Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե ինքնասպան է եղել սեպտեմբերի 11-ին գերեվարված քսանամյա Մանվել Սարիբեկյանը: Նա սովորական գյուղացի է, որն անասուններին փնտրելիս, մառախուղի պատճառով մոլորվել ու հատել է հայ-ադրբեջանական սահմանը, – պնդում է հայկական կողմը: Նա պատրաստված դիվերսանտ է, որն անցել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ դիվերսիոն գործողություններ կատարելու, այդ թվում` դպրոց պայթեցնելու նպատակով, – պնդում է ադրբեջանական կողմը: Եվ հայկական, եւ ադրբեջանական կողմից պնդողներն իրար չափազանց նման են: Նույն առոգանությունը, նույն տերմինոլոգիան, իրար հասցեի հնչեցրած նույն որակումները եւ սեփական կարեւորության նույն զգացումը: Ամեն ինչ նույնն է, միայն արդեն կենդանի չէ քսանամյա երիտասարդ Մանվել Սարիբեկյանը:
Դժվար չէ ենթադրել, թե ինչ դաժան չարչարանքների է ենթարկվել իր կարճատեւ կյանքի վերջին այս 25 օրերի ընթացքում հայ եւ ադրբեջանցի տարաբնույթ հայտարարություններ անողների հետ ոչ մի կապ չունեցող, քաղաքականությունից, դիվանագիտությունից ու բանակցային գոծընթացներից անտեղյակ ու հեռու երիտասարդը:
Մշտապես գործող ու բացառություններ չընդունող կանոն է` պատերազմների ու հակամարտությունների ողջ ծանրությունն ընկնում է ոչ թե վճիռներ կայացնողների, հայտարարություններ անողների, հակամարտությունն արդեն որպես զբաղմունք ու մասնագիտություն համարողների, դրանով սնվողների ու ապրողների, այլ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեցողների ուսերին: Դա է պատճառը, որ բացարձակապես տարբեր են հակամարտությունների իշխանական ու ժողովրդական ընկալումները: Եթե թե Հայաստանի, թե Ադրբեջանի ժողովուրդները այս հակամարտության ընթացքում այսքան տարի ծանրագույն զրկանքներ են կրել ու կրում, ապա իշխանավորները միայն հղփացել ու հարստացել են: Վառ օրինակներ են մեր եւ նրանց գեներալներն ու նախարարները:
Շատ ավելի վառ են, որպես օրինակ, մեր եւ նրանց նախագահներ ալիեւներն ու քոչարյան-սարգսյանները: Խաղաղության բացակայությունը նրանց թույլ է տալիս ոչ միայն հարստանալ, այլեւ հեշտացնում է նրանց՝ իշխանության մնալու գործն ու վերարտադրվելը: Նրանք այնտեղ, մերոնք` այստեղ: Նրանք կայացել են պատերազմով եւ պատերազմով էլ շարունակում են ապրել: Այս իրականությունն է նրանց սնող միջավայրը, որից դուրս իրենց գոյությունը չեն պատկերացնում: Պատերազմը, սակայն, նրանց համար բոլորովին էլ այն չէ, ինչ է բազմաթիվ հայ եւ ադրբեջանցի սեւազգեստ մայրերի համար, որոնք շարունակում են այցելել իրենց զոհված որդիների գերեզմաններին՝ նրանք Բաքվում գտնվող Շահիդների պուրակ, մերոնք` Երեւանում գտնվող Եռաբլուր: Եվ սարսափելի է, որ սեւազգեստ մայրերի թիվն անփոփոխ մնալու փոխարեն անընդհատ ավելանում է: Այսօր էլ նրանց ավելացավ Մանվել Սարիբեկյանի մայրը:
Զինադադարի կնքումից հետո չափից ավելի երկար ձգվող հայ-ադրբեջանական հարաբերությունների ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը շարունակում է մարդկանց հոշոտել: Մանվել Սարիբեկյանը վերջին զոհը չէ: Եթե այսպես շարունակվի, դեռ շատ պատահական գյուղացիներ են գերեվարվելու ու դիվերսանտներ հայտարարվելու: Եվ դեռ շատ երիտասարդներ են խաղաղության բացակայության պայմաններում, այլ աշխատանք չգտնելու պատճառով զինվորականներ եւ իրոք դիվերսանտներ դառնալու: Իսկ այսպես շարունակվելու է, եթե եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում էական փոփոխություններ չլինեն:
1998թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականում շեշտեց, որ Հայաստանում խաղաղության կուսակցությունը պարտություն կրեց, եւ հաղթեց պատերազմի կուսակցությունը: Ադրբեջանում այդ կուսակցությունը վաղուց էր հաղթել: 98-ից եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նույն պատերազմի կուսակցությունն է իշխանության, այդ պատճառով էլ տասը տարուց ավելի դեպի խաղաղություն տանող ոչ մի քայլ չի արվել: Փոխարենը խոսվում է մեր երկու ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, խոսվում է պատերազմով խնդիրը լուծելու մասին եւ համառորեն փակվում են դեպի խաղաղություն տանող հնարավոր բոլոր դռները:
Ո՞վ է պատասխանատու, որ Մանվել Սարիբեկյանն այսօր այլեւս կենդանի չէ: Ո՞վ է պատասխանատու Մանվել Սարիբեկյանների մահվան համար: Առաջին հայացքից, իհարկե, այն երկիրը, որը նրան գերեվարել է: Նրանք են պատասխանատու գերու կյանքի ու անվտանգության համար: Բայց, վերջին հաշվով, բոլոր այս մահերի եւ դեռ սպասվելիք մահերի համար պատասխանատու է պատերազմի կուսակցությունն ու այդ կուսակցության առաջնորդները: Որովհետեւ նրանք են իշխանության, որովհետեւ նրանք են զբաղված թշնամանքի ու ատելության քարոզով:
Վերջապես նրանք են եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում բռնանում սեփական ժողովուրդների կամքին` գողանալով նրանց քվեն, լցնելով բանտերը քաղաքական հակառակորդներով, որպեսզի ոչինչ եւ ոչ մի ճակատում չփոխվի, որպեսզի անփոփոխ մնա իրենց կերտած իրականությունը: Տեսեք, թե ինչքան նման են ոչ միայն մեր իշխանավորների հայտարարությունների տեքստերը, ոչ միայն նրանց կենցաղն ու բարքերը, այլեւ կազմակերպած ընտրությունները:
Եվ քանի դեռ նրանք են թելադրում մեզ մեր ապրելու, մեր համակեցության կանոնները, քանի դեռ նրանք են իրենց ժողովուրդների վզին փաթաթում աշխարհի, հարեւանների, հակամարտությունների ու հակասությունների վերաբերյալ իրենց պատկերացումները, վտանգված է ե՛ւ սահմանին կանգնած զինվորի, ե՛ւ սահմանին ապրող գյուղացու, ե՛ւ իրենցից բացի՝ մնացած բոլորի կյանքը:
Վարդան Հարությունյան
Հոդվածը հրապարակվել է 2010թ․ հոկտեմբերի 11-ին «Հրապարակ» օրաթերթում։