Տիգրանաշենը (Քյարքի)` Հայաստանի Հանրապետության, ապա Խորհրդային Հայաստանի մաս

4155

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, որը մինչեւ 1990 թվականը կրում էր Քյարքի անունը եւ, որպես Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գյուղ, անկլավ էր Խորհրդային Հայաստանի կազմում, եղել է Հայաստանի Հանրապետության (1918-1920/21), ապա Խորհրդային Հայաստանի մաս առնվազն մինչեւ 1926 թվականը:

1926-ին ԽՍՀՄ-ում անցկացվել է առաջին մարդահամարը, որի տվյալներից հստակ երեւում է, որ այդ եւ հարեւան մեկ այլ գյուղ՝ Գենուտը (Գյուննութ), եղել են Խորհրդային Հայաստանի մաս, հակառակ դեպքում տվյալներն ընդգրկված կլինեին Խորհրդային Ադրբեջանի մարդահամարի ցուցակներում:

20-րդ դարի հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային աշխատության մեջ՝ հրապարակված 1933-ին, Քյարքի անունով գյուղ ընդհանրապես չի հանդիպում: Պատճառն այն է, որ Քյարքին ավելի վաղ կրել է Ջաֆառլու եւ Գյուննութ-Ջաֆառլու անունները:

Ջաֆառլուն Խորհրդային Հայաստանի, իսկ ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության մաս է եղել, իսկ 1926 թվականի քարտեզում այն նշված չէ որպես անկլավ: Ջաֆառլուն Գյուննութ գյուղի հետ (այսօր գտնվում է Նախիջեւանի կազմում եւ ընկնում է Զանգակատան դիմացի սարի հետեւի հատվածում՝ դեպի Ելփին, բնակեցված չէ) Խորհրդային Հայաստանի մաս է կազմել:

1920-ականներին բազմաթիվ են եղել վիճելի տարածքները Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ, եւ որոշ դեպքերում ուղղակի տեղի են ունեցել տարածքային փոխանակություններ: Ամենայն հավանականությամբ, հենց այդպիսի տարածքային փոխանակությունից հետո է Գյուննութը, որ հայկական աղբյուրներում հանդիպում է Գենուտ անունով, անցել Նախիջեւանին, իսկ Ջաֆառլուն՝ Քյարքին՝ վերածվել անկլավի Խորհրդային Հայաստանի կազմում:

1919 եւ 1922 թվականների մարդահամարի՝ հաշվառումների ժամանակ Ջաֆառլու գյուղում, որը Կորկոտյանի ցուցակում նշված է Վեդիի գյուղերի մեջ, բնակչություն չի եղել: 1926-ին գյուղն ունեցել է 162 բնակիչ, որից 5-ը՝ հայ, 53-ը՝ քուրդ, 104-ը՝ թուրք: 1931-ին գյուղն ունեցել է 156 բնակիչ, բոլորը՝ թուրքական խմբի ներկայացուցիչներ:

Խորհրդային Հայաստանի Գենուտ, ադրբեջաներենում Գյուննութ դարձած գյուղում 1926 թվականին եղել է 49 բնակիչ, բոլորը՝ թուրք: 1931 թվականին այնտեղ բնակչություն այլեւս չի եղել:

Արցախյան պատերազմը սկիզբ է առել հենց Քյարքիի հատվածից: 1990-ի սկզբին, երբ սկսվեցին փոխադարձ հրետակոծությունները Երասխ-Սադարակ հատվածում, հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Քյարքիի վրա, եւ, այդպիսով, Արարատյան դաշտից ճանապարհը դեպի Արցախ, Սյունիք եւ Իրան դարձավ անվտանգ:

Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 31 օգոստոսի, 2021թ

Թեմայի շուրջ դիտել նաև՝