1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Այս խմբագրականը լույս է տեսել Երևանում լույս տեղնող ՀՅԴ պաշտոնաթերթ ՅԱՌԱՋ-ի նոյեմբերի 21-ի համարում: ՅԱՌԱՋ-ի նախորդ խմբագրականը՝ Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը, կարդալ այստեղ:
Զինադադարը
Թուրքական կառավարության առաջարկած զինադադարը որոշ փոփոխություններով ընդունվեց մեր և թշնամու կողմից և ամսի 18-ին մտավ ուժի մեջ:
Ծանր են զինադադարի պայմանները, բայց նկատի ունենալով մեր բանակի հոգեկան վիճակը և մեր ժողովրդի ընդհանուր տրամադրությունները, կառավարությունը ստիպված եղավ ընդունել այդ պայմանները:
Կառավարությունը կամեցավ սպառել բոլոր միջոցները մի ընդհանուր լեզու թշնամու հետ և հաշտություն կնքելու:
Ամսի 24-ին Ալեքսանդրապոլում պիտի սկսվեն հաշտության բանակցություններ: Նրանց հետևանքից է կախված մեր ժողովրդի և պետության գոյությունը:
Ոչ զինադադարի կնքումը, ոչ էլ հաշտության բանակցությունների սկսումը չի նշանակում տակավին, որ հայ ժողովուրդը կարող է զենքը վար դնել արդեն և հանգիստ շունչ քաշել:
Որովհետև քանի դեռ կնքված չէ հաշտությունը, քանի դեռ ոչ մի երաշխիք չկա, որ կկարողանանք ձեռք բերել մեզ համար մի այնպիսի հաշտություն, որ հնարավորություն տար մեր ժողովրդին ապրել և զարգանալ, քանի դեռ ոչ մի իրական հիմք չունենք վստահելու թշնամու շիտակությանը, վերջապես, քանի դեռ բոլորովին անհավանական չէ, որ թշնամին կարող է զինադադարից հետո դժբախտ անակնկալներ ստեղծել մեզ համար, մեր բանակը և ժողովուրդը պիտի սպառազեն պատրաստ լինեն պաշտպանելու այն, ինչ որ ոչ մի դեպքում մենք չենք կարող զիջել թշնամուն` մեր ժողովրդի գոյության իրավունքը:
Եթե հաշտության բանակցությունների ընթացքում պարզվի, որ թշնամին չի կամենում հաշտվել մեր գոյության հետ անգամ, եթե պարզվի, որ նա ձգտում է իրոք խեղդել, ոչնչացնել մեր ժողովրդին, քանդել մեր պետությունը, մենք պիտի պատրաստ լինենք մղելու վերջին հուսահատական կռիվը հանուն մեր գոյության:
Եվ որպեսզի մեր բանակցությունները դրական արդյունք տան, անհրաժեշտ է, որ մեր երկրում տիրի կատարյալ հանգստություն, խստագույն կարգապահություն: Ամեն տեսակ անկարգապահություն, ամեն տեսակ անկարգություն, մանավանդ այս պատասխանատու օրերին, կարող է միայն նպաստել թշնամուն՝ մեր ժողովրդին դնելու ավելի վատթար պայմանների մեջ:
Հաշտության բանակցությունների ընթացքում, ինչպես և պատերազմական գործողությունների, հայրենիքը պահանջում է իր բոլոր հարազատ զավակներից լինել պատրաստ ամեն զոհողության, լինել խստորեն կարգապահ, լինել աչալուրջ և ինքնազուսպ:
Մեր կառավարությունը անում է ամեն տեսակ զոհողություններ, որպեսզի որքան կարելի է շուտ հաշտություն ձեռք բերի ժողովրդի համար:
Մեր ժողովուրդը, որ այնքան կարոտ է հաշտության, ավելի քան երբևէ պիտի աջակից լինի իր կառավարությանը, որպեսզի նա կարողանա հաջողությամբ վերջացնել հաշտության սկսվելիք բանակցությունները:
Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, կիրակի, 21 նոյեմբեր, թիվ 256
Խմբագրության հասցեն՝ Աբովյան փողոց, Գրասենյակի հասցեն՝ Կրեպոստնայա փողոց, թիվ 3













