Forced Conversions in Ottoman Turkey. ԱՆԻ կենտրոնի ստացած գրքերից

2839

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի Ժիրայր Սարգիսեան հայագիտական գրադարանը հեղինակից՝ Արա Քեթիպեանից (Ara Ketibian) ստացել է Forced Conversions in Ottoman Turkey: Reports from the U.S. Press (1895 – 1920) արժեքավոր հատորը:

Գրականագետ, հետազոտող, ցեղասպանագետ Քեթիպեանը բազմաթիվ գրքերի հեղինակ է: Այս հատորը՝ թարգմանաբար՝ «Օսմանյան Թուրքիայում ստիպողական հավատափոխությունը: Միացյալ Նահանգների մամուլի հրապարակումները (1895 – 1920)», ներառում է ամերիկյան մամուլի քսանհինգ տարվա ժամանակաշրջանի լուրերը, կարծիքները և ականատեսների վկայությունները Օսմանյան կայսրության տարածքում՝ Փոքր Ասիայում, քրիստոնայաների ստիպողական հավատափոխության մասին:

Ամերիկյան մամուլը, այդ թվում հեղինակավոր Նյու Յորք Թայմսը, Բոստոն Դեյլի Գլոբը, Վաշինգտոն Փոստը, Քրիսշչըն Սայնս Մոնիթորը, Լոս Անջելես Թայմսը, Չիկագո Դեյլի Թրիբյունը, լայնորեն անդրադարձել են թեմային, այդ թվում Փոքր Ասիայի տարբեր վայրերում հույների ստիպողական հավատափոխության օսմանյան քաղաքականությանը:

Այս հատորը աղբյուրագիտական կարևոր հանրագիտարան է Հայոց ցեղասպանության ուսումնասիրողների համար: Դա արժեքավոր է հատկապես այն պատճառով, որ հայկական ջարդերի ու բռնի հավատափոխության մասին տեղեկություններ հաղորդում է ոչ թե հայկական կողմը, այլ երրորդ՝ ամերիկյան աղբյուրը:

Գրքում հոդվածները տեղադրված են ըստ թվականների: Վերջում կա նաև տեղանունների և անձնանունների ինդեքս, ինչը առավել դյուրացնում է հետազոտողների աշխատանքը:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն