Երևանի նահիեն 1590 թ. օսմանյան հարկացուցակում. Գեորգի Միրզաբեկյան

5167

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի փոխհարաբերությունները միջնադարում հիմնականում աչքի են ընկել իրենց բարդությամբ: Բացառություն չէր XVI դարը, երբ միմյանց միջև մղվող ռազմական գործողությունները հաճախակի բնույթ էին ստացել: Դրանք իրենց արտացոլումը գտան նաև նույն դարաշրջանի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունը, օգտվելով Սեֆյան Իրանի ներքին անկայուն իրավիճակից1, 1578-1590 թթ. ծագած նոր պատերազմում լուրջ առավելության հասավ մրցակցի նկատմամբ, որի արդյունքում սուլթանական բանակը կարողացավ գրավել Այսրկովկասը և Ատրպատականը՝ Թավրիզի հետ միասին2:

Օսմանյան կայսրությունը գրավյալ տարածքներում, որի մեջ էր նաև պատմական Հայաստանի արևելյան մասը, սովորույթի համաձայն՝ կարճ ժամանակամիջոցում նախաձեռնեց ընդարձակ հարկացուցակների՝ աշխարհագիր մատյանների (թահրիր դեֆթերի3) հաշվառում: Այդ տրամաբանությամբ է կազմվել 1590 թ. Երևանի վիլայեթի ընդարձակ հարկամատյանը4, որի անքակտելի մաս է կազմել Երևանի նահիեն(հայերեն համարժեքը՝ գյուղախումբ6): Դրա ուսումնասիրությունը աղբյուրագիտական կարևոր արժեք է ներկայացնում, որի շնորհիվ կարելի է մեծ ճշգրտությամբ պարզել նահիեի հարկատուների և ընտանիքների թիվը, էթնիկ կազմը, սոցիալ-տնտեսական դրությունը, սահմանված հարկերը և մի շարք կարևոր այլ հարցեր:

Երևանի նահիեն ըստ 1590 թ. օսմանյան ընդարձակ հարկացուցակի՝ բաղկացած է եղել քաղաքիցև նրան ենթակա գյուղերից8: Օսմանյան իշխանավորներն առաջին հերթին գրանցել են քաղաքում անցկացրած աշխարհագրի արդյունքները: Նյութի քննությունը ցույց է տալիս, որ քաղաքում գրանցվել է 29 մահմեդական հարկատու9: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց շրջանում ամուրիներ չեն եղել, ուստի եղել է նույնքան ընտանիք:

Նրանց թվարկումից հետո անցում է կատարվում քաղաքի ոչ մահմեդական՝ քրիստոնյա բնակչությանը, որոնց անձնանունների ճնշող մեծամասնությունը հայկական էր: Հարկացուցակից պարզ է դառնում, որ քաղաքը այդ ժամանակ բաժանված է եղել թվով 6՝ Մարտիրոսի, Միրզայի, Քուչեք Քայքըի, Իսալուի, Բուրանջա Օհանի և Դերեգույի թաղերի միջև, ուր բնակվել է տեղի քրիստոնյա բնակչությունը10: Աշխարհագրի ուսումնասիրությունից պարզվում է, որ ամենաշատ հար-կատուներով աչքի ընկած թաղը Քուչեք Քայըն էր, որտեղ հարկատուների թիվը հասել է 94-ի: Ինչ վերաբերում է մնացյալ թաղերի ժողովրդագրական տվյալներին՝ ապա Մարտիրոսի թաղում 1590 թ. դրությամբ արձանագրվել է 89, Միրզայի թաղում՝ 48, Իսալուի թաղում՝ 51, Բուրանջա Օհանի թաղում՝ 54, իսկ Դերեգույի թաղում՝ 41 հարկատու:

Այդպիսով, Երևան քաղաքի օսմանյան հարկացուցակում գրանցված քրիստոնյաների թիվը ընդհանուր կազմել է 377 մարդ, որոնցից 4-ը եղել են ամուրի11: Հետևաբար ստացվում է, որ քրիստոնյա ընտանիքների թիվը 373-ն էր:

Հարկ է նշել, որ գրանցված հարկատուների շրջանում հանդիպում են անձնանուններ, որոնք հանդես են գալիս առանց հայրանվան: Ընդ որում՝ այդ իրողությունը հանդիպում է ինչպես քրիստոնյա բնակչության, այնպես էլ մահմեդական-ների պարագայում: Հավանական է, որ այն պայմանավորված էր անհրաժեշտ տեղեկությունների պակասով:

Բնակչության թվարկումից հետո նշվում են բոլոր այն այգիները, որոնք մշակվել են իշխանություններին մաքթու12 վճարելու պայմանով: Այդ վճարումների չափը խիստ փոփոխական է եղել, ինչից կարելի է ենթադրել, որ տիրապետած այգիների մեծությունը և հետևաբար շահութաբերությունը տարբեր էին: Բացի այդ, հան-դիպում է, որ հարկատուն միաժամանակ մշակել է մի քանի այգի և ոչ թե մեկը13: Աշխարհագրի տվյալների համաձայն, Երևան քաղաքում կար շուրջ 406 այգի և 4 կես այգի14: Հատկանշական է, որ այգի ունեցողների թվում նշվում է Քըզըլ վանքը, որը, ըստ օսմանյան իշխանությունների, հայտնի է եղել նաև Խաչլու անվամբ15:

Ի թիվս այգիների, նշված է նաև 1 չիֆթ16 և 12 պարտեզ17: Մասնավորապես չիֆթի մասին արված գրությունից կարելի է իմանալ, որ այն գտնվել է Վեդիում և պատկանել է ոմն Սալեհբեյի, որի համար նա որպես հարկ վճարել է բերքի տասանորդը18:

Կարևոր են նաև ջրաղացների մասին տեղեկությունները: Դրանք քաղաքում 19 հատ էին19, որից 1-ը եղել է ավեր վիճակում20: Հատկանշական է, որ երկու ջրաղաց պատկանել է Սալեհբեյին21:

Երևան քաղաքից հետո անցում է կատարվում դրան ենթակա թվով 89 գյուղի տվյալներին22: Ըստ աշխարհագրի հաջորդականության՝ այդ բնակավայրերից են եղել Նորագեղը, Գյոքքենդին, Արյադը (՞), Զանգին, Յենիջեն, Հաջ Էլիասը, Միրզա Քուբարը (՞), Քոլլարան, Ողջաբերդը, Ջուրբաշը, Քըզըլքալան, Քանաքեռը, Շերբաբը, Զաքը, Զաքավանքը, Ավանը, Առինջը, Նորքը, Գեթուզան (՞), Արզնին, Նուրնուսը, Եղվարդը, Քամրանիշը, Էյլադը, Բելղովանը, Թաջարաբեյը, Թոթվան, Զառը, Մունլա Հասանը, Գելլուջան, Հասան Ավարը23, Քըզըլվիրանը, Ջաբաջիլուն, Թամե Գիրմեզը, Առաքելը, Դիբաքլուն, Դիմաշքը, Քամալ Դերվիշը, Օզանարը, Ջիգրաշենը, Բեդղոսը, Գյոքքիլիսեն, Քան Քանը, Աղվերանը, Ջիք Խաջին, Թամջիլուն, Քարաքալեն, Աղաչուրումը, Քավիսը, Աքրաքը, Բալուջան, Արամուսը, Արախուսը, Քոջա Ահմադը, Շուշադը, Զավիյեն, Շաշք Գերեքը, Քարաջավիրանը, Աղասուրը, Քըշլաք Աբվադը, Աշադուշթը, Դոքուզ Բենին, Գյոքչաբեյլուն, Սիսքերդը, Քըշլաք Խոշալուն, Քըշլաք Թուբաթլուն, Մոլա Խազարը, Քըշլաք Հաջի Բարամը, Աղչաքալան, Ավիսբեյլուն, Դեմուրջիլուն, Լալեն, Քարաքըշլան, Փուրսուքլուն, Վիրան Աբդալը, Խազադլուն, Շեյխզադլուն, Թաշջիլուն, Քարա Քուբաթլուն, Յավալլուն, Իբրահիմ Սոլունան Քըշլաղը, Ղալ Բիսթամը, Յայջը Շահվարդին, Մուրադ Ալին, Քըշլաք Մուրադը, Թիրջանլու Քըշլաղը, Փերվանեսը, Թիր Խարաբը և Քիրքալասըն: Բնակավայրերի շրջանում նշված է նաև 4 մազրայե24:

Հատկանշական է, որ նշյալ բնակավայրերի շրջանում մեծ թիվ են կազմել չբնակեցված գյուղերը: Ըստ օսմանյան աշխարհագրի հաջորդականության՝ դրանց թվին են դասվել՝ Արյադը (՞), Զանգին, Քոլլարան, Քըզըլվիրանը, ինչպես նաև Թոթվային հաջորդող բոլոր գյուղերը՝ բացառությամբ՝ Հասան Ավարի և Ջեբեջիլուի: Արդյունքում ստացվում է, որ բնակչության տվյալներով աչքի ընկած գյուղերը եղել են ընդամենը 25-ը:

Նահիեին վերաբերող հաջորդ կարևոր հատվածը վերաբերում է ժողովրդագրական տվյալներին: Աշխարհագրի քննությունը ցույց է տալիս, որ գյուղերում զգալի է եղել ինչպես մահմեդականների, այնպես էլ քրիստոնյաների ներկայությունը: Նրանք ապրել են և՛ առանձին, և՛ միևնույն գյուղերում:

Միայն քրիստոնյա հարկատուներով էր բնակեցված 13 գյուղ: Դրանց թվին են պատկանել՝ Ջուրբեշը (18 անձ), Շերբաբը (10 անձ), Զաքը (79 անձ), Զաքավանքը (9 անձ), Ավանը (56 անձ), Առինջը (71 անձ), Նորքը (37 անձ), Գեթուզան (՞) (8 անձ), Նուրնուսը (25 անձ), Եղվարդը (29 անձ), Քամրանիշը (16 անձ) Էլյադը (9 անձ) և Բելղովանը (25 անձ):

Սոսկ մահմեդաբնակ գյուղերը 5-ն էին: Դրանցից են եղել Հաջ Էլիասը (10 անձ), Ողջաբերդը (20 անձ), Թոթվան (4 անձ), Հասան Ավարը (3 անձ) և Ջեբեջիլուն (2 անձ) գյուղերը:

Ինչ վերաբերում է մնացյալ գյուղերին, որոնք աչքի են ընկել խառը բնակչությամբ, ապա պատկերը հետևյալն է՝ Նորագեղում արձանագրվել է 1 մահմեդական, 46 քրիստոնյա, Գյոքքենդիում՝ 2 մահմեդական, 32 քրիստոնյա, Յենիջեյում՝ 4 մահմեդական, 3 քրիստոնյա, Միրզա Քուբարում՝ 5 մահմեդական, 37 քրիստոնյա, Քանաքեռում՝ 18 մահմեդական, 220 քրիստոնյա, Արզնիում՝ 2 մահմեդական, 25 քրիստոնյա, Թաջարաբեյում՝ 4 մահմեդական և 14 քրիստոնյա:

Նկատելի է, որ հարկատուների թվով ամենամեծ գյուղը Քանաքեռն էր: Ժողովրդագրական տվյալների համաձայն՝ գյուղերում ընդհանուր հաշվառված են եղել 769 քրիստոնյա և 75 մահմեդական26: Հատկանշական է, որ ի տարբերություն մահմեդականների՝ քրիստոնյա բնակչության շրջանում որևէ ամուրի արձանագրված չէ: Ինչ վերաբերում է մահմեդականների շրջանում ամուրիների թվին, ապա այն 4-ն էր:

Նահիեի բնակավայրերը հարուստ են եղել հողատարածություններով, չիֆթերով, պարտեզներով և հատկապես այգիներով, որոնց թիվը անհամեմատ ավելի շատ էր մյուսներից: Կարելի է հաշվել ընդհանուր 7 հողատարածք, 14 չիֆթ, 16 պարտեզ և շուրջ 590 այգի: Ամենաշատ այգիները եղել են բնակչության թվով նահիեի ամենամեծ գյուղում՝ Քանաքեռում, ուր կարելի է հաշվել 281 այգի27: Ըստ քանակի՝ դրան հաջորդել են Առինջի28 (91), Զաքի29 (71) և Ավանի30 (63) այգիները: Ինչ վերաբերում է մնացած գյուղերում արձանագրված այգիներին, ապա դրանց թիվը խիստ փոփոխական է եղել:

Երևանի գյուղերի հարկաբաժիններում գրանցվել են նաև ջրաղացներ և ձիթհաններ: Ընդհանուր հաշվարկի տվյալներով՝ ջրաղացները գյուղերում եղել են 44-ը, որից 11-ը չեն գործել: Ամենաշատ ջրաղացները գրանցված են Քանաքեռում, որտեղ 9 ջրաղացից միայն 1-ը չի գործել31: Նահիերում նկատելի է նաև ձիթհանների առկայությունը, որոնք ընդամենը 4-ն էին և գտնվում էին գյուղերում: Նրանցից միայն երկուսն է գործող եղել: Բացի այդ, գրանցվել է նաև շուրջ 9 յայլաք32, որի մասին տեղեկանում ենք գյուղերին վերաբերող հարկացուցակի վերջին հատվածերից:

Երևանի նահիեի ուսումնասիրության համատեքստում հատուկ կարևորություն են ներկայացնում բնակավայրերից սահմանված հարկատեսակների ուսումնասիրությունը՝ իրենց դրամաչափերով:

Երևան քաղաքում հարկեր են սահմանվել իսփենջի33, դյոնումի34, ցորենի, գարու, բրնձի, կորեկի, ոսպի, բամբակի, այգիների մաքթուի, փեթակի, բանջարանոցների, խոտի, արոտի, քըշլաքի, ոչխարների, դաշտապահության և հողի թափուի35, հարիջի36, բադհավայի37 և հարսնության, ջրաղացների դիմաց գանձվող միջոցներից38:

Երևանի գյուղերում ոչ միայն առկա են վերոնշյալ բոլոր հարկատեսակները, այլ նաև հանդիպում են մի քանիսը, որոնք բացակայում են բուն քաղաքում: Դրանք են՝ չիֆթիբեննաքի39, ջաբայի, մրգի, սիսեռի, քաղցուի և ձիթհանների դիմաց սահմանված հարկերը: Կարելի է եզրակացնել, որ առաջին երեք հարկի բացակայությունը քաղաքում պայմանավորված է համապատասխան հողաչափերի և սոցիալական խմբերի բացակայությամբ, իսկ մնացյալ հարկատեսակների բացակայությունը քաղաքում՝ ցույց է տալիս, որ դրանք տարածված չեն եղել և չեն մշակվել ու շահագործվել բնակչության կողմից:

Հարկերի քննությունից պարզվում է, որ Երևանի նահիեի սոցիալ-տնտեսական վիճակի համար առավել մեծ նշանակություն են ունեցել ցորենի, գարու, բամբակի, բրնձի, ինչպես նաև այգիների մաքթուի դիմաց գանձվող հարկերը, քանի որ դրանց հարկադրույքները սովորաբար աչքի են ընկել իրենց բարձր արժեքով:

Ուշագրավ է, որ օսմանյան իշխանությունները Երևանի նահիեի որոշ հարկերի դիմաց հատկապես ըստ մեկական քիլեի40՝ հստակ դրամաչափեր են սահմանել: Այսպես օրինակ՝ ցորենի և գարու ամեն մի քիլեից սահմանվել է համապատասխանաբար 8-ական և 6-ական աքչե40: Նույն հարաբերակցությունն է նկատվում նաև ոսպի և կորեկի բերքի պարագայում: 8 աքչե է գանձվել նաև սիսեռի յուրաքանչյուր քիլեից, այնինչ բրնձինը գնահատվել է 30 աքչե: Հավանաբար, այդ արժեքների տարբերությունը պայմանավորված է եղել դրանց մշակության տարածվածության աստիճանով: Ի դեպ, եթե ըստ մեկական քիլեի՝ հստակ սահմանվել էին ցորենի, գարու, բրնձի և այլ հարկերի արժեքը, նույնը չի կարելի ասել բամբակի կշռի միավորի՝ մանի41 մասին, որը ամենևին հաստատուն չի եղել:

Նահիեում կայուն սահմանված դրամաչափերը վերաբերում են նաև ջրաղացներին և ձիթհաններին: Երևանի նահիեում ջրաղացների դիմաց գանձվել է 30, կամ 60 աքչե: Հիմք ընդունելով 1590 թ. Երևանի վիլայեթի քանուննամեի  (օրի-նամատյան42) համապատասխան դրույթը, ըստ որի՝ հիշյալ վարչաքաղաքական միավորում յուրաքանչյուր ջրաղացի դիմաց ամսական սահմանվում էր գանձել 5 աքչե43 ուստի կարելի է եզրակացնել, որ 30 և 60 աքչեները պայմանավորված են եղել կես կամ ամբողջ տարվա հնարավոր շահագործման պայմաններով: Կարևոր է ընդգծել, որ Երևան քաղաքում բոլոր ջրաղացները նախատեսվել են բոլոր ամիսների համար44: Ինչ վերաբերում է ձիթհանների հարկադրույքին, ապա այն կազմել է 60 աքչե:

Երևանի նահիեի հարկերի ուսումնասիրությունը ենթադրում է նաև ընդհանուր հարկաչափերի լուսաբանում: Քննության առարկա նյութից պարզվում է, որ Երևան քաղաքից ընդհանուր հարկադրույքը կազմել է 150000 աքչե: Ինչ վերաբերում է գյուղերի ընդհանուր հարկաչափերին, ապա ամենաբարձր հարկաչափով աչքի է ընկել Միրզա Քուբարը (՞), որի դիմաց սահմանվել է 110000 աքչե: Մյուս բնակավայրերի ընդհանուր դրամաչափերը տատանվում են 10000-ից 50000 աքչեի միջև: Հիշյալ գյուղի օրինակը փաստում է, որ ընդամենը 42 հարկատու ունեցող բնակավայրը մնացյալ գյուղերի շրջանում աչքի է ըկել ամենամեծ սոցիալ-տնտեսական ներուժով:

Այսպիսով, 1590 թ. Երևանի նահիեի օսմանյան ընդարձակ հարկամատյանը կարևոր սկզբնաղբյուր է XVI դարի Հայաստանի արևելյան հատվածի պատմության համար: Դրա շնորհիվ կարելի է ուսումնասիրել ժամանակի քաղաքը և շրջակա բնակավայրերը՝ պարզել բնակչության էթնիկ կազմը, ընտանիքների քանակը, բնակելի և դատարկված գյուղերը, քննել նրանց տիրապետած տնտեսությունները և վերլուծություն ենթարկել կենտրոնական իշխանությունների սահմանած հարկերն ու դրույքաչափերը:

* * *

  1. Пигулевская Н. В., Якубовский А. Ю., Петрушевский И. П., Строева Л. В., Беленицкий А. М., История Ирана с древнейших времен до конца XVIII века, Ленинград, 1958, стр. 264.
  2. Զուլալյան Մ. Կ., Արևմտյան Հայաստանը XVI- XVIII դդ., Երևան, 1980, էջ 52:
  3. Սահակյան Լ., Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Երևան, 2007, էջ 4:
  4. T.C. Başbakanlık Osmanlı Arşivi, TT_d, sıra nu: 0633, Tapu Tahrir Defteri (այսուհետև՝ BOA, 0633).
  5. BOA, 0633, ss. 24-65.
  6. Մելքոնյան Ա., Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին, Երևան, էջ 66:
  7. BOA, 0633, ss. 24-35.
  8. Նույն տեղում, էջ 35-65:
  9. Նույն տեղում, էջ 24:
  10. Նույն տեղում, էջ 24-28:
  11. 2-ական ամուրի արձանագրված են առաջին և երկրորդ թաղում:
  12. Բառացի նշանակում է որոշակի, կտրված: Այսպես էին կոչվում այն հարկերը, որոնք յուրաքանչյուր տարի կանոնակարգված ձևով առանց հաշվի առնելու բերքի քանակն ու պայմանները, նախապես որոշված հատուկ գումարով գանձվում էին պետության կամ հողատեր ֆեոդալի օգտին: Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (XVI- XVII դդ. Քանուննամեներ), թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Ա. Խ. Սաֆրաստյանի և Մ. Կ. Զուլալյանի, Երևան, 1964, էջ 134: (այսուհետև՝ Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում):
  13. Այգիների, պարտեզների քանակի միավորը օսմանյան փաստաթղթերում “է: Չորս կողմից սահմանագծված յուրաքանչյուր այգի դիտվում էր որպես 1 միավոր և անվանվում «1 կտոր»: Փափազյան Հ., Այգիներն ու այգետեղերը ըստ հայերեն և պարսկերեն կալվածագրերի, Երևան, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 1, 1982, էջ 66:
  14. BOA, 0633, ss. 28-34.
  15. Նույն տեղում, էջ 34:
  16. Պարսկերեն ջոֆթ բառից, որը նշանակում է զույգ: Չիֆթը կամ չիֆթը այն հողակտորն էր, որը հնարավոր էր մշակել մի զույգ եզան միջոցով: Ըստ Երևանի վիլայեթի 16-րդ դարի չափը բարձր բերքատվությամբ աչքի ընկնող տեղի (تفچمات) քանուննամեի՝ ամբողջական չիֆթի չափը բարձր բերքատվությամբ աչքի ընկնող տեղի համար հավասար է եղել 80, միջին տեղում՝ 100, իսկ վատ տեղում՝ 130 դյոնումի (1 դյոնումը՝ երկարությամբ և լայնությամբ՝ 40 քայլ): Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 136, BOA, 0633, s. 6.
  17. Նույն տեղում, էջ 32-34:
  18. Նույն տեղում, էջ 34:
  19. Օսմանյան աշխարհագրում, ի տարբերություն այգիների, պարտեզների քանակը բնորոշող եզրույթի, ջրաղացների և տարատեսակ շինությունների համար կիրառվել է «բաբ» ձևը, որը բառացի նշանակում է գլուխ, դուռ:
  20. Հարկամատյանում չգործող ջրաղացների համար հանդիպում է «խարաբ» բառը, որը թարգմանաբար նշանակում է՝ ավեր, ավերակ (այսուհետև՝ չգործող):
  21. BOA, 0633, s.
  22. BOA, 0633, ss. 35-66.
  23. Այն հայտնի է եղել նաև՝ Փալասլու անվամբ:
  24. Yıldız S. (H.984) 1576-1577 Tarihli Timar Ruznamçe Defterinde Göre Karaman Eyaleti, Yüksek Lisans Tezi, Konya, 2010, s 113.
  25. BOA, 0633, ss. 40-42.
  26. Նույն տեղում, էջ 42-45:
  27. Նույն տեղում, էջ 51-52:
  28. Նույն տեղում, էջ 46-47:
  29. Նույն տեղում, էջ 49:
  30. BOA, 0633, s. 45.
  31. Արոտավայրերը բարձրանալիս ոչխարների համար գանձվող հարկ: Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 134:
  32. Այն վճարում էին ոչ մահմեդական հարկատուները չիֆթի հարկի դիմաց: XVI Երևանի վիլայեթի քանուննամեում յուրաքանչյուր չափահաս տղամարդուց ընդունված էր գանձել 25 աքչե: BOA, 0633, s. 5.
  33. Դյոնումի հարկը յողի օսմանյան չափ է։ Մեկ դյոնումը ըստ XVI դարի Երևանի վիլայեթի քանուննամեի՝ երկարությամբ և լայնությամբ 40 քայլաչափ հողային տարածությունն է:
  34. Թափուն Օսմանյան կայսրությունում հողաբաժին ունենալու իրավունքն էր, որը ստանում էր ֆեոդալից: Թափուի հիման վրա գյուղացին կախման մեջ էր ընկնում վերջինից: Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 132:
  35. Խոսքը այն հպատակի մասին է, որն իր ֆեոդալի տիրույթներից դուրս մեկ այլ տեղ հող ուներ:
  36. Եկամտի լրացուցիչ աղբյուրների հետամուտ լինելով՝ օսմանցի կառավարիչները տուգանում էին գյուղացիներին: Բադիհավան գանձվող տուգանքների և հարկի ընդհանուր անունն է: Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 128:
  37. BOA, 0633, s. 34.
  38. Խոսքը չիֆթ չունեցող ամուսնացած այն մահմեդական հպատակների մասին է, որոնց մշակության տիրույթը կես չիֆթից պակաս հողատարածքն էր: Կարելի է տարբերել՝ էքինլու և ջաբա (քարա) բեննաք: Առաջին խմբին պատկանողները տիրապետել են նշյալ չափի հողատարածքի, այնինչ ջաբաները զրկված լինելով որևէ հողակտորից՝ ուրիշների տիրույթներում կամ բանվոր էին աշխատում, կամ էլ այն շահագործում էին հողատիրոջից վարելահողի իրավունք ստանալուց հետո: Taşkın, Ü. Rüsüm-i Örfiye, Tarih Okulu, İzmir, sayı: XIV, 2013, ss. 59-60.
  39. Կշռի միավոր: Օսմանյան կայսրությունում ցորենի, ալյուրի 1 քիլեն հավասար էր 25.65 կգ: Տարբերվում էր գարու և բրնձի մեկական քիլեի չափը, որը համապատասխանաբար կազմել է՝ 22.25 և 12.8 կգ: Hinz W., İslam’da Ölçü Sistemleri, Çeviren: Sevim A., İstanbul, 1990, s 51.
  40. Արծաթե դրամի միավոր: Օսմաներեն նշանակել է սպիտակավուն: Օսմանյան աքչեները հավասար էին մեկ քառորդ դիրհեմ արծաթի, իսկ դիրհեմը հավասար էր 3.06 գրամի: Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 128:
  41. Կշռի միավոր: Մեկ մենը XVII -րդ դարում եղել է 2.9 կգ, իսկ XVIII դարում՝ 3 կգ: Bilge S. M.,Osmanlı Çağında Kafkasya 1454-1829 (Tarih-Toplum-Ekonomi), Istanbul, 2012, s. 511.
  42. Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, էջ 5:
  43. BOA, 0633, s. 4:
  44. Նույն տեղում, էջ 34:

ԳԵՈՐԳԻ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու