Խորհրդային ինքնավարություններից չկա միայն Արցախը

2600

Խորհրդային Միությունը (1922-1991) կազմված էր 15 միութենական հանրապետություններից, որոնցից տարածքով ամենամեծը Ռուսաստանն էր, իսկ ամենափոքրը՝ Հայաստանը:

Միութենական հանրապետությունների կազմում կային նաև ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար օկրուգներ:

Ինքնավար հանրապետությունների թիվը 20 էր, որոնցից 16-ը Ռուսաստանի կազմում, 2-ը՝ Վրաստանի, 1-ը՝ Ադրբեջանի, 1-ը՝ Ուզբեկստանի կազմում:

Ինքնավար մարզերի թիվը 8-ն էր, որից 5-ը Ռուսաստանի կազմում, 1-ական՝ Ադրբեջանի, Վրաստանի և Տաջիկստանի կազմում:

Ինքնավար օկրուգներ կային միայն Ռուսաստանի կազմում, թվով 10:

Բոլոր 15 միութենական հանրապետությունները ԽՍՀՄ փլուզման ընթացքում և դրա արդյունքում անկախություն ձեռք բերեցին կամ ստացան:

Անդրկովկասում կային երեք միութենական հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, երեք ինքնավար հանրապետություններ՝ Նախիջևան (Ադրբեջանի կազմում) և Աբխազիա ու Աջարիա (Վրաստանի կազմում), և երկու ինքնավար մարզեր՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (Ադրբեջանի կազմում) և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ (Վրաստանի կազմում):

Աբխազիան և Հարավային Օսիան հռչակել են իրենց անկախությունը Վրաստանից, որը ճանաչել են միայն Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան: Աշխարհի մյուս պետությունները Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում են Վրաստանի տարածք:

Անդրկովկասում, այնպես էլ ամբողջ ԽՍՀՄ տարածքում միակ ինքավար միավորումը, որը այսօր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղն է:

ԼՂԻՄ ձևավորվել է 1923 թվականի հուլիսի 7-ին Խորհրդային Ադրբեջանի ԿԳԿ նախագահի տեղակալ Մ. Վ. Կասումովի հրամանագրով:

Խորհրդային Ադրբեջանը ԼՂԻՄ-ը լուծարել է 1989 թվականի նոյեմբերի 28-ին, որին ի պատասխան, մի քանի օր անց, տեղի է ունեցել Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միավորման դեկտեմբերի 1-ի որոշումը:

2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»:

2020 թվականի պարտությունից երկու տարի անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս:

2023 թվականի սեպտեմբերի 19–ին և 20–ին՝ ավելի քան ինը ամիս շարունակվող շրջափակումից հետո, Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախի դեմ: Հայաստանը հայտարարեց, որ չի միջամտելու, Ռուսաստանն ու ռուս խաղաղապահները ևս ոչինչ չարեցին: Մի քանի օր անց սկսվեց հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը: Շուրջ 120 հազար հայ արմատախիլ արվեց բնօրրանից:

Սեպտեմբերի 28–ին մամուլում հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թվում` զենքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների և ունեցվածքի ազատ, ինքնակամ և անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել․

1. մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։

2. Լեռնային Ղարաբաղի բնակչությանն, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանալ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորությունը ինքնուրույն և անհատապես որոշելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղից բացի, ԽՍՀՄ փլուզման պահին առկա բոլոր ինքնավար հանրապետությունները, ինքնավար մարզերն ու օկրուգները, պետականության/ինքնիշխանության/վարչական սահմանների այս կամ այն չափերով ու ատրիբուտիկայով և ամենակարևորը՝ իրենց ժողովրդով, լինի փոքրամաասնություն կամ մեծամասնություն, պահպանվել են:

Ու միակը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է, որտեղ չի մնացել գեթ մեկ հայ:

Այսպիսով, մենք՝ հայերս, որ պարծենում էինք, թե ղարաբաղյան շարժումով կործանել ենք Խորհրդային Միությունը, կորցրել ենք Արցախը և Նախիջևանի հայությունը:

Նախիջևանը և Արցախը կորցնելու հարցում կարող ենք մեղադրել Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին:

Բայց ավելի կարևոր է այլ հարց տալ. այդ ինչպես և ինչու բոլոր ինքնավար հանրապետությունները, մարզերն ու օկրուգները մնացին, ավելին՝ պահեցին իրենց տոհմիկ հայրենիքը և միայն մենք՝ հայերս չկարողացանք դա անել:

Մտածելու բան է, խորը մտածելու բան, եթե անգամ անուղղելի համոզված ես, որ քո դժբախտությունը ռուսը, թուրքը և ադրբեջանցին են առանձին կամ երեք միասին վերցրած:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Վասիլի Կրեստյանինովի, Ասոշիյթիդ Փրես