Ամերիկան ծայրից ծայր. Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան ու վերադարձ

1931

– Պղպեղով ու աղով տոմատի հյութը հավանեցի՞ք,- ձեռքիցս վերցնելով թղթե բաժակը՝ ժպիտով հարցրեց ուղեկցորդուհին:

– Հա, լավն էր, առաջին անգամն էի փորձում,- ասացի քառասունն անց գերմանուհուն,- չգիտեի, որ օդանավում տոմատի հյութին պղպեղ ու աղ են ավելացնում:

Այս անգամ ևս Միացյալ Նահանգներ էի մեկնում «Լուֆթանզա» գերմանական ավիաուղիներով՝ Երևանից Ֆրանկֆուրտ, ապա՝ հրեշտակների քաղաք Լոս Անջելես:

Գերմանիան ու գերմանականն անգերազանցելի են թվում: Գերմանական որակը, համեստություն ու չափավորությունը զգացել եմ, երբ առաջին անգամ ոտք եմ դրել այդ երկիր: Այսօր, իմ լրագրողական գործունեության երեսուն տարիների ընթացքում, արդեն դժվարանում եմ ասել, թե քանի անգամ եմ եղել այս երկրում կամ օգտվել միշտ հուսալի «Լուֆթանզա»-ից:

Քյոլնի տաճարը, Նյուրնբերգի պատմական մասը, չավերված Բամբերգը, մայրաքաղաք Բեռլինը, ֆուտբոլային Մյունխենը, կոլորիտային Աշաֆենբուրգը ու բազմաթիվ այլ վայրեր ու այդ վայրերում հաստատված ընկերներ մնացել են հիշողությանս մեջ:

Այս անգամ իմ ամերիկյան հերթական այցելությունը շարունակվելու և ավարտվելու էր Գերմանիայում, հետևաբար՝ Ֆրանկֆուրտով թռիչքը դեպի Միացյալ Նահանգներ նաև դրանով էր պայմանավորված: 

Բըրբենք. հանդիպում նոր մարդկանց հետ

Ֆրանկֆուրտից երկինք բարձրացած B747-8 օդանավը Թոմ Բրադլիի անվան միջազգային օդանավակայան հասավ 11 ժամ 40 րոպեի ընթացքում՝ վայրէջք կատարելով կեսօրվա ժամը երկուսին: Jetlag-ի սինդրոմը փորձում եմ լուծել տնից դուրս գալու նախորդ օրը և օդանավում՝ քնի ժամերը հարմարեցնելով ամերիկյան ժամանակին, այն է՝ կես օր հետ:

Լոս Անջելեսի օդանավակայանում դիմավորելու էր եկել Մինաս Խոդաղուլյանը: Արմատներով պարսկահայ Մինասը Մելքոնյանցի է, Կիպրոսի հայկական այդ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Ամերիկա: Կալիֆոռնիայի իմ ընկերներից է Մինասը: Նախորդ անգամ Օրինջ քաունթիում (քաունթին վարչական միավոր է, որը հաջորդում է նահանգին) անձամբ էր կազմակերպել հանդիպում: Այս անգամ իմ այցելության առաջին երկու օրը միասին էինք անցկացնելու:

Մինասի հետ օդանավակայանից ուղևորվեցինք հայաշատ Բըրբենք քաղաքը, որտեղ երեկոյան ժամը 7-ին նախատեսված էր իմ առաջին հանդիպումը: Լոս Անջելեսի շրջանում վերջին ինը տարիներին՝ 2016 թվականից ի վեր, բազմաթիվ հանդիպում-քննարկումներ եմ ունեցել: Այս անգամ հանդիպումը կազմակերպել էր Բըրբանքի հայկական ասոցիացիան (Burbank Armenian Association): Երեկոն տեղի ունեցավ հայկական Coast Burbank Hotel-ում: Այցից առաջ նամակ էի ստացել Լերմոնտ Խաչիկյանից: Նա գրել էր, որ ցանկություն ունեն ինձ հյուրընկալել Բըրբենքում: Իմ հանդիպումներից շատերը հենց այդպես են կազմակերպվում: Երբ մարդիկ՝ իմ ընթերցողները, ֆեյսբուքի գրառումներից տեղեկանում են, որ այցելում եմ Մ. Նահանգներ կամ այլ երկիր, օգտվելով պատեհ առիթից, հրավիրում են իրենց քաղաք, կազմակերպություն և տուն:

«Հայաստանն այսօր. մարտահրավերներ և սպառնալիքներ»՝ սա էր իմ այս այցելության և դասախոսությունների խորագիրը: Մոտ 25 րոպեանոց հայերեն ելույթից հետո պատասխանեցի ներկաների հարցերին, իսկ վերջում ստորագրեցի իմ հեղինակած հատորները:

Երեկոն մտերմիկ ու ջերմ անցավ: Հանդիպումից մի քանի օր անց Լերմոնտը ինձ գրեց. «Շնորհակալություն տեղեկատվական և ոգեշնչող երեկոյի համար։ Շատ թարմացնող է լսել գաղափարներ, որոնք ճշմարիտ են, թեև հաճախ ցավալի, բայց հուսադրող»: 

Դեպի Սան Դիեգո և Մեքսիկայի սահման

Բըրբենքի հանդիպումից հետո Մինասի հետ նրա մեքենայով ուղևորվեցինք Օրինջ քաունթի: Մինասը երկու օրով հյուրանոց էր վերցրել այն շրջանում, որտեղ իր տունն է: Երեկոյան 10-ին հասանք հյուրանոց:

Jetlag-ը հաղթահարված էր իմ այցելության առաջին իսկ օրը: Ամբողջ օրը չէի քնել, Բըրբենաքի հանդիպումն անցել էր հրաշալի, և հիմա, հասնելով հյուրանոցի իմ մահճակալին, կարող էի քնել: Մինասի հետ պայմանավորվել էինք առավոտյան 10-ին հանդիպել և ուղևորվել դեպի Սան Դիեգո: Այսպես էլ արեցինք:

Կալիֆոռնիայում տեղումներ հազվադեպ են լինում, իսկ երբ անձրևում է, դա արդեն իրադարձություն է: Այդ օրը անձրևում էր: Մինասի հետ նախ մեկնեցինք Սան Յիսիդրո, Մեքսիկայի սահման՝ դեպի Տիհուանա:

Փրկության ու երազանքի Ամերիկան ինչպես հայերին, այնպես էլ թերզարգացած և երրորդ աշխարհի երկրների քաղաքացիներին ձգում է դեպի իրեն: Մեքսիկայով և մեքսիկա-ամերիկյան սահմանով են հազարավոր հայեր ու հարյուր հազարավոր այլազգիներ անցնում դեպի Միացյալ Նահանգներ:

Մի քիչ քայլեցինք սահմանին, նայեցինք ուղևորահոսքը: Մինասը ինձ նկարեց Mexico գրությամբ սահմանադռան մոտ, որը երեկոյան տեղադրեցի ֆեյսբուքի էջում՝ իմ հայրենակից Վանո Սիրադեղյանի հետևյալ խոսքերի մեջբերումով. «Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն՝ դա մե՞ծ է, թե՞ փոքր: Հա՞ստ է, թե՞ բարակ: Պատմակա՞ն է, թե՞ ներկա․․․»

Սահմանից ուղևորվեցինք Սան Դիեգո քաղաքի ամենագեղացիկ հատվածը, սուրճ վերցրեցինք, քայլեցինք ծովափին, հետևեցինք ծովառյուծներին, որ տասնյակներով հավաքվում են օվկանոսի ափի քարերին և դեպի իրենց գրավում զբոսաշրջիկներին:

Կեսօրից հետո ժամը 16:30-ին իր տանը մեզ սպասում էր Սան Դիեգոյի կաթոլիկ համալսարանի դասախոս, հակամարտությունների և միջազգային հարաբերությունների մասնագետ Ֆիլիպ Գամաղելյանը: Միասին ճաշելուց հետո ուղևորվեցինք համալսարան, որտեղ հավաքվել էին հայ և օտարազգի ուսանողներ, Սան Դիեգոյի շրջանի հայեր: Այս անգամ իմ ելույթը և հարց-պատասխանը անգլերենով էր:

Սփյուռքը բազմազան է ու բազմաշերտ: Նույն խորագրով տասը դասախոսություն կարող ես կարդալ, օրինակ, Լոս Անջելեսում: Առաջինին կգան անկուսակցական պարսկահայերը, երկրորդին՝ պոլսահայերը, երրորդին՝ դաշնակցականները, երբ իրենք են կազմակերպում ձեռնարկը, չորրորդին՝ հակադաշնակցականները, հինգերորդին՝ նախկին դաշնակցականները, վեցերորդին՝ հայաստանցիները, յոթերորդին՝ ուսանողները և այսպես շարունակ: Չկա հավաքական սփյուռք, դա ընդամենը բառը, որի տակ կարող ես դնել Հայաստանից դուրս բնակվող հայերին:

Ովքե՞ր են գալիս ինձ լսելու:

Ինձ գալիս են լսելու հիմնականում բարձր կրթություն ունեցող, չափավոր, հավասարակշռված, գրագետ, կրթված և Հայաստանի ապագայով մտահոգ և մտածող մարդիկ: Գալիս են հիմնականում մարդիկ, ովքեր հետևում են իմ լրագրողական գործունեությանը, հարցազրույցներին, ֆիլմերին, ֆեյսբուքյան գրառումներին:

Ինչո՞ւ են գալիս ինձ լսելու:

Որովհետև ուզում են ստանալ տեղեկատվություն, որը չի լինի միակողմանի, քարոզչական, պատվիրված: Որովհետև տեղեկատվական խեղաթյուրումների ու մանիպուլյացիաների այս դարում մարդիկ ցանկանում են ստուգված և ճշգրտված տեղեկատվություն ստանալ, լսել ոչ թե ցանկություններ, այլ ստանալ իրական պատկեր Հայաստանի մասին՝ զերծ դավաճան-հայրենասեր պիտակումներից:

Երեկոյան ուշ հասանք Օրինջ քաունթի: Մինասը ինձ թողեց հյուրանոցում, և պայմանավորվեցինք վաղ առավոտյան՝ լուսադեմին, շարժվել դեպի Լոս Անջելես: Ճանապարհին և երկու օրերին Մինասի հետ անդադար խոսում էինք Հայաստանից, բաց թողնված հնարավարություններից, իննսունականներին հետևած անպատասխանատու արտաքին քաղաքականությունից, այսօրվա աղետից ու արհավիրքից: Մեր խոսակցության ավարտը միշտ նույնն էր՝ պետք է փրկել, պահել, պահպանել ու խնամել այն Հայաստանը, որն այսօր ունենք մենք:

Մինասն ինձ թողեց Լոս Անջելեսի Պանարամա սիթի թաղամասում, որտեղից վերցրեցի քրոջս տղայի՝ Արտյոմ Խաչիկյանի մեքենան, և սկսեցի իմ ամենաերկար ամերիկյան ճամփորդությունը՝ Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս և հետ վերադարձ կամ՝ Ամերիկայի Արևմտյան ափից դեպի Արևելյան ափ և ետ:

Դեպի Սան Ֆրանցիսկո

Սան Ֆրանցիսկո սա իմ չորրորդ կամ հինգերորդ այցելություն էր: Իմ մեքենան, որով պիտի անցնեի շուրջ ինը հազար մղոն կամ 14 հազար կիլոմետր 12 օրերի ընթացքում, «Մերսեդես» էր՝ գերմանական որակ: Երբ նստեցի ղեկին, հասկացա, որ կյանքում առաջին անգամ եմ վարում «Մերսեդես», այն էլ այսքան երկար տարածություն՝ Ամերիկայի Արևմտյան ափից դեպի Արևելյան ափ ու վերադարձ, չհաշված դեպի հյուսիս ու հարավ տանող ճանապարհներն ու նահանգները:

Ավտոմեքենայով երկրորդ անգամ էի Լոս Անջելեսից մեկնում  Սան Ֆրանցիսկո: Ճանապարհները, հովիտներով ու տափաստաններով ձգվող այգիները, բնակավայրերն ու դրանց անուններն արդեն ծանոթ են: Ամերիկան այլևս ինձ օտար երկիր չէ: Ավելին, Ամերիկան իմն է: Տարածությունների, երազանքների ու անվերջանալի հնարավորությունների երկիր է Ամերիկան: Եթե դու այս երկրում աղքատ ես, ապա դա քո ընտրությունն է:

Ճանապարհին ձանձրանալու ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն կա: Կարող ես ռադիո լսել՝ երաժշտություն կամ լուրեր, հիանալ բնության պատկերներով, ճամփեզրին ձգվող խաղողի ու պտղատու այգիների համաչափությամբ, պատասխանել հեռախոսազանգերին ու նամակներին, սուրճի ու հանգստի դադար առնել, բենզին լցնել ավտոմեքենայի մեջ, ու այսպես ժամանակն անցնում է: Բայց դու պիտի սիրես աշխարհ տեսնելը, այլապես նման ճամփորդությունը կարող է ձանձրալի թվալ:

Փետրվարի 8-ի երեկոյան կողմ հասա Սան Ֆրանցիսկո: ԱՆԻ կենտրոնի բարեկամներից Թամար Քըլըջյանի և ընտանիքի հետ ընթրիքն անցավ Հայաստանի և Սփյուռքի մասին խոսակցությամբ, հարց ու պատասխանով: Միշտ էլ օգտակար է զրուցել բանիմաց ու տեղյակ մարդկանց հետ: Էլ ավելի հաճելի է, երբ սեղանակիցները ֆուտբոլի սիրահարներ են:

Սան Ֆրանցիսկոյից դեպի Նևադա ու Սոլթ Լեյք Սիթի

Հյուրանոցում գիշերելուց և հանգստանալուց հետո փետրվարի 9-ի վաղ առավոտյան ճանապարհ դուրս եկա դեպի Սոլթ Լեյք Սիթի՝ Յութայի նահանգ: Առանց GPS համակարգի, գրեթե անհնար է մեքենա վարել՝ լինի քաղաքներում կամ նահանգից նահանգ: Ժամանակին վարորդները բազմաթիվ էջերից կազմված քարտեզներից են օգտվել՝ հաճախակի դադարներ տալով: Այսօրվա աշխարհն այլ է, GPS-ը քեզ պատմում է, թե որն է ամենակարճ ճանապարհը, ինչպես պետք է վերադասավորվել, որպեսզի ընտրես համապատասխան ելքը (exit), քանի մղոն, ժամ և րոպե է մնացել մինչև նպատակակետ:

Սան Ֆրանցիսկոյից դեպի արևելք առաջին քաղաքը Սակրամենտոն է՝ Կալիֆոռնիայի վարչական կենտրոնը: Նահանգների վարչական կենտրոնները սովորաբեր ամենամեծ քաղաքները չեն լինում: Այդպես է նաև Կալիֆոռնիայի դեպքում: Նահանգի ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը, Սան Դիեգոն, Սան Խոսեն, Սան Ֆրանցիսկոն և Ֆրեզնոն:

Սոլթ Լեյք Սիթի հասնելու համար պետք է վերցնես 80-րդ մայրուղին և կտրես Նևադայի տափաստանն ու անապատը: Սակրամենտոյից մինչև Նևադայի սահման Կալիֆոռնիայի լեռնային, անտառներով ու լճերով, ձյունառատ հատվածն է: Ճանապարհը կամաց-կամաց իջնում և սկսվում է Նևադայի կիսաանապատային, տափաստանային շրջանը: Հանդիպող ամենամեծ քաղաքը Ռինոն է՝ Նևադայի վարչական կենտրոնը: Գրեթե ամբողջ օրը վարեցի մեքենան և կանգ առա միայն այն ժամանակ, երբ արդեն մթնել էր: Արդեն դժվարանում եմ մթին վարել մեքենան: Այդ օրը կտրեցի մոտ 750 մղոն տարածություն և գիշեցրեցի ճանապարհին մոտ գտնվող մի հյուրանոցում: Բենզալցակայանների հարևանությամբ հանդիպում են միհարկանի կամ երկհարկանի հյուրանոցներ, որտեղ կարելի է համարներ գտնել 60-70 դոլարի սահմաններում՝ լավ նախաճաշով ու անսահմանափակ քանակով սուրճից, թեյից, հյութերից օգտվելու հնարավորությամբ: Ինձ դուր են գալիս այսպիսի պարզ, մաքուր հյուրատները:

Օլիմպիական Սոլթ Լեյք Սիթին

Սոլթ Լեյք Սիթի անունը իմ հիշողության մեջ մնացել է 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերով: Յութա նահանգը ինձ հայտնի էր նաև իր բասկետբոլային «Յութա Ջազ» թիմով ու մորմոնների՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» աղանդով: Մորմոնները ազատ գործունեության իրավունք ունեն Հայաստանում, իսկ Յութայի հայերի մի հատված մորմոններ են:

Սոլթ Լեյք Սիթիում հայության հետ հանդիպում կազմակերպելու համար դիմեցի Լոս Անջելեսում ՀՀ նախկին հյուպատոս և նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արմեն Բայբուրդյանին: Լուրերի մեջ տեսել էի, որ նա ժամանկին այցելել է այնտեղ, հանդիպել հայերի հետ: Պարոն Բայբուրդյանը ինձ կապեց Հովիկ Օհաննես Մկրտչյանի հետ, ով երկար ժամանակ բնակվում է Սոլթ Լեյք Սիթիում և միշտ եղել է տեղի հայության ձեռնարկների կազմակերպիչը:

Դեռ Երևանից կապվել էի պարոն Մկրտչյանի հետ: Նա, իր հերթին, ծանոթացրել էր փաստաբան Զավեն Սարգսյանի հետ: Փետրվարի 10-ի առավոտյան հասա Սոլթ Լեյք Սիթի: Մկրտչյանի և Սարգսյանի հետ նախաճաշից հետո ծանոթացա Հայաստանից Յութայում հաստատված մի քանի հաջողակ գործարարների հետ, ապա Մկրտչյանի  հետ բարձրացանք ձյունառատ լեռներ: Սոլթ Լեյք Սիթին որոշ նմանություններ ունի մեր Ծաղկաձորի հետ:

Երեկոյան տեղի հանրային գրադարանում կայացավ իմ հանդիպում-քննարկումը: Ներկաները հիմնականում հայաստանցիներ էին: Ապա մենք ընթրեցինք քաղաքի ճաշարաններից մեկում: Գիշերն անց կացրեցի Զավեն Սարգսյանի հյուրընկալ ընտանիքում, իսկ փետրվարի 11-ի վաղ առավոտյան՝ լուսաբացի հետ, շարժվեցի դեպի Շառլոտ ՝Հյուսիսային Կառոլինա նահանգ: Երբ GPS-ի վրա խփեցի Սոլթ Լեյք Սիթի-Շառլոտ տարածությունը, պարզվեց, որ անհրաժեշտ է կտրել 31 ժամ կամ ավելի քան երկու հազար մղոն կամ 3.300 կիլոմետր ճանապարհ:

Յութայից՝ Վայոմինգ, ապա Կանզաս, Միսսուրի, Քենթակի և Թեննեսի

Իմ հաջորդ հանդիպումը Շառլոտ քաղաքում էր՝ Հյուսիային Կառոլինայի նահանգում՝ փետրվարի 13-ի երեկոյան: Այս ահռելի տարածությունը պետք է անցնեի երեք օրերի ընթացքում՝ կտրելով չորս նահանգ: Բայց իմ գործը ավելի էր դժվարանում նրանով, որ Նեբրասկա նահանգում ձյուն ու մրրիկ էր, ինչը ճամփորդությունը դարձնում էր վտանգավոր:

Սոլք Լեյք Սիթիից մոտ հարյուր մղոն կտրելուց հետո թիվ 80 մայրուղին անցնում է Վայոմինգի հարավային հատվածով՝ ամբողջությամբ կտրելով նահանգը արևմուտքից արևելք: Վայոմինգը նահանգների մեջ ամենաքիչ բնակեցվածն է: Այստեղ ձյուն էր գալիս, սակայն ճանապարհը տանելի էր: Երբ մտա Նեբրասկա, սկսեց ուղեղ քամի ու մրրիկ, որը ձյունը լցնում էր ճանապարհի բանուկ մաս և դժվարացնում ու վտանգավոր դարձնում ընթացքը:

Հասա Նորթ Պլատ բնակավայրը, երբ արդեն մթնում էր: Չլիներ ձյունը, կարելի էր ևս մեկ-երկու ժամ վարել: Որոշեցի ռիսկի չդիմել և կանգառ տվեցի: Գիշերեցի DaysInn հյուրատանը: Աշխատողները հնդիկներ էին: Մի տեսակ մոտիկություն եմ զգում հնդիկների հետ, գուցե դա նրանից է, որ նրանց շատ եմ տեսնում Երևանի փողոցներում ու Հայաստանում կամ որովհետև Հնդկաստանից ենք կարողանում զենք-զինամթերք գնել: Ջերմ զրուցում էի նրանց հետ մինչ կավարտեին անձնագիրս գրանցել: Փոքր զեղչ արեցին, վճարեցի 68 դոլար:

Փետրվարի 11-ի վաղ առավոտյան երկհարկանի հյուրանոցի իմ պատուհանից կում-կում էի անում դառը սուրճը և նայում հեռվում երևացող թիվ 80 ճանապարհի ուղղությամբ: Հատուկենտ բեռնատարներ էի նշմարում: Մի քանի բաժակ սուրճ խմելուց, նախաճաշելուց հետո դուրս եկա ճանապարհ: Մինչև մայրուղի հասնելը ճանապարհը ամբողջությամ ձյուների մեջ էր: Կասկածից վեր էր, որ այդ օրը չէի կարողանալու մեկ մղոնը գոնե 60 արագության տակ պահել:

Նեբրասկայից մնացած ամբողջ ճանապարհն ու Միսսուրի նահանգի մի քանի հարյուր կիլոմետր հատվածը անցա շատ դանդաղ: Երեկոյան կողմ, երբ մոտենում էի Կանզաս Սիթիին, ճանապարհները ավելի մաքուր էին: Կարելի էր մի քանի ժամ, թեկուզ մթին, ինչը տանել չեմ կարողանում, վարել մեքենան: Այդպես էլ արեցի և մոտ չորս ժամվա ընթացքում անցա շուրջ 250 մղոն տարածություն՝ մինչև Սենթ Լուիս ու դեռ ավելի առաջ: Ափսոս, որ երեկոյան մթնշաղին ու գիշերով անցա Կանզաս Սիթին ու Սենտ Լուիսը: Հատկապես Սենթ Լուիսը ինձ լուրջ քաղաք թվաց: Պետք է մի օր վերադառնալ այնտեղ:

Կեսգիշերին մոտ էր, երբ ճանապարհին նկատեցի հերթական Rest Area՝ հանգստի գոտի գրությունը: Թեքվեցի աջ և մոտ հարյուր մետրի վրա տեսա կայանած մի քանի տասնյակ բեռնատարներ ու մարդատար ավտոմեքենաներ: Մոտս ունեի բարձ, երեք հատ թեթև ծածկոց: Կատակ բան չէ ամեն օր 1000 կիլոմետր և ավելի վարելը, անգամ ամերիկյան որոկյալ ճանապարհներին: Պետք է ունենալ քնելու հարմարանք, որովհետև երբեմն կարիք է լինում ցերեկով կանգառ տալ, մինչև կես ժամ քնել կամ պարզապես մրափել: Երբ բացեցի աչքերս, արդեն լույս էր: Պետք էր շարժվել:

Ամերիկացի ոստիկանները

Սուրճը ամերիկյան կյանքի անբաժանելի մասն է: Ես էլ եմ շատ սիրում սուրճ, հատկապես վաղ առավոտյան, երբ բացում եմ աչքերս: Դառը սուրճը իմ օրվա ամենակարևոր մասն է, եթե կուզեք՝ ամենակարևորը: Փետրվարի 12-ի առավոտյան սուրճ խմելով մտել էի մայրուղի, երբ հետևիցս նկատեցի ոստիկանական մեքենան: Վստահաբար ինչ-որ բան սխալ էի արել, այլապես իմ հետևից չէին գա: Հենց նկատեցի ոստիկանական մեքենայի լույսերը, աջ քաշեցի և կանգնեցի:

Ամերիկացի ոստիկանը մոտեցավ աջ կողմի պատուհանից: Իջեցրեցի պատուհանը և առաջին բանը, որ ասացի, հետևյալն էր:

– Բարի լույս, պարոն ոստիկան: Այդ ի՜նչ սխալ է արել այս վարորդը, որ Դուք կանգնեցրեցիք: Ես օտար մարդ եմ այս հողում, եկել եմ հեռվից: Կներեք, եթե սխալ բան արեցի:

Բարի տղա էր երևում:

– Խնդրում եմ իջեք մեքենայից, կարող եք շարժիչը անջատել և եկեք իմ մեքենա, ձեզ պետք է գրավոր զգուշացում տամ, բայց դրա համար կարիք չի լինելու վճարել: Սա ուղղակի գրավոր զգուշացում է, երբ քո գծից վազանց ես կատարում և փոխում գիծը, թարթիչը անպայման պետք է միացնել:

Մոտ 10 րոպե տևեց ձևակերպումները: Ոստիկանը նաև օգնեց, որ իմ երկրորդ հեռախոսի վրա դրվի Շառլոտ տանող ամենակարճ ճանապարհը:

Շնորհակալություն հայտնեցի նրան: Այդ տասը րոպեների ընթացքում ես ինձ հետ մտքում խոսում էի:

– Եթե մենք էլ Հայաստանում այսպես հարգալից ու չափավոր լինենք ոստիկանի նկատմամբ, ինչպես այստեղ՝ Ամերիկայում, շատ բան կփոխվի մեր երկրում: Ես հիմա հարգալից ու չափավոր եմ ամերիկացի ոստիկանի նկատմամբ, որովհետև վախ ունեմ, որ կարող է մի քանի հարյուր դոլարի տուգանք գրել: Վերադառնամ Հայաստան, պետք է ավելի հարգալից ու չափավոր լինեմ մեր ոստիկանների հանդեպ, թեև միշտ փորձում եմ լինել հարգալից, եթե կանգնեցնում են:

Քենթակի. հիշելով Քերի Քավանոյին

Ամերիկայում երբ մտնում ես նոր նահանգ, ճամփեզրին գունավոր նշան է դրված՝ Բարի գալուստ այսինչ նահանգ: Մի ինչ-որ գետ ու կամուրջ անցնելուց հետո ինձ ողջունեց Քենթակի նահանգը, որին հայերս Կենտուկի ենք ասում:

Երբ ճամփորդում եմ, միշտ չէ, որ հասցնում եմ նախապես կարդալ տվյալ շրջանի, նահանգի, երկրի մասին: Ավելի հաճախ հակառակն եմ անում՝ ճամփորդելուց հետո վերադառնում եմ և քարտեզի վրա կամ Յութուբում փնտրում տպավորված պահերը՝ գետը, լեռը, անապատը…

Քենթակի մտնելով հիշեցի Քերի Քավոնոյին: Նախորդ շրջագայություններից մեկի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ինձ գրել էր, որ եթե կարողանանք կազմակերպել քո այցը Քենթակիի համալսարան, լավ կլինի: Քավանոն դասախոսում էր Քենթակիի համալսարանում:

Ընդհանրապես, իմ ճամփորդությունների ընթացքում անդադար վիճում եմ ինձ հետ, հիշում անցյալի դրվագներ, ուզում եմ հասկանալ, թե ինչն ենք սխալ արել, ինչ պետք է անենք ապագայում…

Տեսնես հայեր կլինե՞ն Քենթակիում: Երբեք չեմ լսել: Ես անգամ այդ նահանգների քաղաքների անուններ չգիտեմ և բան չգիտեմ այս շրջանի մասին: Նյու Ջերսիում, երբ երկու օր անց հանդիպեցի իմ լավ բարեկամ Փոլ Շահինյանին, երեկոյան զրույցի ժամանակ հարցրեցի:

– Լսի, Փոլ: Քենթակիում հայեր կլինե՞ն:

– Դու իմ եղբորը չե՞ս ճանաչում: Չէ, չես հանդիպել այս կողմերում: Նա Քենթակիում է ապրում: Այնտեղ զբաղվում է ազնվացեղ ձիերի առքուվաճառքի միջնորդությամբ: Երբ որևէ մեկը ուզում է լավ ձի գնել, եղբայրս կարողանում է ստուգել ձիու կարողությունները և հմտությունները,- ասաց Փոլը:

Մի քիչ ուսումնասիրելուց պարզեցի, որ այս նահանգի ամենամեծ քաղաքում՝ Լուիսվիլում, 1875 թվականից ի վեր ամեն տարի անց են կացվում ձիավազքի մրցումներ:

Քենթակին իմ ճամփորդության ընթացքում մի կտոր էր միայն, շուտով մտա Թեննեսի նահանգ, որտեղ եղել էի տարիներ առաջ Նյուարք-Նեշվիլ-Նյուարք թռիչքով: Այստեղից ճանապարհն անցնում է անտառային հատվածներով, մինչև Հյուսիային Կառոլինա և Շառլոտ:

Շառլոտ. հանդիպում-ընթրիք հայերի հետ

Եվս մեկ օր էր անհրաժեշտ, որպեսզի հասնեմ Շառլոտ: Մեր հանդիպումը մի քանի տասնյակ հայերի հետ նախատեսված էր փետրվարի 13-ի երեկոյան ժամը ութին: Շառլոտ հասա հանդիպումից մեկ ժամ առաջ: Այս անգեմ մեր հանդիպումը ընթրիքի սեղանի շուրջ էր: Այն կազմակերպել էր Գոռ Մխիթարյանը: Նա ինձ ճանաչում էր և հետևում էր ֆեյսբուքով: Երաժիշտ Գոռը Վանաձորից է: Տարիներ առաջ Կալիֆոռնիայից տեղափոխվել և աշխատում է Շառլոտում: Այստեղ նաև հայկական եկեղեցի կա: Տեր հայրը՝ Նորայր քահանան, ևս ներկա էր ընթրիքին: Նրան ճանաչում էի Ատլանտայից, որտեղ երկու երկու տարի առաջ Հայ տանը կազմակերպել էր իմ հանդիպումը Ջորջիայում բնակվող հայերի հետ:

Շառլոտի հանդիպում-ընթրիքից հետո անմիջապես ուղևորվեցի դեպի Ռիչմոնդ՝ Վիրջինիա նահանգ և ապա Մերիլենդ: Գիշերեցի Վաշինգտոն, D. C.-ի հենց հարևանությամբ գտնվող Բեթեստա քաղաքում՝ Հարութ Հարոյանի և Լիաննա Մեսրոպյանի հյուրընկալ ընտանիքում, ինչպես իմ նախորդ այցելությունների ընթացքում:

Յեյլի համալսարանի Իրավունքի դպրոցում

Փետրվարի 15-ի վաղ առավոտյան Վաշինգտոնից ուղևորվեցի դեպի Բալթիմոր և Նյու Յորք, ապա՝ Նյու Ջերսի նահանգով դեպի Նյու Հեյվն քաղաք, որ Քոննեքթիկութ նահանգում է:

Մի քանի անգամ անցել եմ այս կողմերով՝ դեպի Հարթֆորդ և Բոստոն մեկնելու ընթացքում, բայց երբեք չէի մտել Նյու Հեյվն: Եվրոպական արտաքինով, կոկիկ, ուսանողական քաղաք է, որ ավելի հայտնի է Յեյլի համալսարանով:

Այս համալսարանում, որ աշխարհում ամենահայտնիներից է, սովորում եմ մեկ տասնյակից ավելի հայ ուսանողներ՝ հիմնականում ամերիկահայեր: Ճամփորդության ընթացքում ինձ հետ կապվել էր հայ ուսանողներից Ռուբեն Խաչատրյանը և հրավիրել Յեյլ:

Շատ ուրախ էի հյուրընկալվելու Յեյլի համալսարանի Իրավունքի դպրոցում՝ Yale Law School, զրուցելու հայ ուսանողների հետ, նրանց համար ներկայացնելու դասախոսություն, լսել նրանց ու պատասխանել հարցերի: Հատուկ շնորհակալություն Ռուբեն Խաչատրյանին՝ ինձ հրավիրելու և այս հանդիպում-քննարկումը կազմակերպելու համար:

Ամերիկայի Արևելյան ափ հաջորդ այցելության ընթացքում պետք է անպայման մտնել Նյու Հեյվն, ժամանակ տրամադրել Յեյլի համալսարանի հետ ավելի լավ ծանոթանալու համար: Այս անգամ շատ ժամանակ չունեի: Առատ ձյուն էր տեղում: Ռուբենի և տիկնոջ՝ Լորայի հետ, ով նույնպես Յեյլի ուսանող է, կարճ շրջան տվեցինք համալսարանի տարածքում, որից հետո ուղևորվեցի Նյու Ջերսիի Վայկոֆ քաղաք, որտեղ պետք է գիշերեի իմ բարեկամներից Փոլ Շահինյանի հյուրընկալ բնակարանում:

Վերադարձ դեպի Լոս Անջելես

Փոլի հետ ծանոթացել եմ մոտ տասը տարի առաջ: Նյու Ջերսիի իմ ընկերները խնդրել էին Փոլին և ընտանիքին ուղեկցել Արցախ, ծանոթացնել տեղանքին, հուշարձաններին: Դրանից հետո ընկերացանք: Ավելին, միասին հրատարակեցինք «Հերոսների ճամփորդությունը» հատորը նախ անգլերենով, ապա արևելահայերենով: Այն միավորում է Եղիշե Քաջունու Զորավար Անդրանիկի հայատանյան մեկ տարվա օրագրությունն ու Փոլի Վաղարշակ պապի՝ Սարդարապատի ճակատամարտի և ապագա ամիսների պատմությունը:

Եղիշե Քաջունու թոռները՝ Ռիչարդ և Քեննեթ Սարաջյան եղբայրները, նույնպես Նյու Յորքի շրջանում են բնակվում: Չորսով ճաշեցինք Թուրքիայից ԱՄՆ ներգաղթած մի հայի ռեստորանում: Մինչ այդ, առավոտյան, հանդիպել էի Բրուքլինում՝ Նյու Յորքում բնակվող Արմեն Պողոսյանին ու տիկնոջը՝ Արմինեին, միասին սուրճ էինք ըմպել Starbucks-ում:

Օրն արդեն թեքվում էր դեպի երեկո, երբ Նյու Յորքից ճանապարհ ընկա դեպի Լոս Անջելես: Քանի որ կանխատեսվում էր ձյուն ու փոթորիկ ԱՄՆ կենտրոնական շրջաններում, որոշեցի նախ վարել դեպի հարավ, ապա միայն թեքվել դեպի արևմուտք:

Նյու Յորքում, Մերիլենդում և Վիրջինիայի մի հատվածում ձյունախառն անձրև էր: Բավականին երկար վարեցի, նաև մի քանի ժամ գիշերով: Հաջորդ առավոտյան Շառլոտում պայմանավորվել էի կարճ հանգիստ և սուրճի ընդմիջում ունենալ Արամ Գրիգորյանի հետ: Արամը մասնակցել էր մի քանի օր առաջ Շառլոտի մեր ընթրիք-քննարկմանը: Նա աշխատում է ամերիկյան Wells Fargo դրամատանը: Առավոտյան դառը սուրճի շուրջ Հայաստանից ու նրա ներքաղաքական կյանքից զրուցեցինք Amelie’s French Bakery-ում:

Արդեն փետրվարի 17-ն էր: Իմ թռիչքը Լոս Անջելեսից դեպի Ֆրանկֆուրտ փետրվարի 20-ի կեսօրին էր: Ունեի երեք ու կես օր, բայց պետք է Լոս Անջելես հասնեի փետրվարի 19-ի երեկոյան, որպեսզի մի քիչ ուշքի գայի ու նաև մինչև օդանավակայան հասնելը հանդիպում ունենայի բարեկամներից մեկի հետ:

GPS-ի վրա խփեցի Շառլոտ – Լոս Անջելես՝ 35 ժամ և 13 րոպե կամ 2.421 մղոն, որը կիլոմետրերով հավասար է 3.895 կիլոմետրի: Սա նշանակում է, որ միջինը պետք է ամեն օր վարեմ 12 ժամ: Եթե որևէ նահանգում ճանապարհները սառած կամ ձյունածակ լինեն, ապա պետք է վարել ավելի:

Շառլոտում և Հյուսիային Կառոլինայում վարելը հաճելի էր ոչ միայն լավ եղանակի, այլ բնության պատճառով: Անվերջանալի անտառներ են, գետեր, լճակներ: Ճանապարհը մի փոքր կտոր մտնում է Հարավային Կառոլինա, ապա կտրում է Ջորջիա, Միսիսիպի,Արկանզաս, Թեքսաս, Նյու Մեքսիկո և Արիզոնա նահանգները:

Սկզբում ամեն ինչ լավ էր թվում, բայց Արկանզասում և Միսիսիպիում եղանակը փչացավ: Կրկին ձյուն, քամի, մրրիկ, ձյունածածկ, վտանգավոր ճանապարհներ: Ավելի ու ավելի քիչ մարդատարներ էին երևում ճանապարհներին: Ամբողջ Արկանզասի նահանգը անցա գրեթե կրկնակի ավելի ժամանակահատվածում, ինչ որ կանցնեի լավ եղանակին: Թեքսասում, եղանակը բացվեց, Նյու Մեքսիսկոյում այլևս ձյուն չկար, իսկ Արիզոնայում սկսվեց տափաստանն ու կիսաանապատը:

Տպավորեց հատկապես Կալիֆոռնիայի անապատը, երբ թիվ 40 մայրուղով Արիզոնայից քշում ես դեպի Բարցոու բնակավայրը:

14 օրերի ընթացքում կտրեցի 9 հազար մղոն կամ ավելի քան 14 հազար կիլոմետր ճանապարհ՝ Խաղաղ օվկիանոսից հասնելով Ատլանտյան օվկիանոս ու հետ: 2016 թվականից ի վեր գրեթե ամեն տարի, Ամերիկան կտրել եմ Արևելքից Արևմուտք, Հյուիսից Հարավ, սլացել Արևելյան ափի երկայնքով՝ Մայամիից մինչև Բոստոն ու էլի շատ տեղեր:

Եղել եմ ավելի քան 40 նահանգներում: Ենթադրում եմ, որ կլինեմ նաև մնացած մի քանիսում, այդ թվում՝ Ալասկայում և Հավայան կղզիներում, որպեսզի լեգիտիմ իրավունք ունենամ սկսելու ԻՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորը, որտեղ կպատմեմ ինձ հանդիպած մարդկանց մասին, բայց նաև թեթև ոճով կներկայացնեմ Ամերիկա պետությունը՝ ինչպես տեսա, զգացի, ճանաչեցի ու սիրեցի:

Անշուշտ, ես երբեք Ամերիկա չեմ տեղափոխվի կամ այլ երկիր, իմ տեղը և կյանքի մնացած հատվածը նույնպես աշխարհի ամենասիրելի երկիրն է՝ Հայաստանը և իմ գյուղը, որտեղ ապրում եմ:

Այս անգամ բացահայտեցի ինձ համար, որ Ամերիկան չբնակեցված պետություն է, ավելի ճիշտ՝ եթե հանում ենք Արևելյան և Արևմտյան ափերի նեղ շերտը, Թեքսասն ու Իլինոյիսը, մնացյալ հատվածում բնակչությունը շատ ծանծաղ է, իսկ որոշ նահանգներում վարում ես հարյուրավոր կիլոմետրեր և հատուկենտ բնակավայրեր են հանդիպում:

Ամերիկան ունի շուրջ 300 միլիոն բնակչություն, բայց կարող է տեղավորել և կերակրել հավանաբար երեք միլիարդ մարդու:

Փետրվարի 19-ի երեկոյան հասա Լոս Անջելես: Ամեն ինչ կարգին է: Հասել եմ ժամանակին, մեքենան որևէ խնդիր չի առաջացրել, տանջող գլխացավեր չեմ ունեցել, հանդիպում-քննարկումներն անցել են լավ… Հաջորդ առավոտյան Պանարամա Սիթիից ինձ վերցրեց Ռաֆայել Թումանյանը՝ Ներսես Թումանյան որդին: Ներսեսի հետ ծանոթացել եմ նախորդ այցելություններից մեկի ժամանակ: Փալոս Վերդես արվարձանում, որտեղ բնակվում ու գործունեություն է ծավալում, մեկ ժակ անցկացնելուց հետո Ներսեսը ինձ հասցրեց օդանավակայան:

Լոս Անջելեսից վերադարձը դեպի Ֆրանկֆուրտ շատ թեթև էր: Մի քանի ժամ օդանավում ճամփորդական այս նոթերի վրա աշխատելուց հետո քնելու ցանկություն ունեցա: Սովորաբար, օդանավերում դժվարանում եմ քնել: Երբ աչքերս բացեցի, օդանավն արդեն մոտենում էր մայրցամաքային Եվրոպային: Առնվազն մի քանի ժամ քնել էի ու շատ թարմ էի, թվում էր, թե ես չեմ կտրել Ամերիկան ծայրից ծայր: Օվկիանոսը կտրելու ընթացքում քնելը հեշտացնում և կրճատում է ճանապարհը:

Ֆրանկֆուրտից՝ Մյունխեն

Ֆրանկֆուրտի օդանավակայանից հասա կենտրոնական կայարան և արագընթաց գնացքով ուղևորվեցի դեպի Մյունխեն՝ Բավարիա: Մոտ չորս ժամ անց հասա Մյունխեն: Ինձ դիմավորելու էին եկել Աշոտ Մարտիրոսյանն ու Վիկտոր Ջաղացպանյանը:

Մյունխեն մեկնելու առաջարկը ստացել էի Աշոտից և համաձայնվել: Նախկինում մեկ անգամ՝ 2019 թվականին, մի քանի ժամով եղել էի ֆուտբոլային այս քաղաքում:

Աշոտը, Վիկտորը և նրանց երրորդ սենյակակիցը՝ Տիգրան Հովհաննիսյանը, IT ոլորտի մասնագետներ են: Երկու գիշեր նրանց հետ պետք է մնայի նրանց վարձակալած բնակարանում: Երկու հաճելի երեկոներ ունեցանք ու քննարկեցինք Հայաստանը, ինչպես լինում է նման դեպքերում: Նաև որոշ ժամանակ ունեցա նրանց  հետ քայլել քաղաքի կենտրոնական, պատմական հատվածում:

Փետրվարի 22-ի երեկոյան երկու տասնյակ հայ ուսանողների և Մյունխենում ու շրջակայքում աշխատող հայաստանցիների հետ ունեցա հանդիպում-քննարկում, որից հետո միասին ընթրեցինք քաղաքի ճաշարաններից մեկում:

Մյունխենից` Բեռլին

Բեռլինի «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, որ ինձ հրավիրել էր հանդիպման հայ համայնքի հետ, նախօրեին, երբ Մյունխենում էի, գրել էր, որ փետրվարի 23-ի առավոտյան Բեռլինի երկաթուղային կայարանում ինձ դիմավորելու է դպրոցի սաներից մեկի հայրիկը՝ Մովսեսը:

Արագընթաց գնացքը հասնում էր Բեռլին, երբ զանգ ստացա Մովսեսից: Նա բացատրեց, թե որտեղ է ինձ դիմավորելու: Մովսեսը Բեյրութից է, 1982-ին տեղափոխվել և հաստատվել Գերմանիայում:

Ես ու Մովսեսը չէինք կարողանում իրար գտնել: Այո, լինում են դեպքեր, երբ ես կորցնում եմ օրիենտացիան և ժամերով չեմ գտնում այն, ինչ անգամ շատ ծանոթ է: Մովսեսը անդադար զանգում էր և բացատրում: Կես ժամ հետո մտածեցի, որ հավանաբար սխալ կայարանում եմ իջել:

Այդպես էլ եղավ: Ես իջել էի ոչ թե Բեռլինի կենտրոնական մեծ կայարանում, այլ Գերմանիայի մայրաքաղաքի արվարձանում: Քսանհինգ րոպես անց Մովսեսը եկավ ու գտավ ինձ: Նրա դեմքին հեռվից նկատեցի շատ ջերմ ժպիտ:

Բեռլինի հայերի հետ հանդիպումից, իմ հեղինակած հատորները ստորագրելուց հետո, Լիլիթը ինձ հասցրեց կենտրոնական կայարան, որտեղ պետք է իջնեի մի քանի ժամ առաջ: Բեռլինի կենտրոնական կայարանը բովականին մեծ է: Ընդհանրապես, Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը շատ տարածված է:

Մինչև իմ գնացքը կշարժվեր դեպի Քյոլն, մեկ ժամից ավելի ժամանակ կար: Պայմանավորվել էի հանդիպել Սոնա Նազարյանի հետ: Սոնան տարիներ բնակվում է Գերմանիայի մայրաքաղաքում: Նրա հետ 2008 թվականից մինչև 2013-ը կամ 2014-ը աշխատել եմ Սիվիլիթաս հիմնադրամում: Հաճելի էր երկար տարիներ անց նրա հետ սուրճ խմել, զրուցել ու հիշել մոտիկ անցյալը: Սոնան օգնեց, որ նստեմ ճիշտ գնացքը:

Բեռլինից` Քյոլն

Իմ երեքշաբաթյա ճամփորդության վերջին երեք օրերը անց էի կացնելու Քյոլնում: Ինչպես նախորդ այցելության ժամանակ, որ 2019 թվականին էր, ինձ հյուրընկալեց Գնունի Կարապետյանը: Երեք գիշեր մնացի նրա վարձակալած բնակարանում: Միասին լավ ժամանակ անցկացրեցինք, հանգստացանք, զրուցեցինք Հայաստանից ու Գերմանիայից: Գնունին աշխատում է Քյոլնի մերձակա քաղաքներից մեկում:

Փետրվարի 25-ի երեկոյան Քյոլնի Հայ համայնքի սրահում, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի կազմակերպությամբ և ներկայությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, հանդիպում-քննարկում ունեցա մի քանի տասնյակ հայերի հետ:

Քյոլնի հանդիպումով ավարտեցի իմ երեքշաբաթյա ճամփորդությունը ԱՄՆ-ում և Գերմանիայում: Փետրվարի 26-ի կեսօրին հասա Քյոլնի տաճարի հարևանությամբ գտնվող երկաթուղային կայարանը, տոմս գնեցի և մեկուկես ժամ անց հասա Ֆրանկֆուրտի օդանավակայան, որտեղից իմ վերադարձն էր տուն՝ Հայաստան:

Շնորհակալություն իմ ընկերներին, հետևողներին ու բարեկամներին, որոնք անշահախնդիր կերպով օգնեցին ինձ և միշտ ճիշտ ճանապարհ ցույց տվեցին: Ինձ լսելու էին եկել Հայաստանի ապագայով մտահոգ, Հայաստանով ամեն պահ ապրող, խելացի, կայացած, հաջողված մարդիկ:

Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք.

Մինաս Խոդաղուլյանին՝ Օրինջ քաունթի, Կալիֆոռնիա,

Լերմոնտ Խաչիկյանին՝ Բըրբենք, Կալիֆոռնիա,

Ֆիլ Գամաղելյանին և տիկնոջը՝ Սան Դիեգո, Կալիֆոռնիա,

Արտյոմ Խաչիկյանին և ընտանիքին՝ Պանարամա սիթի, Կալիֆոռնիա,

Թամար Քըլըջյանին և ընտանիքին՝ Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա,

Զավեն Սարգսյանին և ընտանիքին՝ Սոլթ Լեյք Սիթի, Յութա

Հովիկ Օհաննես Մկրտչյանին՝ Սոլթ Լեյք Սիթի, Յութա,

Հրայր Բալյանին, Ատլանտա, Ջորջիա,

Գոռ Մխիթարյանին, Շառլոտ, Հյուսիսային Կառոլինա,

Արամ Գրիգորյանին, Շառլոտ, Հյուսիսային Կառոլինա,

Պիեռին, Շառլոտ, Հյուսիսային Կառոլինա,

Հարութ Հարոյանին և Լիաննա Մեսրոպյանին՝ Բեթեսդա, Մերիլենդ,

Արմեն Պողոսյանին և տիկնոջը՝ Արմինեին, Բրուկլին, Նյու Յորք,

Ռուբեն Խաչատրյանին և տիկնոջը՝ Լորային, Յեյլի համալսարան,

Փոլ Շահինյանին և ընտանիքին՝ Նյու Ջերսի,

Քեն և Ռիչարդ Սարաջյաններին՝ Նյու Ջերսի,

Աշոտ Մարտիրոսյանին, Վիկտոր Ջաղացպանյանին և Տիգրան Հովհաննիսյանին՝ Մյունխեն, Բավարիա,

Լիլիթ Հակոբյանին՝ Բեռլին,

Տ․Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին՝ Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ,

Գնունի Կարապետյանին՝ Քյոլն, Գերմանիա,

Րաֆֆի Պետիկյանին՝ Էսսեն, Գերմանիա,

Երվանդ Խոսրովյանին՝ Դորտմունդ, Գերմանիա,

ինչպես նաև ինձ լսելու եկած և տարբեր ձևերով օգնած բոլոր մարդկանց:

Թաթուլ Հակոբյան

Երևան-Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես-Սան Դիեգո- Սան Ֆրանցիսկո-Սոլթ Լեյք Սիթի – Շառլոտ- Վաշինգտոն-Նյու Յորք- Նյու Հեյվն- Նյու Ջերսի – Ատլանտա- Լոս Անջելես-Ֆրանկֆուրտ- Մյունխեն -Բեռլին-Քյոլն- Ֆրանկֆուրտ- Երևան, 6-27 փետրվարի, 2025