Ջավախքը Հայաստան-Վրաստան հարաբերություններում. 5 դեկտեմբեր, 1918 թվական

17170

Երևան, 5 դեկտեմբերի

ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՀԱՐՑԸ

Վրաստանի արտաքին գործոց մինիստր Ե. Գեգեչկորին ասել է Թիֆլիսի հայ գործիչներին, թէ Վրաստանում չկայ մի մարդ, որ համաձայնի Ախալքալակի գաւառը զիջել հայերին:

Եթէ խօսքը Գորու շրջանի Ախալքալակ գիւղի մասին է, իհարկէ, պարոն մինիստրին ոչ ոք չի առարկի, բայց եթէ հարցը Ախալքալակ գաւառին է վերաբերում, այն ժամանակ մենք էլ կասենք, թէ՝

-Հայաստանում չկայ և ոչ մի մարդ, որ համաձայնի Ախալքալակի գաւառը, որևէ մեկին զիջել:

Ախալքալակի գաւառը, ինչպէս և Բորչալուն, վրաց դեմոկարտիայի ղեկավարների համար դարձել է գայթակղութեան քար: Դեռ երէկ նրանք փառաբանում էին ռուսական յեղափոխութեան առաջ բերած ժողովուրդների ինքնորոշման գաղափարը, և յանուն այդ գաղափարի ջատագովում էին Վրաստանի անկախութիւնը…

Այսօր նրանք այլ երգ են երգում: Նոյն իսկ ամենից քիչ ազգայնամոլ համարւած Գեգեչկորիի բերանով յաւակնութիւն են յայտնում մի գաւառի վրայ, ուր գրեթէ ոչ մի վրացի գոյութիւն չունի: Ինչպէս Ի. Ծերեթելին է հիմնաւորել, Ախալքալակի գաւառը անհրաժեշտ է Վրաստանին տնտեսական և մանաւանդ, ռազմագիտական նպատակներով: Իսկ թէ այդ Ախալքալակի կոչւած գաւառը զուտ հայկական է և նրա մէջ ապրող ազգաբնակութիւնը վճռականապէս դէմ է Վրաստանին միանալուն, այդ սոցիալ-դեմոկրատ Ծերեթելիի վէճը չէ: Ծերեթէլին չի կամենում մտածել և այն բանի վրայ, որ եթէ Ախալքալակը ‘ռազմագիտական’ նկատումներվ անհրաժեշտ է Վրաստանին, նոյնքան և աւելի մեծ չափով հարկաւոր է նաև Հայաստանին:

Ախալքալակը, իհարկէ, Հայաստանի անբաժան մասն է կազմում: Այս մասին Հայաստանում երկու կարծիք չկայ, բոլոր կուսակցութիւններն այս տեսակէտի վրայ են կանգնած: Այսօր հայկական Ախալքալակը կամենում են գրաւել Վրաստանի ղեկավարները: Ինչպէս ասում են, նոյնիսկ տաճիկների և նրանց մէջ համաձայնութիւն էլ է գոյացել, որ տաճիկ զօրքերը հեռանալիս Ախալքալակը յանձնեն վրացիներին, և գեներալ Մակաևի զօրամասը պատրաստ կանգնած է Բակուրիանում, որ առաջ շարժւի:

Պարզ է, որ Վրաստանի այս ագրեսիւ և անարդար քայլը պէտք է հանդիպի Հայաստանի կառավարութեան և բովանդակ ժողովրդի կողմից բուռն դիմադրութեան, և հայ-վրացական յարաբերութիւնները, որ առանց այն էլ լարւած են, աւելի ևս պիտի վատանան: Ո՞վ է օգտւելու դրանից, թող վճռեն Ժորդանիաները ու Գեգեչկորիները, որոնք պատրաստւում են երկու եղբայրակից ժողովուրդներին կռւեցնել իրար հետ: Թող մտածէ վրաց սոցիալ-դեմոկրատիան, որ իր դրօշի վրայ գրել է ‘ազգերի ինքնորոշում’ նշանաբանը, իսկ իրականի մէջ խեղդում է ազգերի իրաւունքը և պատրաստւում է երկաթով և արիւնով, նւաճելու հայաբնակ, Հայաստանի մասը կազմող և Վրաստանի հետ միանալ չուզող Ախալքալակը:

Անդրկովկասը ազգերի խառնարան է: Այս երկրի խաղաղութիւնն ու բարգաւաճումը ամբողջապէս կախւած է երեք գլխաւոր ժողովուրդների-հայերի, թաթարների, և վրացիների համերաշխ կենակցութիւնից: Դժբախտաբար, թաթարները գործիք դարձան տաճիկների ձեռքին և մի առ ժամանակ առանձնացան անդրկովկասեան միւս ազգութիւններից: Վրացիների ընթացքը նոյնպէս ոչնչով չի նպաստում համերաշխութեան: Տարւած ինչ որ իմպերիալիստական ու վեհապետական ցնորքներով, վրաց ղեկաւարները հիւանդագին զգայուն են, երբ որ խնդիրը իրենց է վերաբերւում, և անսահմանօրէն անտարբեր կամ անգութ, երբ խօսքը հարեւանների մասին է: Այսպիսի մտայնութիւնն, իհարկէ, չի կարող ապահովել Անդրկովկասի անդորութիւնն ու ժողովուրդների եղբայրական միութիւնը:

Ախալքալակի խնդիրը վրաց գործիչների ցաւագար տրամադրութեան արտայայտութիւններից մէկն է: Նրանք, մոռանում են, որ այսօր՝ տաճիկների օժանդակութեամբ կամ օգտւելով իրենց, համեմատաբար, աւելի բարեյաջող պայմաններից, թերևս, գրաւեն Ախալքալակը, բայց դրանով նրանք Անդրկովկասում կստեղծեն մի երկրորդ Էլզաս-Լոտարինգիա, որ միշտ կռւախնձոր կլինի երկու հարևան ժողովուրդների միջև: Եւ որ այդ այդպէս կլինի, դրա վկայ այն, որ Հայաստանում չկայ և ոչ մի մարդ, որ համաձայնի Ախալքալակի գաւառը որև է մէկին զիջել:

ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիւ 76, հինգշաբթի, 5 դեկտեմբեր, 1918  

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(76).pdf