Պարսից հյուպատոսի ժամանումը Երևան. Հայաստան-Իրան կապերից, 1920 թվական

16430

Պարսից հյուպատոսի ժամանումը

Ամսի 8-ին [1920 թվականի հունվար] Երևան ժամանեց պարսից հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը, ով հինգ ամսից ի վեր կարևոր հանձնարարություններով բացակայում էր մայրաքաղաքից: Կայարանում նրան դիմավորեցին պատշաճ՝ իշխանության ներկայացուցիչները:

Նշանակալից է այն հանգամանքը, որ Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Երևան է վերադառնում պարսիկ կառավարության կողմից Անդրկովկաս ուղարկված քաղաքական-առևտրական առաքելության առաքելության Հայաստան գալու նախօրյակին: Վերադառնում է վարձատրված իր երեքամյա փայլուն գործունեության համար թե աստիճանի բարձրացումով, թե առյուծի և արեգակի երկրորդ կարգի ադամանդազարդ շքանշանով, որ հազվագյուտ է նման պաշտոնի համար: Վերադառնում է այն ժամանակ, երբ ծրագրվում էր նրան Կ. Պոլիս  գլխավոր հյուպատոս ուղարկել:

Բայց Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը անձնավորությունը, նրա երեքամյա պաշտոնավարությունը և պարսից կառավարության՝ նրան ցույց տված արտակարգ ուշադրությունը կասկածի տեղ չեն թողնում, որ երկու հարևան պետությունների միջև բարեկամական հարաբերությունները պիտի զարգանան և ավելի իրական արտահայտություններ պիտի ստանան:

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 11 հունվարի, 1920, թիվ 8