Ներկայացվող երեք կարճ լուրերը տեղ են գտել ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթի սեպտեմբերի 16-ի համարում։
—–
ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՕՐԷՆՔ
Վանանդի նահանգը զինւորական դրութեան մէջ յայտարարելու մասին
Հաստատւած է 1920թ. սեպտեմբերի 14-ին
Վանանդի նահանգը [Կարսի շրջան] յայտարարել զինւորական դրութեան մէջ, քաղաքացիական և զինւորական իշխանութիւնները կենտրոնացնել Ալէքսանդրապօլի զօրախմբի պետ աւագ զօրավար Փիրումեանի ձեռքում:
Նախարարապետ Հ. Օհանջանեան
Ներքին գործոց նախարար Ռ. Տէր-Մինասեան
—–
ՊԱՐՏԱԴԻՐ ՈՐՈՇՈՒՄ
Երկրի ներկայիս տնտեսական ծանր պայմանները, շուկայում հագուստէղենի և կօշկեղէնի բացակայութիւնը չափից դուրս դժւարացնում են զօրքին հագուստեղէն և կօշկեղէն մատակարարելու գործը: Սակայն կառավարութիւնը ոչ մի միջոց չի խնայում լիովին բաւարարելու մեր հայենիքի պաշտպան քաջարի բանակի բոլոր կարիքները։ Մեծ դժւարութիւններով, ծանր զոհողութիւններով ձեռք են բերւում զինւորի հագուստեղէնն ու կօշիկները ու չի թողնւում որ վերջինս դուրս ելնելիս թշնամու դէմ իր կրծքով պաշտպանելու մեր սիրած հայրենիքը լինի բոկոտն ու մերկ:
Բայց դժբախտաբար գտնւում են դասալիքներ որոնք շահասիրութեամբ կուրացած զօրքի համար ձեռք բերւած հագուստեղէնն ու կօշիկները առեւտրի առարկայ են դարձնում և յիշեալ իրերը շատ կարճ ժամանակում դառնում են ընդհանուրութեան սեփականութիւն և ցաւելով տեսնում ենք ինչպէս այն հագուստեղէնը, որ նշանակւած էր մեր քաջարի զինւորների համար, հագնում են թիկունքից ժողովրդի լայն խաւերն, առանց զգալու, որ այդպիսով զրկում են դիրքերում գտնւած Հայրենիքի պաշտպաններին։ Այդպիսի դրութիւնը այլեւս անհանդուրժելի է և մի քանի անգամ ընդմիշտ պէտք է վէրջ տալ դասալիքին:
Ուստի սրանով հրամայում եմ․
1․ Այն բոլոր անհատներից որոնք չեն գտնւում զինւորական ծառայութեան մէջ և կրում են զինւորի հագուստ և կօշիկներ, անպայմանօրէն և անմիջապէս խլել այդպիսիները թեկուզ հէնց փողոցում:
- Այն անհատներից, որոնցից հագուստները ու կօշիկները կխլւին կիսամաշ կամ արդէն մաշւած դրութեան մէջ, պիտի ստանալ նաև խլւած իրերի ինչպէս նորերի արժէքը լիովին:
3․ Խլւած հագուստեղենն ու կօշիկները անմիջապէս յանձնել համբարակային վարչութեան մօտակայ պահեստները, իսկ դրամը մօտակա, պետական գանձարանում:
- Զօրամասերից փախած դասալիքների իրենց հետ տարած հագուստեղէնի ու կօշիկների արժէքը լիովին պահանջել նրա ընտանիքից իսկ, վերջինիս չքաւորութեան դէպքում՝ այն գիւղական հասարակութիւնից, որին պատկանում է դասալիքը:
- Այն անհատները, որոնք կը թագցնեն կամ կօժանդակեն ուրիշներին թաքցնելու չարամիտները, որոնք թալանում են պետական ջանքերով ձեռք բերած հագուստեղէնը և նրանք որոնք հագնւած կլինեն զինւորական հագուստներ, ենթարկւում են զինւորական դատարանի:
- Հրամայում եմ բոլոր պարէտներին, զօրամասի պետերին և ադմինիստրացիային, հետևյալ պարտադիր որոշումների ճշգրիտ իրագործմանը:
Ռազմական և ներքին գործոց նախարար՝ Ռուբէ Տէր-Մինասեան
ՄԵՐ ՃԱԿԱՏՈՒՄ
ՕԼԹԻԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեւան, 15 սեպ.- Զօրական գլխավոր շտաբի սեպտեմբերի 15-ի առաւօտեան ժամը 10-ի հաղորդագրութիւն.-
Օլթիի ուղղությամբ սեպտեմբերի 13-ի և 14-ի կռիւներից յետոյ, մեր զօրքերը հակառակորդի գերազանց ուժերի ճնշման տակ քաշւեցին և բռնեցին Ագունդիր և Քեշիր գիւղերի դիրքերը:
Սարիղամիշի ուղղությամբ անփոփոխ է: Կողբի շրջանում յաջող հետախուզութիւններեն կատարւում:
Յառաջ, ՀՅԴ, թիւ 200, Հինգշաբթի, 16 Սեպտեմբեր, 1920
Լուսանկարում՝ Կարսը 2019-ի սեպտեմբերին













