Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անձնական շահերը այսօր համընկնում են

1904

Հայաստանի վարչապետի ամենամոլի պաշտպանների համար անգամ այնքան էլ հասկանալի չէ (թեև նրանք համեստորեն լռում կամ շրջանցում են գլխավոր թեման), թե ինչու է Նիկոլ Փաշինյանը համագործակցում հայ հոգևորականների մեջ ամենից սկանդալային և վարկաբեկված եպիսկոպոսներից Նավասարդ Կճոյանի հետ:

Ավելին, վարչապետ Փաշինյանը համագործակցում է եպիսկոպոսների խմբի հետ, որոնք կասկածվում, քննադատվում են այն նույն մեղքերի մեջ, ինչպիսի մեղքերի մեջ իշխող քաղաքական թիմը քննադատում է Ամենայն Հայոց կաթողիկոսին և նրա շուրջ գտնվող մի քանի եպիսկոպոսների՝ կուսակրոնության ուխտը խախտել, բիզնեսներ ու սիրուհիներ պահել, քաղաքական տեքստեր ու հայտարարություններ անել և այլն:

Քաղաքականության մեջ, իսկ ՀՀ կառավարություն-Մայր Աթոռ այսօրվա կռիվը որևէ կապ չունի հոգևորի հետ, թեև պաշտոնյաները ցուցադրաբար ծնկի են գալիս տարբեր եկեղեցիներում… քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, այլ կան շահեր և այսօր Նիկոլ Փաշինյանի և Նավասարդ Կճոյանի անձնական շահերը համընկնում են: Հենց որ վարչապետին հաջողվի իրագործել իր ծրագիրը՝ գահընկեց անել Գարեգին Բ-ին, կասկած չունեմ, որ նա կրկին հիշելու է Նավասարդ Կճոյանի սկանադալային անցյալը: Այժմ իշխող թիմին անհրաժեշտ են հնարավոր թվով շատ եպիսկոպոսներ, որոնք պատրաստ են ապստամբել Ամենյան Հայոցի դեմ:

Երեկվա պարոն Կճոյանը այսօր դարձել է սրբազան, անհրաժեշտություն լինի՝ իշխանավորները կհամբուրեն նաև նրա մաքուր ձեռքերը և դա կանեն հրապարակավ, միայն թե հասնեն նպատակին:

ՀՀ իշխանությունները հասկացել են, որ կաթողիկոսին, խոսքը միայն Գարեգին Բ-ի մասին չէ, անհնար է հեռացնել, քանի դեռ Վեհափառը հրաժարական չի տալիս: Գարեգին Բ-ի քայլերն ու տեքստերը բոլորովին էլ չեն խոսում այն մասին, որ նա պատրաստ է ինքնակամ հանգստի կոչվել, ինչպես փաղաքշաբար ասում են Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքում նրա դեմ ապստամբած մեկ տասնյակ եպիսկոպոսները:

Ամենայն Հայոցից, խոսքը կրկին Գարեգին Բ-ի մասին չէ միայն, կարելի է ազատվել.

ա/ երբ Վեհը ինքնակամ կամ պարտադրաբար հրաժարական է տալիս, ինչպես արել են կաթողիկոսներ Քրիստափոր Բ Ապահունին 630 թվականին կամ Եփրեմ Ա Ձորագեղցին 1830-ին,

բ/ իշխանությունները ոստիկանական ուժերի, բանակի և այլ կառույցների օգնությամբ գրավում են Մայր Աթոռն ու Վեհարանը և այլևս թույլ չեն տալիս Վեհափառին վերադառնալ իր նստավայր (թեև այդ դեպքում էլ կաթողիկոսը մնում է կաթողիկոս),

գ/ կաթողիկոսը մահանում է կամ սպանվում, ինչպես եղել է մեր պատմության մեջ:

Ահա այս իրականությունն է, որ իշխող թիմին և մասնավորապես վարչապետ Փաշինյանին ստիպել համագործակցել Հայ առաքելական եկեղեցու ամենասկանդալային և բարեվարքությունից հեռու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

Թաթուլ Հակոբյան, ԱՆԻ կենտրոն

Դեկտեմբերի 9, 2025, Դովեղ

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը
ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ
2050822110581001 – Հայկական դրամ
2050822110581020 – Դոլարային հաշիվ
2050822110581040 – Հաշիվ եվրոյով
2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով