Բաքվից՝ Երևան, Հայկական կառավարությանը
Երևան, հայ ժողովրդին և հայկական կառավարությանը, պատճենը՝ Մոսկվա, Լենինին, Չիչերինին և բոլորին
․․․ Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը երբեք չի մտածել և չի մտածում հետապնդել որևէ նվաճողական նպատակներ հարևան գյուղացիության ու բանվորության նկատմամբ։ Ադրբեջանի աշխատավորությունը, հանուն դաշնակցական կառավարության լծի տակ հեծող հայ աշխատավոր ազգաբնակության շահերի, միայն մի ցանկություն ունի՝ Հայաստանի բանվորներին և գյուղացիներին ազատ տեսնել։
Չնայած, որ Հայաստանի բանվորությունն ու գյուղացիությունը դեռ չեն թոթափել դաշնակցական կառավարության լուծը և ավելի քան խուսափելով աշխատավորության արյունահեղությունից, Ադրբեջանի սոցիալիստական խորհրդային հանրապետության կառավարությունը ձեռք առնելով բոլոր միջոցները անհապաղ դադարեցնելու արյունահեղ ընդհարումները, առաջարկում է ներկայիս գոյություն ունեցող հայկական կառավարության վիճելի հարցերի լուծման համար բանակցությունների մեջ մտնել՝ ուղարկելով իր լիազորված ներկայացուցիչներին Բաքու քաղաքը, սույն թվի մայիսի 15-ից ոչ ուշ։
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղապահ՝ Հուսեյնով։
Հայաստանի արտգործնախարարի պատասխանը
Բաքու,
Ադրբեջանյան ժողովրդին և արտաքին գործերի կոմիսարի պաշտոնակատար Հուսեյնովին, պատճենը՝ [Բաքվում] Հայաստանի ներկայացուցիչ Հարությունյանին, Մոսկվա՝ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին և կոմիսարների նախագահ Լենինին․
Երևան, 12 մայիս
Ի պատասխան մայիս 8-ի Ձեր ռադիո-հեռագրի Ձեզ հաղորդում եմ հետևյալը․
Ձեր կառավարության հարձակումները Հայաստանի կառավարության դեմ հարկադրում է մեզ հայտնել Ձեզ, որ Ադրբեջանյան հեղաշրջման իսկական իմաստը հայ ժողովրդի և կառավարության կողմից արժանի կերպով գնահատված և հասկացված է։ Այդ հեղաշրջումը, որի հետևանքով իբր թե խան-բեկական մուսավաթական կառավարությանը փոխարինել է հեղափոխա-սոցիալիստական կառավարություն Ադրբեջանի պետական և և քաղաքական կյանքում, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի մտցրել։
Սոցիալիստական կոչված կառավարության առաջին իսկ քայլը եղավ Ղարաբաղի և Զանգեզուրի հայ աշխատավոր գյուղացիության վրա բռնի կերպով Ադրբեջանի իշխանության տարածման ուղղությամբ՝ հակառակ այդ շրջանների՝ կտրականապես և բազմիցս արտահայտած կամքի։
Ադրբեջանում Ձեր իշխանության հաստատման երկրորդ օրն իսկ Հայաստանի ստացած վերջնագրային նոտան իր ագրեսիվ բնույթով և ոչ մի բանով նախկին մուսավաթական կառավարության նման նոտաներից չէր տարբերվում։
Եթե նկատի ունենանք, որ նաև այն հավաստի տեղեկությունները թուրքական իմպերիալիզմի ղեկավար Մուստաֆա Քեմալի, որ Կիլիկիայում կոտորածների կազմակերպիչն էր և ուրիշների հետ Ձեր կառավարության ունեցած կապերի մասին և Ձեր երկրի պետական կյանքին Էնվեր, Խալիլ և Նուրի փաշաների մասնակցության մասին, որոնք արատավորված են Թուրքիայում և Կովկասում հայկական սարսափելի կոտորածներով, բնական է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող Ադրբեջանի ներկայիս կառավարությունը ճանաչել դեմոկրատական և սոցիալիստական։
Ձեր հայտագրում հիշատակելով բռնությունների մասին, որ իբր թե տեղի են ունեցել Հայաստանի զանազան վայրերում մուսուլման ազգաբնակության նկատմամբ, Դուք միանգամայն լռում եք այն բազմաթիվ ապստամբությունների և իսպառ բնաջնջման նպատակով հայ գյուղացիության ու զորքի վրա գործած հարձակումների մասին, որ կազմակերպվել են հենց այդ շրջաններում նախկին մուսավաթական կառավարության՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեկինսկու և այդ գործում նրա աջակցող, ըստ Ադրբեջանի կառավարության վկայության, թուրքական իմպերիալիստների կողմից․․․ Դուք բոլորովին չեք հիշում նաև հայ ազգաբնակության նկատմամբ գործադրած այն հռչակավոր մասսայական գազանությունների մասին, որ տեղի են ունեցել Նուխում, Արեշում, Գանձակում, Շամախում և Գողթանում։ Հայ աղջիկներն ու կանայք այժմ էլ, Ձեր իսկ կառավարության օրով, շարունակում եմ տառապել գերության մեջ Ադրբեջանի հարեմներում․․․ Նուրի փաշան շարունակում է գործել Ջիբրայիլում, իսկ Ղարաբաղի հայության ջարդը կազմակերպող Սուլթանովը կարմիր քղամիդ հագնելով՝ նորից իշխանության մեջ է մնացել։
Ավելի քան մնայուն խաղաղասիրության զգացմունքից դրդված՝ իմ կառավարությունը ընդունում է Ձեր կառավարության առաջարկությունը բանակցություններ սկսելու մասին՝ երկու հանրապետությունների միջև գոյություն ունեցող վիճելի հարցերը լուծելու համար։
Որպես լիազորված ներկայացուցիչներ՝ մեր կողմից Հայաստանի կառավարությունը նշանակում է Բաքվի իր դիվանագիտական ներկայացուցիչ Մ․ Հարությունյանին, ինչպես նաև Ղարաբաղ մեկնած անդրկովկասյան կոնֆերանսի պատվիրակության անդամներ Պոպովյանին և բժիշկ Յուզբաշյանին․․․
Բանակցությունների տեղը իմ կառավարությունը առաջարկում է Ղազախ քաղաքը․․․
Հայաստանի արտաքին գործերի նախարար՝ Օհանջանյան
Յառաջ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 99, ուրբաթ, 14 մայիս, 1920թ