Գարեգին Նժդեհն իր կենսագրականում խեղաթյուրել է Դրոյի, Արցախի և Սյունիքի մասին դրվագները

3970

Գարեգին Նժդեհը իր կենսագրականում՝ գրված 1944-ի սեպտեմբերին Սոֆիայում, այսպիսի տեքստ է թողել․ «1920-ի կէսերին` Դրօի զորամասի կողմից Ղարաբաղն ու Զանգեզուրը լքելուց յետոյ` ստանձնել եմ բովանդակ Սիւնիքի ինքնապաշտպանութեան գործը: Մեր այդ` աշխարհից բացարձակապէս կտրւած լեռնաշխարհում առանց բաւարար հացի և ռազմամթերքի, առանց սպայական կադրի և արտաքին որևէ օգնութեան, քաղաքականապէս մենակ, շրջագծաձև ճակատի վրայ, աւելի քան մի տարի տևող անհաւասար ու յաղթական կռիւներով` Սիւնիքը – որը Հայաստանի կառավարութեան և Մոսկւայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքւած պայմանագրով յանձնւած էր Ադրբէյջանին – պարտադրում է իր կամքը Խորհրդ. իշխանութեանը, Միասնիկեանի օրով իր 1921, յունիս, դեկլարացիայով Սիւնիքը համարւում է կցւած իր մայր երկրին – Հայաստանին»:

Նժդեհի պնդումը՝ Դրոյի կողմից Արցախն ու Զանգեզուրը լքելու մասին, մեղմ ասած, պատմական խեղաթյուրում է։ Այս անխիղճ խեղաթյուրումը ապշեցնող է նախ ու նաև այն պատճառով, որ, ինքը՝ Նժդեհը, նույն այդ օրերին եղել է Արցախում և Դրոյի ու ևս երկու հայ ներկայացուցիչների հետ մասնակցել է Չանախչի գյուղում կազմակերպված քննարկմանն ու որոշում կայացնելուն։

Ադրբեջանի խորհրդայնացնումից հետո, որը տեղի ունեցավ 1920թ․ ապրիլի 28-ին, Բաքվից և Մոսկվայից վերջնագրային հեռագրեր էին հասնում Երևան։ Ռուս բոլշևիկներն ու նրանց դաշնակից Ադրբեջանը պահանջում էին, որ հայկական ուժերը հեռանան Արցախից։ Արցախահայության մի հատված՝ հիմնականում մանր բուրժուազիան և Շուշիի քաղաքային բնակչությունը, համաձայն էր Արցախը թողնել խորհրդայնացվող Ադրբեջանի կազմում՝ դա համարելով նոր ջարդերից խուսափելու միակ միջոց: Ավելի մեծ հատվածը՝ գյուղական բնակչությունը, լսել անգամ չէր ուզում: Շաբաթներ առաջ՝ 1920-ի մարտին, տեղի էր ունեցել Շուշիի հայության ջարդը և քաղաքի հայկական հատվածի ամբողջական ավերումն ու հրկիզումը։

Ահա այս պայմաններում, 1920թ․ մայիսի 24-ին Արցախում ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի, Դրոյի, Նժդեհի և գնդապետ Դմիտրի Միրիմանյանի խորհրդակցությունը Ավետարանոց, այն ժամանակ՝ Չանախչի գյուղում, որոշում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել տեղի հայ բոլշևիկներին՝ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ։

Քառյակի որոշումը՝ իշխանությունը հանձնել Արցախի բոլշևիկներին, այսօր դյուրին է քննադատել, սակայն իրականությունն այն է, որ ուժերն անհավասար էին: Ռուս բոլշևիկները և ազերի թուրքերն ու Օսմանյան բանակի մնացորդները կռվում էին արցախահայության դեմ, և Արցախի գյուղացիությունը չէր կարող հետ մղել ներխուժող ռուս-թաթար-թուրքական ուժերին:

Նժդեհը իր կենսագրականում մեղքը բարդում է Դրոյի վրա, երբ ինքը անձամբ մասնակցել է Արցախից հեռանալու որոշմանը և իր ուժերով Հադրութից հետ քաշվել դեպի Կապան։

Պատմական խեղաթյուրում է նաև Նժդեհի հետևյալ պնդումը․ «Հայաստանի կառավարութեան և Մոսկւայի ներկայացուցիչ Լեգրանի միջև կնքւած պայմանագրով Սիւնիքը յանձնւած էր Ադրբէյջանին»։ ՀՀ իշխանությունը 1918-1920 թթ․ չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը, Զանգեզուրը կամ Նախիջևանը համարվում է Ադրբեջանի մաս։

1920թ․ օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի վարչապետ Համո Օհանջանյանի պատվիրակներ Արտաշես Բաբալյանն ու Արշակ Ջամալյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը․․․ Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: ՌԽՖՍՀ-ն այս ժամանակավոր գրավումով մտադիր էր բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճերը խաղաղ լուծելու համար այն հիմքերով, որոնք սահմանվելու են ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև ամենամոտ ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրով»:

Այսպիսով, ՀՅԴ-ական ղեկավարությունը չի ստորագրել փաստաթուղթ, որով Սյունիքը, այն է՝ Արցախն ու Զանգեզուրը, Ադրբեջանի մաս են։ Ճիշտ է նաև, որ 1918-1920 թթ․ Արցախը չի եղել ՀՀ մաս, իսկ Զանգեզուրը 1919 թվականից եղել է ՀՀ մաս։ Այո՛, 1920-ի ամռանը բոլշևիկյան զորքերը գրավել են Գորիսը, բոլշևիկների դեմ Զանգեզուրի ժողովուրդը գրեթե մեկ տարի պայքար է մղել Նժդեհի գլխավորությամբ ու նաև Ալեքսանդր Մյասնիկյանի գործուն մասնակցությամբ Զանգեզուրը մնացել է Խորհրդային Հայաստանի կազմում։

Թաթուլ Հակոբյան