Սրիկաների վերջին ապաստարանը հայրենասիրությունն է

641

Մեր հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հակաթուրքիզմ, եւ ամենահայրենասեր հայը ամենահակաթուրքն է։ Ընդհանրապես՝ հակաթուրքությունը եւ հայրենասիրությունը հայի համար ուղիղ համեմատական են։ Մեր ողջ սովետահայ գրականությունը, արվեստը, ողջ մշակույթը կրում են հակաթուրքիզմի կնիքը, լցված են մասիսների, սիփանների, ղարսերի, էրզրումների եւ չգիտես էլ ինչերի ողբալից, արցունքաբեր, տառապալից պահանջով, եւ մեր բազմադարյա, հաղթական, շռնդալից անցյալի ներկայացմամբ։ Անցյալ, որն սկսվում եւ ավարտվում է պարտություններով ներկայացնում ենք հաղթական գունազարդումներով, գրականության եւ արվեստի բնագավառի մեր իրական նվաճումները ներկայացնելու փոխարեն։

Մեր ունեցածը մեր սահմանների եւ մեր աշխարհընկալման փոքր չափերի մեջ զոռով խցկելով այնքան ենք սեղմել ու նվազեցրել, այնքան չենք կարողացել աշխարհին ներկայացնել կամ այնքան վատ ենք ներկայացրել, որ խամրած է երեւում կամ չի երեւում բոլորովին։ Փոխարենը ամպագոռգոռ եւ սնամեջ կեցվածքով մեր տարիքի եւ մեր կորցրածի մասին ենք խոսում, կորուստների պատճառները մեր հարեւանների եւ աշխարհի մեջ փնտրել ու գտնելով։

Եվրոպան ներկայանում է որպես մեր շահերի դավաճանի, մեր հարեւանները՝ թշնամիների։ Ոչ մի բարեկամ, ոչ մի զինակից, մենք ենք եւ աշխարհը՝ իրար դեմ։ Կարծես աշխարհի մյուս ժողովուրդները եւ պետությունները միայն բարեկամներ ունեն։ Կարծես մենակ մեր բախտը չի բերել։ Աշխարհից եւ հարեւաններից վիրավորված՝ պահանջում ու պահանջում ենք։ Պահանջատեր ենք։ Ապրում ենք հանուն այդ պահանջատիրության։

Երբ խորհրդային բռնատիրության տակ գտնվող երկրները՝ սկսած Բալթիկայից մինչեւ Հեռավոր Արեւելք, ստեղծված հնարավորություններից ոգեւորված, սկսեցին անկախություն եւ ինքնավարություն պահանջել, մենք պետականություն պահանջելու փոխարեն սկսեցինք Ղարաբաղ պահանջել՝ առանց մտածելու, որ հարեւանի հետ վեճը կարելի է հետաձգել, խաղաղ լուծման հույսով, որպես երկու անկախ եւ ինքնիշխան պետությունների վեճ՝ թողնել ապագային։ Արդյունքում այդ հարցը մեր երկու պետությունների դեմ ուղղված զենք դարձավ։ Դրանով մեր մրցակիցներն ու հակառակորդներն այսօր արգելակում են մեր ընթացքը։

Մենք ինքնամոռաց Ղարաբաղ էինք պահանջում, անկախության մասին ցանկացած արտահայտություն սադրանք համարելով, իսկ անկախականներին՝ սադրիչներ։ Ստեղծեցինք «Ղարաբաղ» կոմիտե, որի անդամներից եւ ոչ մեկը երբեւէ քաղաքականությամբ չէր զբաղվել, նրանցից կուռքեր շինեցինք՝ բացարձակացնելով մեր կուրությունը եւ ժողովրդից ամբոխի վերածվելով, սկսեցինք մեր սրընթաց հետընթացը, որ շարունակվում է ց՛այսօր եւ դեռ կշարունակվի, քանզի ղարաբաղյան կնճիռը դեռ չհարթած, մեր «ազգային» «մտավորականներն» իրենց եւ միայն իրենց ստրկական ոգուն բնորոշ ողջ անպատասխանատվությամբ (ստրուկը պատասխանատու չի լինում) այսօր «Նախիջեւան» կոմիտե են հիմնում։

Զարմանալի է եւ սահմռկեցուցիչ։ Սրանցից որեւէ մեկը երբեք չի ասել՝ լծվենք պետության կայացման եւ հզորացման գործին, ծառայեցնենք մեր հնարավորությունները մեզ աշխարհին ներկայացնելու գործին, քարոզենք սեր եւ հարգանք մեր հարեւանների նկատմամբ՝ սեր եւ հարգանք ստանալու ակնկալիքով, ինչպես, ասենք, վարվում էր Թումանյանը։ Բայց սրանք՝ Արդահան, բայց սրանք՝ Զեյթուն, բայց սրանք՝ Նախիջեւան։ Առանց պետության ներկայի եւ ապագայի, առանց պետության ունեցած հնարավորությունների մասին մտածելու, առանց հասկանալու, որ լավ է փոքր արժանապատիվ պետություն, քան հարեւանների հետ մշտապես պատերազմի մեջ գտնվող 2,5-3 միլիոնանոց պահանջատեր ժողովուրդ։ Այս պահանջատիրությունը հայկական հասարակական մտքի վերջին 100-130 տարվա զարգացման հիմնական երկու նախապայմաններից մեկն է եղել, իսկ մյուսը՝ Եղեռնն է, իր մազոխիստական դրսեւորումներով հանդերձ։

Բոլոր ժամանակների բռնակալներին ծառայած եւ գովերգած, բոլոր կարգի ազգադավ գաղափարներին եւ կարգախոսներին հավատարմության երդում տված (Լենին, Ստալին, Խրուշչով, Բրեժնեւ, Գորբաչով) «մտավորականը» Նախիջեւանի կարոտից նվաղած՝ մեզ դեպի նոր պատերազմ է մղում։ Մեկը լիներ ու հարցներ այս հայրենասեր մտավորականներին ու նրանց համախոհներին.

-Ի՞նչ եք դրել դուք անձամբ հայրենիքի ազատության զոհասեղանին, ի՞նչ եք զոհաբերել։ Քանի՞ կաթիլ արյուն եւ քանի՞ կաթիլ քրտինք։ Քանի՞ մարտի եք մասնակցել եւ քանի՞ վերք ստացել, քանի՞ քսան տարին չբոլորած եւ մարտադաշտում զոհված որդի եք հողին հանձնել։ Միայն չասեք, թե բոլոր սպանվածներն էլ ձերն են։ Նրանք ամեն շաբաթ Եռաբլուր այցելող մայրերինն են, որոնց աչքերի արցունքը չի ցամաքում։ Եվ եղե՞լ եք արդյոք ու քանի՞ անգամ Եռաբլուրում։

Կենտրոնական հեռուստատեսությունը հեռարձակում է հարեւան պետությունների հաշվին Հայաստանի սահմաններն ընդարձակել ցանկացող այս մտավորականների քննարկումները։ Խոսում են թուրքերի տեղահանության եւ թուրքական պետության լուծարման մասին, առաջարկում են նրանց քշել Ալթայ։

Դարասկզբի Փանջունուն բերեցինք եւ առոք-փառոք հասցրինք դարավերջ, մեր ուսերին դրած, մեր ձեռքերի վրա, ամբողջ 70 տարի մի հսկա կայսրության կաթով սնված այդ Փանջունին այսօր մեզ մարտի է տանում։

Պատահական չէր, որ խորհրդային տարիներին մեզ թույլատրված էին պահանջատիրական եւ հակաթուրքական մտավարժանքը։ Այն համահունչ էր մեզ պետականությունից զրկած, մեզ նվաճած կայսրության ցանկություններին ու ծրագրերին։ Այ, պետականության վերականգնման, անկախ պետականության մասին որեւէ խոսք, նույնիսկ՝ միտք, դատապարտելի էր։ Ոչ մի «ազգային» գործիչ այդ ուղղությամբ չէր էլ մտածում, չէր էլ ցանկանում մտածել, չէր էլ կարող մտածել։

Հակառակը՝ նրանք դեմ էին անկախությանը, նրանք դա չէին ուզում (կարծես նրանց ուզելով է)։ Նրանք ամեն վայրկյան իրենց տերերին հավատարմության երդում տալով, Մոսկվա գնալու յուրաքանչյուր հնարավորություն բարձրագույն շնորհ համարելով, սովետական եղբայրական ընտանիքի եւ սիրելի կոմունիստական կուսակցության ճիշտ ուղու վերաբերյալ շատախոսելով մի երկու տող էին գրում Վանի, Մասիսի, Անիի ավերակների մասին, դրանով կատարված համարելով իրենց հայրենասիրական պարտքը՝ ծափահարություններ, շքանշաններ եւ բարեկեցություն էին կորզում։

Մեր ապագան անցյալում փնտրող, ապագայի նկատմամբ հավատ չունեցող հայրենասիրությունը մեզ միշտ էլ վնասել է։ Այսպես, մեր պապերը սիրել են արդեն այս երկիրը եւ այդ սիրո արդյունքում մենք փոքրացել եւ մի փոքրիկ կետ ենք դարձել աշխարհի քարտեզի վրա։ Այդպես արդեն եղել է։

Մայրասպանությունը եւ հայրասպանությունը բոլորովին էլ հայրենասիրություն չեն։ Եկեք դատապարտենք Սամվելին, ինչպես կանեինք, եթե նա լիներ մեր հարեւանը եւ գնանք առաջ։ Թող մեր երեխաները ազատորեն, քննադատաբար, ինչո՞ւ չէ, նաեւ հեգնանքով նայեն մեզ ու մեր պապերին, թող ծիծաղեն մեր պապերի ու մեր «չարոխային» հայրենասիրության վրա, թող ձերբազատվեն մեր կաղապարներից ու կերտեն մեր պետությունն իրենց, այլ ոչ Րաֆֆու, Կապուտիկյանի կամ «Նախիջեւան» կոմիտեի անդամների պատկերացումներով։ Դրա համար, բոլորովին չսահմանափակելով մարդու իրավունքները, կարելի է, որ մեր մամուլը եւ հեռուստատեսությունը ռեւանշիստական գաղափարներ քարոզողների հարթակ չդառնան եւ երեխաների մեջ ատելություն չսերմանեն ո՛չ հարեւան ժողովուրդների եւ ո՛չ էլ պետությունների նկատմամբ։

Վարդան Հարությունյան

Հոդվածը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 1998թ․ նոյեմների 7-ին։