«Ս. Սապահ-Գիւլեան (Ստեփանոս Տէր Դանիէլեան)». ԱՆԻ կենտրոնի ստացած գրքերից

3198

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան հայագիտական գրադարանը հեղինակից՝ դոկտոր Եղիկ Ճէրէճեանից, ստացել է Հնչակյան կուսակցության երևելի դեմքերից մեկի՝ Սապահ- Գիւլի «Ս. Սապահ-Գիւլեան (Ստեփանոս Տէր Դանիէլեան)» արժեքավոր աշխատության Ա հատորը:

Թեև գրքում ներկայացված է Սապահ-Գիւլի կյանքն ու գործունեությունը, բայց դրանով իսկ մեր առջև բացվում է ավելի մեծ պատկեր՝ Նախիջևան, որտեղ ծնվել ու կյանքի առաջին երկու տասնամյակներն անց է կացրել նա, Հնչակյան կուսակցության գործունեություն, հայ հեղափոխական կուսակցությունների շփումներ, գործակցություն և առճակատում Երիտթուրքերի՝ Իթթիհադի հետ:

Հայագիտությունը ընդհանրապես և Հնչակյան կուսակցությունը մասնավորապես, արժանին պետք է մատուցի Եղիկ Ճէրէճեանին, որի ամենօրյա աշխատանքի արդյունքում մեր սեղանին են դրվում նորանոր հատորներ:

Նախքան «Ս. Սապահ-Գիւլեան (Ստեփանոս Տէր Դանիէլեան)» աշխատությունը, դոկտոր Ճէրէճեանը «Հրասիրտները» մատենաշարով հրատարակության է պատրաստել չորս հատոր՝ «Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան)», «Ս. Վահագն (Գրիգոր Նալպանտեան)», «Պանդուխտ (Միքայէլ Սերեան)» և «Ժիրայր (Մարտիրոս Պոյաճեան)»:

Եղիկ Ճէրէճեանը տասից ավելի գրքերի, ինչպես նաև գիտական հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։