, մենք պարտվել ենք… Ի՜նչ Վան, ի՜նչ Մուշ… Աբրահա՜մ, մենք պարտվել ենք…

Հայերին թվում էր, թե հրաժարվելով Սևրից, հնարավոր կլինի Հայաստանի սահմանների մեջ ներառել Արաքսից այն կողմ ընկած որոշ հողեր, ինչպես նաև՝ դեպի Ռիզե նավահանգստ տանող նեղ միջանցքը: Խատիսյանը կից քարտեզով հուշագիր է ուղարկում Կարաբեքիրին: Թուրք հրամանատարը անմիջապես առանձին տեսակցություն է պահանջում: Նա սպառնալից ակնարկում է, որ կշարժվի դեպի Երևան, եթե բանակցությունները շուտ չավարտվեն: Խատիսյանը կապվում է Վրացյանի հետ և նրանից ստանում պատասխան, այն է՝ ստորագրել դաշնագիրը:

Սթենդ-ափ

Ալեքսանդր Խատիսյանը գրում է. իմ կյանքում երկրորդ անգամ ինձ վիճակվեց ծանր րոպեներ ապրել Հայաստանի սահմանների խնդրի առթիվ: Առաջին անգամ 1918 թվի հունիսին Բաթումում, երկրորդ անգամ՝ Ալեքսանդրապոլում: Մենք նորից տեսանք Հայաստանը երկաթե փականքների մեջ սեղմված, առանց Թուրքահայաստանի, առանց Կարսի նահանգի, առանց Նախիջևանի, առանց նույնիսկ Սուրմալուի:

Հայհեղկոմի ներխուժումով Հայաստանում հաստատվում էին խորհրդային կարգեր: Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Երևանում ներկայացնում է խորհրդայնացման վերջնագիր: Դաշնակցությունը Լեգրանի պահանջը քննարկում է հատուկ նիստում: Բուռն և անհաշտ բանավեճերից հետո կառավարող կուսակցությունը 7 դեմ և 22 կողմ քվեով բավարարում է Մոսկվայի պահանջը և իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցում Հայհեղկոմին:

Սթենդ-ափ Արփի լճի մոտ

Նույն ժամերին Ալեքսանդրապոլում տեղի էր ունենում հայ-թուրքական բանակցությունների վերջին՝ չորրորդ նիստը: Հայկական կողմն ընդունում է քեմալականների վերջնագրի բոլոր կետերը: Կարաբեքիր փաշան համաձայնվում է Հայաստանին թողնել շուրջ 700 քառակուսի կիլոմետր տարածք՝ Աղբաբայի այս շրջանը, այսօրվա Ամասիան, սակայն կտրականապես մերժում է հայկական կողմի խնդրանքները՝ Հայաստանին թողնել Անին, Նախիջևանը և Սուրմալուն:

Վարապետ Վրացյանը հեռագիր է հղում Մուստաֆ Քեմալին՝ հույս հայտնելով, որ Ալեքսանդրապոլի բանակցություններում երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելք կարձանագրվի: Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր, Ալեքսանդրապոլում ստորագրվեց թուրք-հայկական դաշնագիրը.

Հայաստանը իրավունք ունի պահելու զորաբանակ ոչ ավելի քան 1500 սվին:

Հայաստանի վրա հարձակման դեպքում Թուրքիան պաշտպանում է հայոց կառավարության պահանջով եւ աջակցում է Հայաստանին:

Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգտվում են ազատ տարանցումից, ինչպես երկաթուղիներով, այնպես և բոլոր ճանապարհներով:

Հայերը Թուրքիայում և թուրքերը Հայաստանում վայելում են հավասար քաղաքացիական իրավունքներ:

Սթենդ-ափ

Ալեքսանդրապոլի դաշնագիրն ապօրինի էր ոչ միայն տեխնիկական առումով: Այն երբեք չի վավերացվել, բայց թուրք ազգայնականներին հաջողվեց Հայաստանի հետ սահմանը դարձնել մշտական՝ օրինականացնելով Արարատ սարի, Սուրմալու-Իգդիրի, Անի-Կարսի և Շարուրի գրավումը:

Սիմոն Վրացյանը՝ վերջին վարչապետը, որ կառավարեց միայն 8 օր, 1920-ի դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 5-ին իր նախարարների հետ փակեց գրասենյակների դռները և լքեց կառավարության շենքը: Հայաստանում հաստատվեց բոլշևիկյան իշխանություն: Հետագայում Վրացյանը այդ երեկոն այսպես է հիշել.

«Մենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր նաև քաղաքը: Խաղաղ էր նաև Արարատը՝ փաթաթված հաստ ամպերով՝ մտորելով աշխարհի դատարկության վրա: Այդ երեկոյան եկան Հայր Աբրահամն (Ավետիք Սահակյան) ու Պապաշան (Լևոն Թադևոսյան): Նրանք անասելի տխուր էին: Նստեցին, առանց բառ ասելու: Նստած իմ գրասեղանի մոտ, ես էլ լուռ էի: Իմ ձախ կողմում, պատին կախված նկարիչ Երկանյանի նվիրած կտավը՝ սուր աչքերով, սիրունատես Տրապիզոնի աղջիկը, մեզ էր զննում: Լայն պատուհանից՝ մայրամուտին Արարատի սիլուետն էր գծագրվում: Լռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները»:

Մաս չորրորդ. ՄՈՍԿՎԱ և ԿԱՐՍ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Ռուս-թուրքական սպառնալիքների տակ իշխանությունը խաղաղ ճանապարհով հայ բոլշևիկներին փոխանցելուց երկուսուկես ամիս անց Դաշնակցության գլխավորությամբ իրականացվեց ապստամբություն: 1921 թվականի փետրվարի կեսերին, ի պատասխան բոլշևիկյան տեռորի ու բռնությունների, անկախ Հայաստանի վերջին կառավարությունը Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ձևավորեց Հայրենիքի Փրկության կոմիտե և վերցրեց իշխանությունը Երևանում:

Հայաստանի տարածքում, փաստացի, երեք իշխանություն կար. Երևանում՝ Հայրենիքի Փրկության կոմիտեն, մայրաքաղաքից դուրս՝ Հայհեղկոմը, իսկ Ալեքսանդրապոլում և շրջակա տարածքներում՝ քեմալականները: Կարաբեքիրի զորքը Ալեքսանդրապոլում մնաց հինգ ամիս, մինչև 1921-ի ապրիլ՝ կոտորածներ ու ավեր իրականացնելով Շիրակի գրավյալ հողում:

Երևանում իշխանությունը վերականգնելուց հետո Հայրենիքի Փրկության կոմիտեն դիվանագիտական շփումների մեջ մտավ տարբեր կառավարությունների, այդ թվում և առաջին հերթին՝ քեմալականների հետ:

Սթենդ-ափ

Սիմոն Վրացյանը հետագայում գրեց. Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր նոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը, քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար ամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացկամությունը: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որևէ պատրվակով մտնել Երևան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ պայքարում: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է:

Փետրվարյան ապստամբության օրերին ձայներ էին հնչում օգնություն խնդրել թուրք քեմալականներից՝ ընդդեմ հայ բոլշևիկների և նրանց հովանավոր ռուսների: Հայրենիքի փրկության կոմիտեի ներքին գործերի վարիչ Կարո Սասունին գրում է.

Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը և հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտեն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը շեշտվում էր Փրկության կոմիտեի՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված գրության մեջ:

«Ալեքսանդրապոլի պայմանները, որքան ծանր էր մեզ համար, այնուամենայնիվ, ապահովում էր Հանրապետության գոյությունը: Մեր արտասահմանի բարեկամները հաճախ խոշոր սխալներ են անում՝ անտեղյակ լինելով կամ հաշվի չառնելով մեր իրական դրությունը: Բոլշևիկների դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությունը, նույնիսկ՝ աջակցությունը: Ամեն մի քայլ այդտեղ՝ արտասահմանում, որ հակառակ է մեր՝ Թուրքիայի հետ բարյացակամ կապերը հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար»:

Սթենդ-ափ

1921թ մարտի 15-ին Վրացյանը կոմիտեի հատուկ նիստ է հրավիրում՝ քննելու թուրքական հարցը: Այդ նիստին ներկա էին նաև նախկին վարչապետներ Քաջազնունին և Օհանջանյանը: Վրացյանը նկատում է, որ «միակ պետությունը, որի հետ մենք պիտի խոսենք… Թուրքիան է: Մենք հնարավորություն ունենք խոսելու նրանց հետ՝ հիմնված Ալեքսանդրապոլի դաշնագրության վրա… Ես կարծում եմ՝ բանակցություններ սկսել կարող ենք մենք միայն՝ հիմք ունենալով Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այսօր ժամանակը չէ գնահատելու այդ դաշնագրի բոլոր կողմերը: Մենք, եթե կամենում ենք փրկել մեր երկիրը այս ծանր դրությունից, հարկարված ենք դիմելու այս քայլին ևս, ինչքան էլ ծանր լինի և ոչ պատվաբեր»:

Վրացյանը քվեարկության է դնում երկու առաջարկ. առաջին՝ նախաձեռնել թուրքերի հետ բարեկամական հարաբերություններ, երկրորդ՝ այդ հարաբերությունների հիմք ընդունել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որից հետո Անկարա է ուղարկվում հետևյալ հեռագիրը.

Ազատվելով բոլշևիզմի անունով Հայաստան մտած օտար լծից՝ Հայաստանի ժողովուրդը լի է խորունկ վճռականությամբ, ապրելու ազատ ու անկախ և բարեկամական հարաբերություններ ստեղծելու թուրք ժողովրդի հետ: Իմ կառավարությունը Թուրքիայի և Հայաստանի միջև միջազգային և բարեկամական հարաբերություններ ստեղծելու բազա է համարում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Հովհաննես Քաջազնունին պատրաստակամություն է հայտնում մեկնել Անկարա և անձամբ վարել բանակցությունները: Մի քանի օր անց՝ մարտի 18-ին, Վրացյանը մեկ այլ հեռագիր է ուղարկում քեմալականներին, այն հանձնելով Հայաստանում Թուրքիայի Արևելյան ճակատի հրամանատարության ներկայացուցիչ Բեհաեդդինին: Վերջինս Երևան էր ժամանել Ալեքսանդրապոլի բանակցություններից անմիջապես հետո՝ Խատիսյանի պատվիրակության հետ:

Հայաստանի կառավարությունը խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն երկու ազգերի փոխադարձ շահի, ըստ կարելվույն շուտ, վերադարձնել հայ զինվորական գերիներին,
հայկական բանակին տալ ռազմամթերք, առաջին հերթին ռուսական երեք գծանի հրացանի կամ թուրքական մաուզերի փամփուշտներ և կամ Ռոսի և Լեբելի սիստեմի հրացաններ:

Սթենդ-ափ, Մոսկվա

Այն օրերին, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն Երևանից հեռագրեր էր ուղարկում Անկարա, թուրքերն այստեղ՝ Մոսկվայում, ռուսների հետ կնքում էին պայմանագիր, որի կետերից մի քանիսն ուղղակի վերաբերում էին Հայաստանի ճակատագրին: Կոմիտեն հեռագիր էր հղել Ռուսաստանի արտգործժողկոմ Չիչերինին, որով Ալեքսանդր Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ: Բեկզադյանը չմասնակցեց ռուս-թուրքական համաժողովին, որի պատճառը ոչ թե Հայրենիքի փրկության կոմիտեի հորդորն էր, այլ թուրքական կողմի մերժումը:

Մոսկվայի բանակցություններին մասնակցելու համար Երևանից Ռուսաստանի մայրաքաղաք էր հասել արտգործժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանի պատվիրակությունը: Բեկզադյանը և Ասքանազ Մռավյանը Լենինին ու Չիչերինին նամակներ էին գրել՝ ներկայացնելով Մոսկվայի պայմանագրի՝ հայկական կողմի համար վտանգավոր կետերը և որ հայկական հողերի հաշվին Թուրքիային արվում են զիջումներ:

Ռուս-թուրքական բանակցություններում Թուրքիան համաձայնվեց Վրաստանին զիջել Բաթումի մարզը, իսկ Նախիջևանը դրվեց Ադրբեջանի խնամակալության տակ:

Ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, ռուսական բանակի օգնությամբ Հայհեղկոմը վերադարձավ Երևան: Հայրենիքի փրկության կոմիտեն կռվող ուժերի և գրեթե ողջ մտավորականության հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ և հյուծված հասավ Զանգեզուր, այնտեղից` Պարսկաստան:

Սթենդ-ափ, Անիի ավերակներ

Մոսկվայի, ապա ամիսներ անց Կարսի պայմանագրերով դե- յուրե հաստատվեցին Թուրքիա-Հայաստան սահմանները, որոնք գծվել էին թուրք-հայկական պատերազմում Հայաստանի բանակի կրած պարտության հետևանքով: Մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը կորցրեց Կարսի մարզն ամբողջությամբ՝ Անիի ավերակներով, Սուրմալուի գավառը՝ Արարատ սարով, իսկ բոլշևիկները  ռազմակալեցին Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը:

Հայաստանի հողազրկումը նոր պայմանագրով ամրագրելու գործում Կարսի խորհրդաժողովը Մոսկվայի պայմանագրի շարունակությունն էր: Այն բացվեց 1921 թվականի սեպտեմբերին: Ռուսական կողմի ներկայությամբ բանակցություններ էին վարում մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ Խորհրդային Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը:

Սթենդ-ափ, Կարս

Կարաբեքիր փաշան Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն ու Անդրկովկասյան երեք հանրապետությունների պատվիրակներին սպասում էր Կարսի իր նստավայրում: Հայաստանը ներկայացնում էին Ասքանազ Մռավյանը և Պողոս Մակինցյանը: Պատվիրակությունները դատարկ չէին գնացել Կարս: Հայկական կողմն իր հետ տարել էր երկու արկղ կոնյակ և երկու արկղ գինի:

Սեպտեմբերի 26-ին Կարս ժամանած պատվիրակության պատվին կայարանում տրվեց զորահանդես ու պատվո պահակ: Խորհրդաժողովը բացվեց Կարսի նախկին նահանգապետի բնակարանում: Տան առաջ բացվող հրապարակը լուսավորված էր ջահերով, զինվորական վաշտերը պատրաստ էին ողջույնի:

Բացման պատիվն ու առաջին ճառի իրավունքը տրված էր Կարաբեքիրին, իսկ Անդրկովկասյան երեք պատվիրակությունների կողմից բացման ելույթի համար ընտրվել էր Ասքանազ Մռավյանը:

Չնայած Կարսի խորհրդաժողովի արդյունքները կանխորոշված էին, հայ պատվիրակները Գանեցկու միջնորդությամբ փորձեցին հայ-թուրքական սահմանում որոշ փոփոխություններ կատարել` հօգուտ Հայաստանի:

Սթենդ-ափ, Անիի ավերակներ

Խորհրդաժողովի երկրորդ նիստում՝ սեպտեմբերի 27-ին, ռուս պատվիրակը ներկայացնում է սահմանային երկու պահանջ: Դիմելով Կարաբեքիրին՝ Գանեցկին ասում է. ՙԱնի ավերակները հայերի համար ունեն պատմական ու գիտական մեծ արժեք: Կողբի աղի հանքերն ունեն համակովկասյան նշանակություն՚: Կարաբեքիրը, սակայն, անդրդվելի էր: Թուրքիա-Հայաստան սահմանը պետք է անցներ Ախուրյան գետով ու Արաքսով:

Թուրք հրամանատարն ասում է, որ իր պատվիրակությունը որևէ իրավասություն չունի Մոսկվայի պայմանագրով գծած սահմանների մեջ փոփոխություն կատարել և դրա համար պետք է հրահանգ ստանա Անկարայից: Կարաբեքիրը սպառնում է դադարեցնել խորհրդաժողովը, որին ի պատասխան Գանեցկին առաջարկում է շարունակել աշխատանքները այլ հարցերի շուրջ, մինչև Անկարայից ստացվի համապատասխան հրահանգ:

Կարսի խորհրդաժողովն ավարտվեց բացումից 18 օր անց: Հոկտեմբերի 13-ին կնքվեց 20 հոդվածներից կազմված պայմանագիրը, որով գծվեցին նաև Թուրքիայի և Խորհրդային Հայաստանի սահմանները: Երևանի նահանգի Նախիջևանի մարզը ինքնավար տարածքի կարգավիճակով դրվեց Ադրբեջանի խնամակալության ներքո:

Սթենդ-ափ, Անիի ավերակներ

Կարսում վերջակետ դրվեց հայկական երազանքին: Հայերի համար սուրբ համարվող Արարատ սարը և Բագրատունիների չքնաղ մայրաքաղաք Անին, Երևանի նահանգի Սուրմալուի և Նախիջևանի գավառները անցան Թուրքիային և Ադրբեջանին: Խորհրդաժողովի արդյունքում մոտ 400 հայեր, որ գերվել էին թուրք-հայկական վերջին պատերազմում, հնարավորություն ունեցան վերադառնալ տուն՝ Ալեքսանդրապոլ:

ՎԵՐՋ

Ֆիլմի հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան

Ռեժիսոր՝ Լևոն Քալանթար

Դիզայն և գրաֆիկա՝ Նատալի Հարությունյան

Օպերատորներ՝ Հակոբ Հովհաննիսյան, Ռոբերտ Խարազյան, Արտակ Ղևոնդյան

Երաժշտությունը՝ Աշոտ Մանսուրյան

Ֆիլմում օգտագործվել են մեջբերումներ հետևյալ հատորներից և արխիվներից՝

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները»

Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն»

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»

Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն»

Հովհաննես Քաջազնունի, «Երկեր»

Ռուբեն Տեր-Մինասյան, «Հայաստանի Հանրապետություն»

Մայքլ Բաբայան, «Հուշամատյան անկախության»

Յուշամատեան. Օսմանեան Հայերու Բնաշխարհը Վերականգնելու Ծրագիր

Վրաստանի Ազգային արխիվ

Հայաստանի Ազգային արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի արխիվ

Հայաստանի Ազգային գրադարան

Ժողովուրդ օրաթերթ

Յառաջ օրաթերթ

Նկարահանումներին օժանդակելու համար շնորհակալություն

Հրանտ Դինք հիմնադրամի Երևանի և Ստամբուլի գրասենյակներին

Սևան Տէյրմենճեանին, Ստամբուլ

Մասիս Առաքելյանին, Երևան

Մայր Աթոռին

Սարդարապատի թանգարանին

Իջևանի երկրագիտական թանգարանին

Գյումրիի Շիրակ կենտրոնին

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2026