Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ հատորը, որի մեջ ներառվել են երկու հուշագրություններ՝ Եղիշե Քաջունու ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՎԱԾՈՂ ԶՈՐԱՄԱՍԸ և Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներից, վանեցի ՎԱՂԱՐՇԱԿ ՇԱՀԻՆՅԱՆԻ հարցազրույցը: Այս հատորը արդեն հրատարակվել է անգլերենով, ունեցել է երկու հրատարակություն: Առաջիկա ամիսներին այն հասանելի կլինի նաև արևելեհայերենով:
Ներկայացնում ենք մի հատված Անդրանիկի, նրա 3000-անոց զորամասի և ուղեկցող 20 հազար արևմտահայ գաղթականների օրագրությունից:
—
Հունիսի 17, 1918 թվական
Վաղ առավոտյան վաշտապետների և ձիավոր հարյուրապետերի սուլիչի ձայնը արթնացնում է բոլորին: Զինվորները դեռ քնատ են, շատերը կես գիշերվա մոտ են հազիվ հասել, մյուսները անձրևից դեռ խոնավ հագուստենրով են:
Այնուամենայնիվ, պետք է ճանապարհ դուրս գալ: Շուտով բոլոր վաշտերն ու ձիավոր հարյուրակները ճանապարհի իրենց տեղերն են գրավում, զորամասը մեկնում է Սուլթանբեկից:
Ճանապարհը զառիվեր է, երեկվա անձրևը ավելի է ցեխոտել և լպրծուն դարձրել: Բայց վերջին վերելքն է, այնուհետև միշտ դեպի ցած, դեպի դաշտ պետք է իջնենք: Դարալագյազի (Վայոց Ձոր) գավառը, որ բարձր է, պետք է վերջանա այսօր և պետք է մտնենք Նախիջևանի դաշտը՝ ավելի բարեբեր, ավելի տաք: Վերջին գագաթները, սակայն, մեր առջև մեծ հորիզոններ չեն բացում դեռ, որովհետև առջևում ևս փոքր բարձրություններ կան: Իջնում ենք ցած և հանդիպում Շատա թուրքական գյուղին, որի բնակիչները երկար ժամանակ առաջ հեռացել են:
Անվերջ ձորեր են, որոնց մեջ հայկական ու թուրքական գյուղեր են: Ճանապարհը հայկական Բադամլու գյուղի մոտով է անցնում:
Մեզանից ոչ մեկը ծանոթ չէ տեղանքին: Լեռնային փոքր ուժերի համար վտանգավոր տեղեր են: Հետևապես, մեզ հետ ունենք առաջնորդ:
Գիտենք, որ քիչ ավելի առաջ, կա թուրքական մեծ գյուղ՝ Սալասուզը, որի դիրքերը իշխում են ձորի և միաժամանակ՝ Նախիջևանի դածշտի վրա:
Որևէ ընդհարումից խուսափելու համար լուր ուղարկվեց, որ գյուղը որևէ թշնամական վերաբերմունք ցւոյց չտա, քանի որ զորմասը պետք է անցնի գնա:
Թուրքերը խոհեմ կերպով ընդունեցին մեզ և զորամասը «ուռա»-ների աղմուկով անցավ սպիտակ դրոշ պարզած գյուղի միջով: Որպեսզի հետևից եկող զինվորների և գաղթականների հետ որևէ տհաճ միջադեպ չպատահի, բոլորին ասվեց, որ գյուղում կանգ չառնեն և հարաբերություն չունենան տեղացիների հետ:
Սրտագրավ էր սակայն այն գրկախառնումը, որ տեղի էր ունենում մեզ հետ եկող հարևան հայ գյուղացիների և նույն գյուղի թուրքերի միջև, որոնք գրկախառնվելուց հետո փառք էին տալիս, որ դարձյալ գտել եմ միմյանց և պախարակում էին կռիվը, երկուստեք հայտնելով, որ կռվի ոչ մի պատճառ չկար:
Գյուղի վերևում մի քիչ հանգստանալուց հետո զորամասը ճանապարհ ընկավ և դարձվածով մտավ Նախիջևանի ընդարձակ, բարեբեր դաշտը: Աջ կողմում Ջեհր թուրքական գյուղի լեռներն են, ձախ կողմը՝ Քոլանիի, դիմացը՝ հեռվում, Պարսկաստանի լեռները, իսկ մեջտեղում՝ բուսականությամբ ճոխ բազմաթիվ հայկական և թուրքական գյուղեր: Տաքության պատճառով այս շրջանում խոտը ավելի քիչ է և պետք է նեղվենք ձիերի ուտելիքի համար:
Մինչև պարսկական սահմանագլուխը մեր ուղղությամբ եղած միակ թուրքական գիծը՝ Ջեհրի-Սալասուզ, արդեն անցել ենք: Մինչև պարսկական սահմանագլուխ հայկական շրջան է: Արի նախիջևանցիները անցնող գարնանը՝ ապրիլին, կազմակերպված փոքրաթիվ ուժով կարողացել էին ոչ միայն իրենց պաշտպանել, այլև թուրքերին ստիպել են հաշտություն խնդրել՝ անգամ հանձնելով իրենց ունեցած 12 թնդանոթների բանալիները՝ առաջարկ, որ խելացի հայ առաջնորդները վեհանձնորեն մերժել էին: Այդ ժամանակ հայերը մեկ թնդանոթով կռվել են թուրքական 12 թնդանոթի դեմ:
Քիչ առջևում հանդիպում ենք հայկական առաջին գյուղին՝ Խալխալ: Մի քիչ հանգստանալուց հետո ավելի առաջ ենք անցնում՝ Խալիլու, Շըխ-Մահմուդ հայկական գյուղերով: Բոլոր գյուղերում ոգևորված հուզմումքով և մեծ խանդավառությամբ դիմավորում են գյուղացիները՝ ծաղիկներ ցանելով հրամանատարի և զինվորների վրա ու փառք էին տալիս, որ վերջապես տեսան հայկական զորքը:
Խալիլու գյուղից արդեն սկսվեցին դիմավորությունները ուղերձները: Ազգային խորհրդի լիազոր Աշոտ Մելիք-Մուսյանը, զինվորական հրամանատար Երո Խարազյանը և այլն, և այլն: Բոլոր այս ուղեկիցներով, ձիավորների խումբը սկսեց սրընթաց առաջանալ դեպի Նախիջևան՝ իր հետևից ահագին փոշի բարձրացնելով:
Իբրև բանակատեղի, այս շրջանը՝ Այլապատը, մեծ հարմարություն ունի իր ռուսական հսկայական զորանոցներով և ձիերի ախոռներով: Հետևաբար, գիշերը Նախիջևան քաղաք չպետք է գնանք, այլ մնանք Այլապատում: Այդ գյուղից մինչև քաղաք հազիվ երեք վերստ է, իսկ շատ ետ մնացած հետևակները և ձիավորները պիտի գիշերեն մոտիկ գյուղերում:
Շքեղ ընդունելություն եղավ Այլապատում՝ զինվորական նվագախումբ և այլն:
Նոր Բայազետից այս կողմ մինչև Նախիջևան, որևէ հաղորդակցություն չունեցանք դրսի ածխարհի հետ: Հնար չկա: Ոչինչ չգիտենք, թե ինչ է կատարվում:
Հասնելով Այլապատ, առաջին անհրաժեշտությունն է իմանալ դրսի անցուդարձերի մասին: Բարեբախտաբար, Նախիջևանի շրջանը Կզնուտ գյուղում ունի անթել հեռախոսի կայան, որով կարելի է հարաբերության մեջ մտնել Երևանի հետ և այնտեղից տեղեկություններ ստանալ:
Ստացված լուրերը, սակայն, նպաստավոր չեն: Հաշտության պայմաների համաձայն, հայերը երկաթուղագիծը արդեն հանձնել են թուրքերին: Թուրքերը շտապում են հնարավորի շուտ Պարսկաստան զորք ուղարկել՝ թիկունքից հարվածելու Միջագետքի կամ Էնզելիով Բաքու առաջացող անգլիական բանակին: Լուր կա արդեն, որ հասել են Շախթախթ: Իսկապես, թուրքերը կոչ են ուղարկել Նախիջևանի տեղացի թուրքերին՝ քաջալերելով և հայտնելով, որ երեք օրից կլինեն Նախիջևանում:
Միաժամանակ լուր է ստացվել, որ երկու թուրք և մեկ հայ սպայից բաղկացած պատգամավորություն է եկել Նախիջևան՝ երկաթուղագիծը հանձնելու թուրքերին, բայց թուրքերը, լսելով Անդրանիկի և իր զորամասի այդ կողմը հասնելը, ետ են փախել:
Ուրեմն, երկաթուղագծով թուրքական զորքերի՝ զորամասին հետապնդելու վտանգը կարող էր իրական դառնալ: Այդ պատճառով, Անդրանիկը կարգադրեց, որ Շախթախթի և Նախիջևանի միջև գտնվող երկաթուղու կամուրջը և թունելները և մի քանի վերստ երկաթուղագծերը քանդվեն: Այդ նպատակով, ձիավորների մի խումբ գնաց գիշերային գործողության:
Կեսգիշերին լսվեց 3-4 պայթյուն: Հրամանը կատարված էր: Ուրեմն, զորամասը և Պարսկաստանի անգլիական զորքերի դրությունը ժամանակավոր կերպով ապահովված են: Թեև պետք է ասել, որ անգլիական ուժերի և դիրքերի մասին ստույգ ոչինչ չգիտենք և ոչ ոք չգիտի:














