Երեք կախաղան՝ Մեհմեդ Քեմալ, Հա‎‎ֆըզ Աբդուլլահ Ավնի, Բեհրամզադե Նուսրեթ

2327

1919թ. ապրիլի 10-ի երեկոյան Ստամբուլի Բայազետ հրապարակում պաշտոնյաների ու զինվորականների ներկայությամբ, որոնց` մահապատժի արարողությանը մասնակցելը պարտադիր էր, կախաղան էր բարձրացվում Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործներից Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալ բեյը: Դատավարության ընթացքում Քեմալը մասամբ ընդունել էր մեղքը, ասելով, որ ինքը ընդամենը բարեխղճորեն կատարել է կառավարությունից ստացված հրահանգը: Կախաղան հանվելուց առաջ ևս Քեմալը փորձել է արդարանալ նույն հիմնավորումով:

Հայոց ցեղասպանության անմիջական պատասխանատու օսմանյան տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներից մահապատժի ենթարկված մյուս երկու ոճրագործներն էին Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հա‎‎ֆըզ Աբդուլլահ Ավնին և Բաբերդի կառավարիչ, հետագայում Ուր‎ֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը, որոնց մահապատիժներն իրագործվել են համապատասխանաբար 1920թ. հուլիսի 22-ին և օգոստոսի 5-ին` Սևրի դաշնագրի ստորագրման նախօրեին: Ռազմական ատյանները խուսափել են մահվան դատապարտել մյուս մեղադրյալներին, քանի որ կախաղան բարձրացված Մեհմեդ Քեմալի մահապատիժը վրդովեցրել էր թուրքերին: Մահապատժի հաջորդ օրը կազմակերպված Քեմալի թաղման արարողությանը մասնակցել է ավելի քան տասը հազար մարդ:

Համաշխարհային հանրության ճնշման տակ Օսմանյան սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինը (1918-1922) և հաճախ փոփոխվող կառավարությունների ներկայացուցիչները շտապեցին պատժել Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918թ. դեկտեմբերից օսմանյան կառավարությունները կազմվում էին Իթթիհադի հակառակորդ և ժամանակին հալածված Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամներից:

Անգամ թուրքական մամուլն էր մտահոգությամբ գրում, որ Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպիչներին հարկադրված էր պատասխանատվության կանչում և որ դատավարությունների շարժառիթ էր ծառայել ոչ թե արդարության վերականգնումը, այլ ընդամենը Եվրոպայի առջև արդարադատ երևալու ցանկությունը. “Կառավարությունը տեղահանության և կոտորածների խնդրի կապակցությամբ դատարանին հանձնեց երեքից-հինգ հոգու: Մի՞թե խնդիրն այդքանով ավարտվում է: Ինչպե՞ս կարելի է տեղահանությունն ու կոտորածները սահմանափակել նման շրջանակում”: Ռե‎‎ֆի Ջևադ Ուլունայը մեկ այլ հոդվածում գրում է. “Միակ բանը, որ պարտավոր ենք անել, մի ողջ ժողովրդի դեպի բնաջնջում տարած մարդասպաններին պատժելն է”:

Ցեղասպանագետ Վահագն Տատրյանի խոսքերով` Հայոց ցեղասպանության վերաբերյալ գոյություն ունեցող բազմահատոր գրականության մեջ չափազանց քիչ տեղեկություններ կան զանգվածային կոտորածներն իրագործող գլխավոր ջարդարարների դեմ գործադրված պատժամիջոցների մասին. “Այն, ինչ կատարվեց 1919-1920 թթ. զինադադարի ժամանակ, խայտառակություն էր Թուրքիայի համար: Ջարդարարները թուրքական զինվորական ատյանի կողմից դատվեցին, մեղավոր ճանաչվեցին, մահվան դատապարտվեցին և կրեցին իրենց պատիժը: Հետպատերազմյան օսմանյան իշխանությունները մեծ դժկամությամբ և անթաքույց տագնապով համաձայնեցին կազմակերպել այդ զինվորական ատյանները: Դաշնակիցները տարբեր ձևերով հասկանալ էին տվել, որ եթե Թուրքիան չքավի մեղքերը և չպատժի հայերի կոտորածների գլխավոր պատասխանատուներին, առաջարկված խաղաղության պայմանները կարող էին բավական խիստ լինել”:

Հայոց ցեղասպանությունը իրագործվել է 1915թ. մայիսի 14-ի (27) նախարարական որոշումով: Այն երկու նպատակ էր հետապնդում. տեղահանության անվան տակ գործադրել ցեղասպանություն, այդ ոճիրի գործադրման համար իրավական հիմք ստեղծել: Այդ օրենքը, որ վավերացման համար 1915թ. սեպտեմբերին պետք է բերվեր Օսմանյան խորհրդարան, չէր բերվել: Զավեշտականն այն է, որ այդ օրենքը հայ պատգամավորների պնդումով խորհրդարանի վավերացմանն էր ներկայացվում ավելի քան երեք տարի անց` 1918թ. նոյեմբերի 4-ին, երբ հայերը բնաջնջված էին, իսկ Օսմանյան կայսրությունը` պատերազմում պարտված:

1918թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Օսմանյան խորհրդարանում ամենաշատ քննարկված խնդիրը դարձավ կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվողներին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հոկտեմբերի 19-ին վարչապետ Ահմեդ Իզզեթ փաշան խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագիրը, որում սակայն չէր ներառվել պատերազմի տարիների հանցագործությունները հետաքննելու հարցը: Քննադատություններին ի պատասխան Ահմեդ Իզզեթը հայտարարեց. “Մենք անպայման արդարադատություն ենք խոստանում”:

Լուսանկարում՝ Պոլսի (Ստամբուլ) Բայազիդ հրապարակը, որտեղ կախաղան հանվեց Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալ բեյը

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: