Քանի՞ հայ եկեղեցի գոյություն ունի. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի զրույցը Ջովաննի Գուայտայի հետ

2675

Ջովաննի Գուայտա – Այժմ ես կուզենայի ծանոթանալ ձեր Եկեղեցու կառուցվածքին: Դուք 4 Աթոռ ունեք՝ 2 Պատրիարքություն և 2 Կաթողիկոսություն: Պատմական ի՞նչ պատճառներ են պայմանավորել Եկեղեցու այսպիսի կառուցվածքը: Հայկական մե՞կ, թե՞ մի քանի Եկեղեցիների մասին պետք է խոսել:

Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս – Գոյություն ունի հայկական մեկ Եկեղեցի, նրա հոգևոր կենտրոնը Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսությունն է, որը մինչև 15-րդ դարը առաջինն ու միակն էր: Այլ կաթողիկոսությունների գոյությունը դրանից առաջ պայմանավորված էր ժողովրդի կյանքի պատմական հանգամանքներով, դրանք տեղային սահմանափակ իրավասություն են ունեցել: Օրինակ, Աղթամարի Կաթողիկոսությունը (կղզի Արևմտահայաստանում, որն այժմ Թուրքիայի տարածքում է), գոյատևել է 12-ից մինչև 19-րդ դարը, և նրա իրավասության ներքո էր Վանի՝ Վասպուրականի նահանգը: Նույն ձևով եղել են ուրիշ Կաթողիկոսություններ նույնպես, բայց մի քանի տարի կամ տասնամյակ գոյատևելով՝ վերացել են այն հանգամանքների փոփոխությամբ, որոնք նրանց կյանքի էին կոչել:

15-րդ դարում տեղի է ունեցել մի կարևոր իրադարձություն: Ամենայն Հայոց կաթողիկոսությունը 11-րդ դարից Մեծ Հայաստանից դուրս էր, գտնվում էր այն տարածքում, որը հայտնի է որպես Կիլիկիա: 1293-ին Ամենայն Հայոց Աթոռը հիմնավորվեց Սիսում՝ Կիլիկյան թագավորության մայրաքաղաքում: 1375-ին մամլուքները նվաճեցին Սիսը և կործանեցին Կիլիկյան թագավորությունը: Կաթողիկոսարանը դեռևս Սիսում էր մնացել: Բայց արդեն մտածում էին այն վերստին տեղափոխել իր օրրանը՝ Սուրբ Էջմիածին: Այղ ժամանակաշրջանում Հռոմի Եկեղեցին Խաչակրաց արշավանքների միջոցով և կրոնական տարբեր Միաբանությունների օգնությամբ Կիլիկիայում ձեռնարկեց քարոզչական բնույթի շատ փորձեր, որոնք բացարձակապես չխրախուսվեցին հայերի կողմից: Տվյալ հանգամանքն էլ մեր Եկեղեցուն հարկադրեց իր կենտրոնը տեղափոխել Էջմիածին, ինչը և տեղի ունեցավ 1441-ին: Սիսի Կաթողիկոս Գրիգոր Թ-ն, արդեն առաջացած տարիքում լինելով, անձնապես չուզեց տեղափոխվել: Այնժամ Ազգային եկեղեցական ժողովն Էջմիածնում ընտրեց նոր Ամենայն Հայոց կաթողիկոս: Գրիգոր Թ-ի մահից մի քանի տարի անց Կիլիկիայում ընտրվեց մեկ ուրիշ Կաթողիկոս այդ շրջանի համար, որը Հայաստանից քաղաքական կախում չունեցող մարզ էր: Կաթողիկոսությունը շարունակեց գոյություն ունենալ, բայց նրա իրավասությունը տարածվում էր միայն հին Կիլիկիայի վրա:

1920-ին, երբ հայերը թողեցին Կիլիկիան և ապաստանեցին հատկապես Սիրիայում ու Լիբանանում, Կաթողիկոսը թողեց Սիսը և ինը տարի մնաց առանց մշտական Աթոռի, վերջապես, նա հաստատվեց Անթիլիասում, Բեյրութի մոտ ու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համաձայնությամբ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքից իր իրավասության ներքո ընդունեց Լիբանանում և Սիրիայում գտնվող որոշ թվով եկեղեցիներ: Հիմա Կիլիկյան Աթոռի իրավասությունը տարածվում է երեք երկրների՝ Սիրիայի, Լիբանանի ու Կիպրոսի վրա:

Ջովաննի Գուայտա – Իսկ մյուս երկու Պատրիարքություննե՞րը:

Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս – Երուսաղեմի Պատրիարքությունը վաղուց գոյություն ունի. 4- 5-րդ դարերում հայտնի էր իբրև տեղական Եկեղեցի, իսկ 14-րդ դարից՝ որպես Պատրիարքություն: Այս Պատրիարքությունն զբաղվում է սրբավայրերի պահպանության, ինչպես նաև սուրբ քաղաք այցելող ուխտավորների հոգևոր կարիքների հարցով: Բացի դրանից, այժմ նրա իրավասության շրջանակում է Հորդանանի հայկական համայնքը:

Կոստանդնուպոլսի Պատրիարքությունը, որը 1461 թ. հիմնադրվել է Կոստանդնուպոլիսը նվաճող սուլթան Ֆատիհ Մուհամմեդի հրամանով, Օսմանյան կայսրության անկումից և Աթաթյուրքի աշխարհիկ պետության հռչակումից հետո դարձել է Թուրքիայում ապրող հայերի հոգևոր կենտրոնը:

Ջովաննի Գուայտա – Կարճ ասած՝ ձեր եկեղեցական համակարգը կախված է եղել պատմական հանգամանքներից: Հայ Եկեղեցին մեկն է, և նրա հոգևոր կենտրոնը Էջմիածինն է. մյուս Աթոռների հաստատման հիմքում տարածքային բաժանումներն են, և պատրիարքություն ու կաթողիկոսություն անվանումները պահպանվում են ավանդությանը հավատարիմ մնալու պատճառներով:

Սակայն ինձ թվում է, առանձին դեպքերում երկու Կաթողիկոսությունների տարածքները համընկնում են, օրինակ՝ Ամերիկայում:

Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս – Եվս մեկ անգամ հարկ է անդրադառնալ պատմական հանգամանքներին: 1930-ին Անթիլիասում՝ Լիբանանում, վերահաստատվել է Կիլիկիո Աթոռը, իբրև տեղական, իր իրավասությունից բխող գործերում անկախ կաթողիկոսություն: Խորհրդային պետությունը 1956-ին, գաղափարական քարոզչության նպատակով, փորձեց վերահսկողություն հաստատել Կիլիկյան Աթոռի վրա: Դրա համար համայնավարներն օգտագործեցին Էջմիածնի Աթոռի անունն ու հեղինակությունը: Կիլիկիո կաթողիկոսությունն ընդդիմացավ համայնավարների այդ փորձերին: Ես դեռևս երիտասարդ վարդապետ, պաշտպանել եմ այդ Աթոռի վարչական անկախությունը, որտեղ ստացել եմ իմ քահանայական պատրաստությունը և ծառայել իբրև վարդապետ, եպիսկոպոս և մինչև իսկ՝ Կաթողիկոս: Այդ բախման հետևանքով սփյուռքի որոշ համայնքներ չցանկացան մնալ եկեղեցական այն Աթոռի իրավասության տակ, որի միջոցով խորհրդային համայնավարները քաղաքական հրահանգներ էին տալիս, և Կիլիկիո Կաթողիկոսությանը խնդրեցին իրենց ընդունել իր իրավասության ներքո, այդպես վարվեցին Իրանի և Հունաստանի համայնքները:

Ամերիկայում պատկերը մի քիչ տարբեր է: 1933-ին, երկու մեծ տերությունների միջև սառը պատերազմի ժամանակ, մասնավորաբար Նյու Յորքում հայ արքեպիսկոպի անարգ սպանությունից հետո, ամերիկյան հայ համայնքի մի մասը կազմավորեց ինքնավար Առաջնորդարան, որը չճանաչվեց և ոչ մի Պատրիարքության կողմից: Բայց 1957-ին, երկու կաթողիկոսությունների միջև լուրջ տարաձայնությունների ժամանակ, ամերիկահայ այդ համայնքները միացան Կիլիկիո Աթոռին:

Սրանք են ահա պատմական այն հանգամանքները, որոնցով բացատրվում է այդ երկրներում մեր Եկեղեցու կացությունը: Տարբեր իրավասությունների տակ գտնվող այդ համայնքները չունեն դավանաբանական, արարողակարգային կամ կանոնական բնույթի տարբերություններ:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ,

Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ, 1998 թ.