Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:
Արժեքավոր այս հատորը առաջին անգամ արևելահայերենով տպագրվել է 2018 թվականին՝ ԱՆԻ կենտրոնի կողմից: Սա արևելահայերեն երկրորդ հրատարակությունն է:
Այս հատորը նախապես հատվածաբար տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» հանդեսում, ապա առանձին գրքով Աթենքում 1930-ին՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով: 1968-ին Բեյրութում հրատարակվել է երկրորդ անգամ:
Խատիսյանը 20-րդ դարի առաջին տասնամյակների ամենանշանավոր հայերից է, զբաղեցրել է Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի քաղաքապետերի պաշտոնը:
1918 թվականի հունիսի 4-ին Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի հետ ստորագրել է Բաթումի դաշնագիրը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
Խատիսյանը 1918-ի գարնանը մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, ամռանը և աշնանը եղել է Հայաստանի այն պատվիրակության կազմում, որը Պոլսում բանակցել է Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից Էնվերի ու Թալեաթի հետ: 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Խատիսյանը Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցել, իսկ դեկտեմբերի 3-ի լույս գիշերը ստորագրել է Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
—-
Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի այս հատորի նոր հրատարակության համար շնորհակալության եմ հայտնում Յովակիմեան ընտանիքին՝ Դամասկոսից, և այն նվիրում եմ ընտանիքի հոր՝ Յակոբ Յովակիմեանի հիշատակին:
—-
Շնորհակալություն եմ հայտնում ԱՆԻ հիմնադրամի Պատվո խորհրդի անդամ Րաֆֆի Գարիբյանին՝ կենտրոնի աշխատանքներին հետևողականորեն և անշահախնդիր կերպով աջակցելու համար։
Թաթուլ Հակոբյան
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
Նոյեմբերի 20, 2025թ, Դովեղ
ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով













